Նկարիչներ

Վրույր Վլադիմիրի Սիմոնյան

Ծնվել եմ 1993 թվականի մարտի 26-ին, Գորիսում: 2 տարի Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջն. դպրոցում սովորելուց հետո ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, ուսումս շարունակել եմ Գ. Գյուլբեկյանի անվան միջն. դպրոցում: 2009 թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի  (վավերագրական ռեժիսուրա) բաժինը : Հիմա 2-րդ կուրսի ուսանող եմ: Այս աշխարհում ինձ համար ամենահետաքրքիրն ու առեղծվածայինը տիեզերքն է` իր անմեկնելի գաղտնիքներով: Մարդն էլ իմ մեծագույն զարմանքներից է: Զգացի, որ կինոն էլ իմ աշխարհն է` ռեալիզմի ու ֆանտաստիկայի զուգորդված հրաշքն այդ: Ու ես ընտրեցի իմ մասնագիտությունը: Հաճույքով զբաղվում եմ Այկիդո մարտարվեստով` մարմնիս ու հոգուս ներդաշնակության համար: Սովորում եմ կիթառ նվագել. դա էլ մի ուրիշ երանություն է… Շարունակում եմ հնարավորինս կատարելագործել իմ սիրելի ու ինձնից անբաժան գեղագիտական արվեստը (այս ասպարեզում ես… ինքնուս եմ ) : Ինձ համար ամենաթանկ կերպարը Սերյոժա պապս էր ( է’, որովհետև նա… միշտ իմ կողքին է լինելու և իր խորհուրդներով առաջնորդելու է ինձ… ) :

Գոհար Մարատի Հովսեփյան

Ծնվել եմ Գորիսում, 1991թ-ի հունվարի 11-ին: Սովորել եմ Գորիսի թիվ 4 և Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցներում (տարրական դասարաններ), այնուհետև ընտանիքով տեղափոխվել և բնակություն ենք հաստատել ՌԴ-ի Տուլա քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Տուլայի Պետական համալսարանի միջազգային տնտեսագիտության բաժինը: Հիմա երրորդ կուրսեցի եմ:Ես ինձ նկարիչ չեմ համարում, բայց նկարչությունն ինձ համար շատ ավելին է, քան՝ հոբբին. ես թղթին ասում եմ այն , ինչի մասին սովորաբար չեմ բարձրաձայնում: Ես շատ սիրում եմ…խոսուն լռությունը, մտածող, խորունկ մարդկանց:
Իմ կյանքում լուրջ դեր ունեցավ Տուլայի Գեղագիտության 7-ամյա դպրոցը: