Էդուարդ Հարենց



Այդ կարմիր օրը
Մուսայիս դեռ հեթանոս տատերը
Դռնփակ գաղտնի քվեարկությամբ
Որոշել էին,
Որ ինն ամիս անց
Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
Բանաստե՛ղծը իրնեց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
Ուստի որոշեցին`
Դրախտի ծառերից
Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
Վերջին խնձորը–
Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…
Ութսունմեկի օգոստոսին–
Հայրս թթի օղի էր քաշում…

Նոբելյան բանախոսություն

Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ:
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո՛չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ`
Ե՛րգը խաչեցին Աստըծո վրա:
Աղոթքը գույնի նևրոզն է:
Ու երբ ավարտեցին իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել…
Մարդիկ տեսա՛ն այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Սակայն
Չհավատացին…
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե`
Օրհան Փամուքը … խելագարվե՜լ է…

***
Բանաստեղծության պատուհանի տակ
Ես յուրաքանչյուր
Դարավերջից մինչև դարասկիզբ
Սերենադներ եմ շռայլում հարբած…
Ու մինչդեռ շուրջս
Թաղանթներ ծամող
Ժամանակները պոռնիկ–
Սիրտս գրավելու համար
Մեռնելու չափ չբեր իրենց ներքնազգեստի`
Բնազդները կորցրած
Երանգներն են փոխում,–
Ամենասիրածս գույնը աշխարհում
Բանաստեղծությո՛ւնն է…

***
Այսօր,
ավելի քան երբևէ
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ…
Քանզի
այս էլ քանի տարի է, որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա:

***
Ճակատամարտն ավարտված է այլևս:
Եվ հսկա գիշերն, իբրև նվաճող,
Քաղաք է մտնում ու կանգնում նրա
Արնոտ կոպերին: Բայց մինչդեռ մութի
Զորքերը դաժան բռնաբարում են
Կիսակործան քաղաքի
Վերջին-կիսամեռ ստվերներին,
Հսկա գիշերը հաղթած Պյուռոս է.
Քաղաքի արնոտ թարթիչներն
Իբրև խաչքարեր գրկած`
Տառապալից հաղթանակից հետո
Տխրահանդեսն է իր տոնում…
Շուտով քաղաքի ավերակներում
Գիշերվա հոգնած մարմինն ու հոգին
Պիտի նվաճեն
Բոց-երազները անմեռ պոետի…

1984թ.,22 հունիսի

Նախօրեին
Ռադիոն հայտնում էր,որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45° հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երդված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գեոմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ,հուշարձաններ,եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45° անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը:

Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից լույս աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին,ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար…

Մոդիլիանի

Դուրս գալուց առաջ
Հրեայի թոռը
Ուղեղի ծայրով նշան արեց պանդոկապանուհի Հեբեին,
Եվ վերջինս
Գինու փոխարեն 5000 ֆրանկ էր լցնում
Նրա վիսկիի գավաթի մեջ…

Կուբիզմի էլիպսաձև շունչն ու ծխամորճի ծուխը
Համբուրվում էին երկար,
Ինչպես զուգահեռականն ու միջօրեականը:

Եվ նրանց յուրաքանչյուր հատման կետում
Սառում էին բոլոր ներկաների հայացքները,
Ինչպես չէին թափվում
բեկորները ջարդված հայելու`
Պաբլոյի ընկերոջ դիմանկարում:

Ժան Կոկտոն իր կողքի հղի կնոջով հիանում էր
Դիմացի պատից կախված կտավից ներս…

Դրսում–
Ձյունը իր կուսությունն էր կորցնում
Նկարչի սառած բնազդների երկայնքով մեկ
Փղձկացող
թոքախտ արյունով…

Մահվան հրեշտակը Լիվոռնոյի կենացն էր խմում
Ուտրիլոյի արցունքներով,
Որոնք կուլ էր տալիս` իբրև
Դեռևս չհայտնաբերված գույնի կաթիլներ…

Հիտլերը իտալերեն էր թարգմանում
Դավթի սաղմոսները…

***
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի…
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը…
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել…
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի՛ ավարտվում,
Որովհետև չի՛ գունավորվում բառով…
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է…
Որ մուսաները կին չե՛ն դառնում…

***
Ամառները` փլվող շիկնանք,
Ինչպես թաղանթները
Ռոդենյան ՙԴանայուհու» գլխուղեղի…

Աշունները` բախտից հոգնածորե˜ն փնթի,
Իրենք իրենց երանգից դուրս`
Ոնց բարոկկո ոճով ճղված` նկարչուհու կրծկալ…

Ձմեռները` պտղաջրեր առաջ`
Հրեշտակի կանաչ երազների միջից
Ինքնահերքվող վարսանդների
Սփրթնած տևողություն…

Բայց դեռ գարո՛ւնն եմ ես
Անփոխադարձ սիրո…

Սի բեմոլ

Աստծո ուղեղից կաթող ծաղիկ է
Մորս արցունքը:
Աջակողմյան հեմիպարե՛զ,
Անկրծկալ կի՛ն,
Դու գիշերն ես ծաղկիս բախտի:
Ձախ ձեռքս ա՛ռ` որպես կրծկալ,
Որ չամաչես…
Որ չսոսկաս,
Թե մրսելուց կարող է` կաթդ կտրվի:
Ձախ ձեռքս քե՛զ` որպես կրծկալ,
Որ քո` ցուրտը շոյած կրծքի սառնությունից
Չդողդողա արցունքն իմ մոր…
Այսուհետև թող իմ ձեռքի՛ն կաթի
Մորս տխրությունը,
Որ ծաղկախալեր է նկարում քո չունեցած կրծկալներին:
Աստծո ուղեղից կաթող ծաղիկ է
Մորս արցունքը…

***
Եվ ամեն մի կիսալուսնից հետո,
մինչ ամեն մի լիալուսնից առաջ–
իմ շնչի վրա կոհակ առ կոհակ,
Հայր բուսնո՛ւմ են ահա
գլխիվայր–
մուգ սպիտակ վարդի փշեր`
չապրած օրե՛րը քո…

Ղպտիական գիշեր

Արևելյան
ցոփ ռիթմերով լեցուն
օրվա սկավառակն
ահա
սկսեց անվերջ կտկտալ.
Սուդանից եկած
դերվիշներն իրենց
նախիսլամական ուղտերի
վերջին քարավաններով
արևն են տանում… կառափնատեղի…

Ու գիտակցելով բախտը վերջինիս`
փորձում եմ ժողվել մտքերս շվար,
թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
քայլերն իմ քրիստոնյա,
մինչև կհասնեմ
մուսուլմանական սիրտն այս քաղաքի…

…Թե ինչպես պիտի թաքցնեմ
ստվերն իմ քրիստոնյա`
մուսուլմանական խավարի ներքո
հետերեկոյան «Հայր մեր» -ը շնչող
աչքեր փնտրելիս:

Հանկարծ դեմի մայթից`
իմ տենչերին ի տես,
ծածուկ-ծածուկ
իր չադրան է թափահարում
ֆրանսերեն խաչակնքող
եգիպտական մի ձայն…

Կահիրե

Իսկ դու կի՛ն ես,քաղա՛ք,-
բուրգե ստինքներով,
Հազարամյակների ողնաշարին թիկնած:

Կորագմբեթ` ինչպես մահմեդական կեսօր,
Չադրայավոր` որպես Իբնա-լ-Կուլսումի ձայն,
Թվարկությունների ջարդված հայելու մեջ,-
Երազում ես` որպես վերջին հիերոգլիֆ:

Դու հմայքներ ունես,քաղա՛ք,
արաբական գիշերների նման կլոր,
Թուխ ժպիտներ ունես խալե`
բուրգերի չափ եգիպտացի:

Դու,որ ամեն օրվա երկու երրորդը անց,
Նարգիլեի ծխից բարակ կոկորդիդ մեջ,
Ղուրանի էջերի քանակով ու հերթով`
Օրորոցային երգի պես
Աճեցնում ես Ֆեյրուզ ծաղիկ,-

Դու իրավունք չունե՛ս կիսազգեստներ հագած`
Տնից ելնել փողոց,կամ էլ քայլել տան մեջ:
Եվ մանավանդ` պառկե՛լ
հարյուրամյակների կողոսկրորի վրա`
Տիեզերքին ի տես:

Դու իրավունք չունե՛ս:
Բայց հեչպետքդ էլ չէ՛,
Որ դարերի քամին
Մինի փեշիդ տակից
Սերունդնե՜ր է քամում`
Բյուր խալերից կոնքիդ…

Դու հանգի՜ստ ես այնպես,
Հանդա՜րտ,ինչպես մումիա՛ն,
որից երեկոյան
Պիտի արյուն վերցնեն ԴՆԹ-ի համար…

Եվ դեռ չե՛ս էլ շիկնում
քո ճերմակ ու կապույտ սրունքների համար:
Սրունքների՛դ համար,ուր նստվածք է տալիս
Հավերժության գինին`
օձապարի՛ պես
այն`
պապիրուսի աղջկա…

***

Կարմիր,
կարմիր,
կարմիր երդումներիդ միջև
Հրեշտակի գույներն
անձրևում են դժկամ,
Անձրևն հոգուս մայթին
կետադրում է ճիչեր,
Որ շնչում ես
հիմա`
իբրև
աքլորականչ…

***
Ես եղա՛ հանուն կարոտի, դարձի:
Իմ արցունքերորդ տառատեսակով-
Անվանդ կոպին ի’նձ տպագրեցի`
քո թարթիչների տպաքանակով…

Բայց հավատիդ պիթան, որ մեղրամիսներ էր
խոստացել քո կեսօրներին,
Բախտիս բնավորության կույս արնոտում էր
Էջերը իմ աղոթքների`
քո թարթիչների տպաքանակով…

Դիլիջանուհի

Խորանի մեջ`
Աչքեր` լուսին արտասանող,
Եվ աստեր են
Թևում ղողանջներով մոմե:
Խորանից դուրս`
Ծաղկած կարոտի պես անհողմ`
Ասուպներ են
Բուրում` որպես կենսակայմեր…
Աստղաժպիտներ են
Պարում կանաչն ի վար`
Վերադարձի նման արցունքորեն
Խնդուն,
Եվ կանաչում նիրհող
Վարսանդներից օրվա–
Ինքն իրեն հերքում է
Մի
Կո՜ւյս
Ցտեսություն…

***
Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի՛քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հաքիաթնե՛րը պատմեմ
իմ մանկության…
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ…
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
Շշնջում եմ.
–Հեքիա՛թը հենց դո՛ւ ես,խենթո՛ւկ:–
…Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե՛մ հիշում,
Նա խնդմնդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց…
Հետո–
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:

Թե քնո՛ւմ է երգս,–միայն աչքերը բա՛ց…

***
Երազանքները… երազանքները հոգու թևերն են,
Որ թևածում են դեռ հոգուց էլ վեր:

Կենսագրությունը ճակատագըրի միայն մի ստվերն է.
Երևում է, երբ լույսեր կան վառած:

Խոստովանքները ներման լավագույն դերախաղերն են,
Որոնք խաղից էլ երկար են տևել:

Ու… կարոտները վերադարձների երեխաներն են,
Որոնք ծնվում են … ծնողից առաջ…

***
Ինձ չներե՛ս, մա՛յրս,
Որ գոնե քե’զ ներեն…

Դեղին` ինչպես խալեր անքնության դեմքին`
Հայացքներում արյունիդ դեռ շարունակվում է
ճերմակ մեդիտացիան քրիզանթեմների…
Ծաղկաթերթերից Սաֆոյի ստրկուհիները
ճապոնական թաշկինակներ են գործում,
Որոնցով ես ահա քանի՜ տարի
թարթիչներիցդ սրբում եմ Աստծո աղակալած աչքը…
Բայց ավելի՜ աղակալած են
հայացքնե՛րը հիմա մարդկանց,
Որ ինձ բարևելիս`ասմունքում են Ցա՜վդ…
Ու գիտեմ,
Սրանք ինձ չե՛ն ներելու…
Մեղքերս այնքա՜ն բանական են,
Որքան ենթագիտակցական են երազնե՛րը Աստծո:
Բայց քանի դեռ
չի՛ զարթնել վերջին քրիզանթեմը,
Ինձ չներե՛ս, մա՛յրս …

Ես գիտե՛մ,
Սրանք ինձ չե՛ն ներելու:
Դո՛ւ էլ մի ներիր, մա՛յր,
Որ գոնե քե՛զ ներեն…

***
Սրբագործվել արտասուքի միջով հոգու.
Հավատ բաղձալ` խույս չտալով տառապանքից,
Տառապա՛նքն է քանզի հոգին մաքրում ժանգից`
Վերծանելու երջանկության լո՛ւյսը հոգու:

Սրբագործվել արտասուքի միջով հոգու.
Հավերժանալ հեքիաթի մեջ կարոտանքի,
Ինչպես աշնան հիրիկն ու վարդը գարունքի`
Հուզապրման այգից մինչև տարփիրիկուն:

Սրբագործվել արտասուքի միջով հոգու.
Երազանքի սապֆիրներով հոգին հուզել,
Թե կյանքդ անգամ հասած նռան պես ջրվիժե,
Նո՛ւռն այդ ճեղքե՛լ` ինչպես սի՛րտը` հանուն հոգու:

Սրբագրվե՛լ արտասուքի՛ միջով հոգու…

***
Ես քայլում եմ` ինչպես ծաղիկներն են բուրում,
Ունեմ քայլեր` բուսած սիրո արահետին,
Ես ապրում եմ` ինչպես կարոտն է համբերում
Վերադարձի ճամփից եկող ծաղկահոտին:

Ես μուրում եմ` ինչպես հրեշտակն է քայլում`
Ղողանջելով իբրև սուրբ պատարագ ու ծես,
Ես բողբոջ եմ տալիս` ինչպես ձյունն է հալվում,
Որ պարերգում է մեղմ. այդպես լռում եմ ես:

Ես ժպտում եմ` ինչպես արտասուքն է ծորում
Երբեք չխունացող ծիածանի նման,
Սրտերում ծիլ տված գե՛թ վայրկյանի համար:

Ես մեռնում եմ` ինչպես … ծաղիկներն են պոկում…

***
Կապույտը քո շատ է կարմիր,երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ,և… կյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախևը սրտիս` հանուն բաղձի,բաղձանքներս ` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփ-աղոթքներով էի թրջում:

Երկինքն իմ մեջ,ես` երկնքում,ճախրանքներս` երկնից այնկողմ,
Թռչնածիրս` ինձ կենսերակ,թռչներակներն իմ` աներանգ,
Ձյուն էր դառնում կարոտն աչքիս,բայց դեռ գիտեր սիրտս անքուն.–
Բիլ երակի համար ճախրիս` կա՛ դեռ պահված նռե երազ:

Ես` արփամուտ բոսորներից հալչող վերջին թռչուն-փաթիլ,
Բայց իմ թևե՞րն էին մրսում,թե՞ քո հմա՛յքն է այդքան ջերմ,
Զի թվում է` միշտ անունիդ գույներն են ինձ եղել եթեր,

Կամ` պոե՛տն է մա՛հը կյանքի,բայց ես նրա լուռ մուսան չե՛մ:

Կապույտը քո շա՛տ է կարմիր,երբ կարմիրն իմ շա՛տ է սպիտակ…

Էքստազ

Կենսացավերից ես ունենում եմ հոգեկծկումներ
Եվ ինտուիտիվ ճնշմամբ ելնում եմ ինքս իմ միջից,
Ձայնս թռչո՜ւմ է հանկարծ հայացքիս վարդե առէջից,
Հետքերս են ճչում` որպես ապակե թռչնի անուններ;

Ձայնս թռչում է` տանելով թևին հոգուս արյունը,
Որ ջրվիժում է հանդարտ քայլերիս ողնաշարն ի վար,
Ու ջրվեժն ի վեր պարերգող լույսի երկու երիվար
Երկինք են հղում երջանիկ բախտիս շնչառությունը:

Եվ հրեշտակն այն,որ պիտի խաչվեր,ցավերիս ուժով
Իջնում է խաչից,որ սաղմոսերգի արյունը ձայնիս
Եվ ապաշխարել սովորեցընի խավարին վիժող…

Իսկ ես դառնում եմ ինքնաներարկվող աղոթքը սիրո
Եվ խաչակնքող հրեշտակների բախտի մորենուց
Շատրվանո՜ւմ եմ երկրին` նորելուկ երգիս ստվերներով…

***
Ինչը` ինչպես,ինչպեսն` ինչու,
Առեղծվածն է լույսը ծամում,
Կարոտն` անծիր,ծիրը` թռչուն,
Ժպիտներ է թևին տանում:

Ու երկինքն են կորզած տանում.
Ինչպեսը` ինչ,ինչուն` ինչպես,
Անսեր մութի մոխրամանում
Կույր բվերն են խքղում կրկես:

Խաղարկվում են անգին մահվան
Դեղատոմսեր,այն էլ` զեղչով:
Էլ չեն սպասի ձրի վաղվան.
–Ինչուն` ինչպե՞ս,և ինչն` ինչո՞ւ:

Շուտով նաև զե՛ղչն է զեղչվում.
Մահվան դերերն են վերջանում:
Եվ սակայն` ինչ,ինչպես,ինչու.–
Դեռ գաղտնի՜քն է լույսը ծամում…

***
Ես աշխարհում միակ կենդանի էակն եմ,
Կանա՛չ արյուն է լոկ երազներում որի,
Իմ կանաչ այդ արյամբ ես ձեր համբերանքն եմ
Եվ արթնացող երազն ամեն կեսգիշերի…

Կանաչ այդ լույսի՛ց են բացվում ծաղիկները,
Այդ կանաչի հունով նեկտարներն են հոսում,
Նրա մեջ են քնած կյանքի գքղտնիքները,
Այդ կանաչի լեզվով աստվածներն են խոսում:

Այդ կանաչի շնչից ճերմակները ձմռան
Համբարձվում են մինչև բոսորն առավոտի,
Ես բողբոջ եմ` հագած ներկությունը աշնան,
Այդ կանաչի միջով մանուշակվեմ պիտի:

Ես իմ կանաչ արյամբ մանկան լացն եմ զնգուն
Ու կարապն եմ սիրո` հավերժ վերադարձող,
Ես հավատն եմ,որի կանաչ արձագանքում
Այգն է մարգարտանում` նման ծովախեցու…

***
Իմ բառերի միջով քո քո հոգին է անցնում,
Իմ բառերի միջև` ապակիներ ճաքած,
Դու,իբրև կապույտի կանաչ անդրադարձում,

Զգացմունքիս լճում ստվերներդ ես փռում,
Որոնք անուրջներիս շուշանները հագած
Արցունքներս պիտի շնչեն` որպես մեռոն:

Արցունքներս են շնչում` որպես կենսամեռոն`
Լողալով ողջ գիշեր դեպի բախտիս կղզին,
Ուր թարթիչներն իմ կույս երազներիս մասին
Հեքիաթներ են պատմում ցավի երանգներով:

Հետո… իր հեքիա՛թն է պատմում լուսաբացն,ու
Գտնում եմ քեզ` հոգուս ողջ գույները հագած,
Ապակի՛ն է ժպտում` բառերիս մեջ ճաքած,
Զի ճաքերիս միջով քո հոգիս է անցնում…

***
Ծառերը գուցե նրա համար եմ,որ տերևն ընկնի
Ու կարոտներիս երանգներն ի վարդառնա ականջօղ,
Թռչունը գուցե նրա համար է,որ ճյուղը հոգնի
Ու լռության մերկ ուսերը ներկի երգի ջրվեժով:

Կարոտը գուցե նրա համար է,որ մեղքդ շիկնի,
Եվ անձրևն ի՛նքը հայացքիդ վրա կախի թարթիչներ,
Անունդ գուցե նրա համար է,որ շուրթս հագնի
Հոգեստվերն այն,եր կույս էր,իրենն էր լոկ ու ջինջ էր:

Գիշերը գուցե նրա համար է,որ լույսը խայտա
Եվ օրվա զարթնող հմայքներն ի վար ցնորի վարսեր,
Ձայները գուցե նրա համար են,որ անունդ տամ…

Աչքերը գուցե նրա համար են,որ ինձ չտեսնես…

***
Չծրարվող սիրո ժպիտների նման,
Որպես կանաչներից տողադարձվող կապույտ`
Դու թափվում ես կյանքիս թարթիչների միջից
Ծերջին հրապույրի վարսերի պես անփույթ…

Ես,որ քեզ ունեի խեցում երազանքիս`
Որպես կենսապրման վարդեր ու նարցիսներ,
Քեզ կորցնում եմ կաթ-կաթ բախտիս զարկերակից`
Որպես երջանկության սպիտակ լեյկոցիտներ:

Բայց հետքերիդ վրա մուսաներ են աճում,
Որ գալիքն են կնքում իմ արյունով այսօր,
Ու թեև ինձ դարձրիր մեռնող կենսաթռչուն,
Արյունս չե՛մ փոխում,թո՛ղ որ մեռնեմ քեզնով:

***
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի՛ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքերը փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի՛ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո՛ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և՛ բեմահարթակ,
Ե՛վ միակ հերոս,և՛ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…