Լենա Ժորայի Հովսեփյան

Ծնվում ենք` մեր ծնունդը չպատվիրելով: Աշխարհ ենք գալիս` մեր բաժին, մեզ անճանաչ գաղտնագրերով:  Հետո տեսնում, զգում ենք կյանքի հետ մեզ կապող Թելերը: Ես այնպե՜ս լավ, հարմար զգացի այդ Թելերի Խանձարուրում` դեպ իմ ընտանիքը բերող Ակունքներով: Ակունքներ` մաքուր, իրե՛նց հացն արարող: Ես ըմբոշխնեցի նրանց թե՛ իմ կողքին զգալով, թե՛ պատումներով: Ու սիրեցի բոլորին և լավ զգացի այդ ծառի մի ճյուղը լինելով` Խաչատուր ու Սոֆյա մեծ պապ ու տատից սկսած մինչ Ռուբեն ու Սերգեյ պապեր,Արուսյակ ու Լուսիկ տատեր, մինչ …

Չգիտեմ ինչու, բայց ինձ էլ սիրեցին: Ես սիրով մեծացա: Ես սիրեցի ինձ նմանին, և Տիրոջ շնորհը համարեցի նրա հոգու հատակը սուզվելու, նրան կարեկից ու իմ չափով աջակից լինելու կամքը…Ու, այդ ընթացքին սիրով հլու, ես ոչ թե լրագրող դարձա, այլ, պարզապես, ակամա ստեղծեցի իմ շփումների վավերագրերը: Որևէ մեկի ցավն անցավ իմ միջով, ես չլռեցի: Թղթին ի պահ անցան նաև իմ զարմանք-հիացումները, մտորում-հուզումները…Եվ այսպես` ավելի քան 3 տասնամյակ, որովհետև ինձ տրված չէ… չնկատելը: Եվ` փա՜ռք Տիրոջը…
Ես հիմա էլ խանձարուրում եմ, որովհետև այս աշխարհին մեծավարի նայել ես այդպես էլ չկարողացա: Ես մնացի Ասյա մայրիկիս և Ժորա հայրիկիս (հավերժ…իմ կողքին) երեխա Լենան, Լիդա, Ռուբեն,Մարատ քույր-եղբայրներիս քույր Անոն: Հե՛չ չմեծացա, չնայած Արշակ, Հայկ, Շուշան հասուն երեխաներիս մայրն եմ:
Մի քիչ զգաստացա այնժամ, երբ որդիս` Հայկը, նախաձեռնեց, իրողություն դարձրեց այս կայքը ու փորձեց ի մի հավաքել իմ համեստ վաստակը: Չէ՛, ուրեմն ես մի քիչ…մեծ եմ: Ես եմ: Այսպիսին եմ: Տիրոջ ժամանակային կանխավ սահմանումով էլ այսպիսին էլ կմնամ…
Ե՛ս էի:

Ես այս կայքում անկեղծ զրույց, երկխոսություն և ասելիքով ինքնաներկայացման ցանկություն ու հետևողականություն եմ մաղթում ինձ ճանաչ ու անճանաչ բոլոր այցելուներին: Բարի կամք եմ մաղթում բոլորիս….
Ձեր` Լենա

Թե իմ մասին փաստարկումներով` ահա և, մերօրյա խոսքով, իմ CV ասվածը…


Նամակ հեղինակին

Ձեր անունը (պարտադիր)

Էլ. փոստ (E-mail) (պարտադիր)

Թեմա

Հաղորդագրություն

captcha
Մուտքագրեք կոդը

&nbsp &nbsp