Սուսաննա Բաբաջանյան

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ`  ԱՐՄԱՏՆԵՐԻՍ

Մորս ապուպապերը բնիկ գորիսեցիներ են եղել` հարուստ առևտրականներ` ժամանակի ճանաչված մարդկանցից: Պապս և նրա եղբայրը` Դանիել և Նիկոլայ Հովակիմյանները, (Ավագիմովներ), իրենց աժդահա հորից` Հայրապետից  միանգամից շատ առաջ են անցել` առևտուր անելով հեռավոր երկրների հետ, սպասարկելով ոչ միայն Գորիսի, այլ նաև շրջակա տարածքների շուկաները: Նրանց ուխտերի քարավանը, ապրանքներով բեռնված, գալիս էր Թավրիզից, Բաքվից, Իրանից, Տրապիզոնից:

ՙԳորիսը կենտրոն էր` վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս: Այդ ընդարձակ գավառը` Զանգեզուրը, լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների:  Մահալները և գյուղերը` մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց, – այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեամեծերը:   Այսպես, Միրումովները հնուց տիրում էն Մինքենդի բոլոր գյուղերին… Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգություն էր Բաղիրովների առևտրական տան: Սիսիանի մի մասը` Որոտան գետից ձախ, տիրում էին Ֆրանգուլովները: Ձորերը` Ավագիմովների միահեծան թագավորությունն էր… Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև՚ (ՙԿյորես՚, Ակ.Բակունց): Հին և տարեց գորիսեցիներից շատ-շատերը հիշում են պապիս` Դանիելի (Լղարին Տանիել) բարության և մեծահոգության մասին պատմություններ: Նա ոչ մի աղքատի, իր դուռը ծեծողի, իր օրում չի մերժել: Ճիշտ է, 30-ականներից կուլակաթափ էր արվել նրա գերդաստանը, ձեռքից խլվել մեծ հարստություններ, խանութներ, շենքեր, շինություններ, բայց լինելով աշխատասեր մարդ, նա չի լքել քաղաքը, շարունակել է, այս անգամ արդեն հողից բերք ու բարիք արարել և մշտապես ապահովել իր ընտանիքը. կնոջը` Շուշանիկ տատիս և իրենց յոթ զավակներին:

Իսկ Շուշանիկ տատս, որը սերում է Բակունցների տոհմից և Ակսելի հոր` Ստեփան Բակունցի եղբոր` Ավագ Բակունցի միակ դուստրն է, պապս սիրահարվել է մի հայացքից` տեսնելով նրա շագանակագույն մազերի` մինչև կրունկները հասնող ալիքվող հեղեղը հարդարելիս: Տատս եղել է ժամանակի իսկական գեղեցկուհիներից. խոշոր, խաժ աչքեր, ուղիղ քիթ և բակունցյան յուրահատուկ շուրթեր: Սպիտակամաշկ և բարձրահասակ 14-ամյա գեղանի օրիորդն անմիջապես նվաճել էր պապիս սիրտը: Ավագ և Ստեփան Բակունցները խորհրդակցել են: Հետագայում տատս պատմում էր իրենց շքեղ և գեղեցիկ հարսանիքի մասին: Պապիս հայրը, որ Գորիսի մեծահարուստ էր, ոչինչ չի խնայել իր կրտսեր որդու հարսանիքի համար: Հարսնացուի շորերը նա բերել էր Իրանից, որոնք մինչև վերջին օրը տատս (ես տեսել եմ իմ աչքով), սրբորեն պահում էր փայտե սնդուկում: Նա միշտ թաքուն և առեղծվածային ժպտում էր, երբ ամեն անգամ խնդրում էի բացել սնդուկը և ցույց տալ իր` արդեն խունացած և գունաթափ հարսանեկան զգեստը: Ակսել Բակունցի մայրը` Բոխճագյուլը, պարել է տատիս հարսանիքին և նրա օժիտին դրել իր 3- ամյա տղային` Ակսելին, նշան, որ տատս առաջնեկը տղա ունենա: 1905 թվականին ծնված առաջնեկը, իրոք, տղա է լինում` Սամսոնը, որ չար ճակատագրով մեռնում է Ակսել Բակունցի զոհվելու տարին` 1937թ -ին, նույն օրերին:

Մայրս, որ այդ ժամանակ ութ տարեկան էր, հիշում էր այն սուգը, որ տիրում էր երկու տներում: Մեկի իրական դին, մյուսի անիրական աճյունը թաղվել են կողք կողքի` Բակունցների և Հովակիմյանների գերեզմաններում: Բակունցների գերեզմանում արդեն ննջում էին տատիս ծնողները` Ավագը և Ազին: Հետագայում այնտեղ հանգրվանեցին նաև Բոխճագյուլը և Ստեփանը, տատիս եղբայրները` Միխայելը (Մուխան) և Նիկոլայը, տղան` Աշոտը:

Այսօր Հովակիմյանների գերեզմանում ննջում են պապիս հայրը` կապուտաչյա և ոսկեգանգուր աժդահա Հայրապետը` քաղաքի մեծահարուստը, նրա ծնողները, որդիները, տատս և պապս` Շուշանիկ և Դանիել Հովակիմյանները, նրանց տղաները, կանայք:

Հորս տոհմի ազգակաները ապրելով Գորիսի շրջանի Վաղատուր գյուղում (Բայանդուր) նրանք 1916թ.-ին, հայերի կոտորածների ժամանակ եկել են Արցախից: Պապիս` Ասատուր Բաբաջանյանի հայրը` վարդապետ Բաբաջանը, թաղված է Ծիծեռնավանքի շրջակայքում և պահպանվում է նրա հիշատակ շիրմաքարը: Հայ-թուրքական կռիվների ժամանակ դիակների տակ պատսպարվելով, մի կերպ փրկվելով պապս եղբոր` Հարությունի հետ եկել – հաստատվել է Վաղատուրում, ամուսնացել բնիկ խնածախցի տատիս` Նուբարի հետ և նրանց վերջին` հինգերորդ զավակը եղել է հայրս` Սարգիս Բաբաջանյանը: Լինելով հողի մշակներ, պապս և տատս իրենց բոլոր զավակներին տվել են բարձրագույն կրթություն: Մինուճար հորաքրոջս` Նազանին, ամուսնացրել էին ժամանակի կարգով, 12 տարեկանում, որի վեց զավակներն էլ նույնպես ստացել են բարձրագույն կրթություն:

Մեծ հորեղբայրս` Սմբատը, Երևանի մանկավարժական ինստիտուտի 3-րդ կուրսից 1939թ-ին մեկնել է բանակ, այնուհետ` ռազմաճակատ և զոհվել 1942թ-ին, թաղվել Սարատովում: Մյուս հորեղբայրներս` Արամայիս և Նիկոլայ Բաբաջանյանները, նույնպես մասնակցել են հայրենական պատերազմին, վիրավորվել և վերադարձել: Հայրս տարիքային առումով չի զորակոչվել: Շուշիի ռեալական ուսումնարանն ավարտելուց հետո, (տնօրենը խնածախցի Արսեն Խաչատրյանն էր), ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ: Չորս տարի սովորելուց հետո թողել է այն և ընդունվել Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ: Երևանի մանկավարժական ինստիտուտը թողնելու պատճառը եղել է երիտասարդական տարիների  փոքրիկ անզգուշությունը. ապրիլի 24-ին լսարանի գրատախտակին խոշոր տառերով գրել է եղեռնի զոհերի թիվը, զոհված մտավորականության, գրողների անունները և էլի ինչ որ հիշեցում` թուրքին: Հաջորդ օրը դեկանից վերցրել է ընդամենը Շուշիի ռեալական ուսումնարանի ավարտական փաստաթղթերը և հեռացել: Այն ժամանակ Բաքուն դեռևս համարվում էր հայկական մշակույթի, տնտեսական-հասարակական կենտրոն: Թեպետ կիսաթաքուն, բայց արդեն տարվում էր հայահալած քաղաքականություն: Հայերը, դեռ անցյալ դարից, Բաքվում ունենալով մեծ ավանդ, հեշտությամբ չէին ուզում զիջել դիրքերը: Մի քանի ամիս շարունակ ինստիտուտի ռեկտորը ` Գ. Ագաևը, չէր ընդունում նրա փաստաթղթերը: Միայն մարշալ Բաբաջանյանի Բաքու կատարած այցից հետո` ընդունվեցին հորս փաստաթղթերը` նրան ակնհայտ մարշալի զարմիկը համարելով: Այս միտքը հորս հուշել են ինստիտուտի մեծ հայագետ-դասախոսներ` Հարությունյանը, Կիրակոսյանը, Մարտին Աբրահամյանը, Բեգլարյանը, որոնք շահագրգռված էին Բաքվում հայ ուսանողության  ուժեղացմամբ, ԲՈՒՀ-ում նրանց թվի ավելացմամբ:

Հայրս մորս հանդիպել է 50 տարի առաջ` 1952թվականին, Գորիսի շրջկոմում հրահանգիչ աշխատելու տարին: Նա ցնցվել է մորս գեղեցկությունից. բարձրահասակ էր, նրբագեղ, սպիտակ, քնքշամաշկ, խոշոր շագանակագույն աչքերով և խիստ կանոնավոր դիմագծերով: Նա քայլում էր հին գարեջրի գործարանի սալահատակ մայթով` ընկերուհուն թևանցուկ: Տեսնելով հորս հիացական, անվստահ հայացքը, նրանք չարաճճի ծիծաղել են: Ի բնե լինելով զգայուն` մորս հուզել է հորս մաքուր, բայց չարդուկված վերնաշապիկի խնամքով կարկատած թևքը:

ՙԻՆՉ ՄԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԱՆԵԼ, ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԿԱՏԱՐԻ…՚

/ՄՈՐՍ ԽՈՍՔԵՐԻՑ/

(Հարցազրույց մորս` Ժենյա Հովակիմյանի  հետ` մահից 7օր առաջ, ամուսնության 50- ամյակի կապակցությամբ)

_ Սիրելի մայր, այս տարի լրացել է քո ամուսնության 50-ամյակը: Հայկական ավանդույթի համաձայն`այն կոչվում է ՙՈսկե հարսանիք՚: Թող հազար շնորհավոր և դու հասնես նաև ադամանդե, անգին գոհարների հարսանիքին:

Հետադարձ հայացքով` ինչպե՞ս ես գնահատում ապրածդ կյանքը, ինչպես ես տեսնում հայ կնոջը, հայ ընտանիքը երեկ և այսօր` հասարակական- սոցիալական ֆոնի վրա:

_ Երբ եկան ինձ նշանելու, հայրս որ խելացի մարդ էր, ասաց. ՙԵթե Մինքենդից եկած վաղարտուրցի եք, չեմ  տալիս, եթե Զեյվայից եք` տարեք՚: Հայրս ողջ Զանգեզուրի, Արցախի տարածքի մարդկանց հինգ մատի պես գիտեր: Գիտեր նրանց նիստուկացը, էությունը, սովորույթը, հոգին: Ուզում եմ ասել, աղջկան պսակելուց` մեծահարուստ ծնողներս հաշվի են առել ոչ թե փեսացուի ունեցվածքը, այլ`  լավ, կարգին մարդ լինելը: Ամուսինս, լինելով ֆանատիկ մաքուր ու ազնիվ մարդ, վարելով նյութական պատասխանատու տարբեր պաշտոններ, կամա-ակամա քիչ գլխացավանք, հոգսեր չենք ունեցել: Շատ հաճախ փորձել են զրպարտել, ցեխ շպրտել, անգամ սև գործեր են սարքել գլխին: Մտածել եմ, եթե նա այդչափ մաքուր չլիներ, այդքան հալածանք չէր լինի ընտանիքիս դեմ: Մյուս կողմից էլ` ինքս ինձ հակասում եմ, եթե նա ազնիվ մարդ չլիներ` վաղուց նրան կուլ տված կլինեին. չէ՞ որ նրա հետևին երբեք էլ հզոր մարդ չի եղել: Երեխաներիս կտրել են ԲՈՒՀ-ի քննություններից, անգամ դուրս թողել ստուգարքի պատճառով` միայն այն բանի համար, որ դիրեկտոր հայրը կաշառք չէր տալիս: Ամուսնուս դեմ իսկական հալածանքը սկսվել է այդ օրերին` երեխաներիս վնասելով: Աղջիկներս ուշացումով ընդունվեցին Գորիսի ԲՈՒՀ, որդիներս գնացին սովորելու Սանկտ-Պետերբուրգում` ինքնուրույն հանձնելով քննությունները:

Ամուսինս այդ ամենը հրաշալի տեսնում էր, բայց շարունակում էր փոխանցիկ դրոշներ նվաճել և ոչ մի անաշխատ կոպեկ տուն չբերել, չծախսել իր զավակների համար` փշերով, նախանձով պատած նրանց ճանապարհը հարթելու: Նա միշտ մտածում էր, որ կաշառք տալը շատ ամոթալի երևույթ է: Անգամ, շատ պարզ, ռեկտորի կինն ինձ հասկացրել էր, թե ինչ է պետք, բայց նա դարձյալ չէր ուզում լսել: ՙԴա հանցագործություն է , – ասում էր նա,- եթե շատ լավ իմանան, քննությունից չեն կարող կտրել՚: Նա այդպես էլ չէր ուզում հասկանալ, որ սկսվել էր կոմունիստական երկրի բարոյալքումը, մինչև որ` իր մաշկի վրա չզգաց: Դա 1981թվականն էր, երբ նրան շանտաժով և զրպարտությամբ ազատեցին իր պաշտոնից` անասելի բարոյական և նյութական հարված հասցնելով ընտանիքին:

Ահա թե ինչ է արժեցել ինձ և ընտանիքիս համար այն ժամանակներում ազնիվ պաշտոնյայի կին լինելը: Թեպետ, մենք ունեինք նաև մեր ընտանիքին նվիրված, մեզ գնահատող և սիրող բազում լավ մարդիկ, որոնք մտավորականներ էին, գրողներ, հանրապետության նշանավոր, բարի և առաքինի դեմքեր: Համոզված եմ, որ եթե ամուսինս մի հասարակ բանվոր, ուսուցիչ կամ ինժեներ լիներ, մենք ավելի հանգիստ ու երջանիկ կլինեինք:

Վերջին տարիներին այնպես հանկարծակի կարկուտ տեղաց ազգի գլխին, որ չգիտեմ էլ` ինչպես գնահատեմ ապրածս կյանքը: Թվում է` իզուր ենք ապրել, թվում է` մենք այս աշխարհից չենք, պարզապես սա մի երկարատև մղձավանջ է, որի մեջ շփոթահար խառնվել են ամեն ինչ` անցյալ, ներկա…

Ապագայի մասին էլ չեմ ասում… Ինչպե՞ս գնահատեմ: Ճիշտ չեմ դաստիարակել երեխաներիս, գենային դիսկետն այս ժամանակների համար անթույլատրելի… մաքուր է: Շատ են զգայուն, շատ են հպարտ: Ասել եմ` մի ստեք, մի գողացեք, մի նախանձեք, մի զրպարտեք, ապրեք հոգևորով, բավարարվեք բարոյական հաղթանակով…

Երևի սխալվել եմ, թեպետ ուրիշ կերպ չէի էլ կարող: Այսօր տեսնում եմ, թե դրանք որքան թանկ են նստում զավակներիս վրա, որքան դժվար են ապրում այս աղավաղված արժեքներով լի կյանքը, ինչքան շատ են ենթարկվում ստոր դավաճանության և զրպարտանքների: Միթե՞ տառապանք չէ մոր համար, երբ ինքը բաց աչքով տեսնում է, թե ինչպես են իր զավակի հանապազօր հացը խլում` նրա տեղը նշանակելով: Լինելով կոմունիստական կարգերի մարդ, ես ինքս էլ լավ չեմ պատկերացրել կյանքը: Ամեն ինչ իդեալական ենք տեսել: Եկել եմ այն եզրակացության, որ և մեր և ներկա ժամանակներին կարգին, անբասիր հոգիներ պետք չէին ու` չեն: Արտագնացությունն էլ այս ժամանակների երևույթ չէ. որքան այն դարձյալ մեծ կլիներ, եթե հնարավոր լիներ կոմունիստական տարիներին… Բարոյական մթնոլորտի աղտոտվածության չափերն են սանձարձակվել, էությունը չի փոխվել: Ասում են, յուրաքանչյուր ազնիվ մարդու բաժին է ընկնում հազար խաբեբա: Վայը տարել է այդ ազնիվին… Թող աստված ինձ ների, անչափ ուզում եմ հավատալ, որ նա կա և մի օր անպայման ամեն ինչ իր տեղը կդնի:

Յոթանասուներկու եմ: Երբեմն մտածում եմ, որ քիչ չեմ ապրել, որ ես էլ մեղք եմ` հեռանամ, որպեսզի չտեսնեմ զավակներիս կրած նեղությունները: Բայց զգում եմ, որ քառասունն անց երեխաներս ըստ էության, մենակ են այս աշխարհում, իմ կարիքն անչափ շատ ունեն: Ոչինչ չեմ կարող անել նրանց համար, բայց բարոյապես իմ ներկայությունն ասես ուժ է տալիս նրանց: Ախր, ինչու՞ է այդպես: Եթե նրանք շրջապատված լինեին լավ, բարի մարդկանցով, եթե նենգ և չար հոգիները թողնեին նրանց գտնել իրենց ճիշտ տեղը, եթե նրանք նորմալ երկրում ապրեին, ի վերջո, իմ կարիքը, երևի այդքան չէին զգա… Ես էլ հանգիստ կլինեի, որ աշխարհում ամեն ինչ կարգին է, որ մարդիկ խաղաղ զբաղված են իրենց կյանքով ու գործով: Թե չէ` ու՞մ հույսին եմ թողնելու այս դաժան և անգութ ժամանակների մեջ մոլորված, իմ այդպես էլ չկեղտոտված երեխաներիս: Աստծուց գիշեր ու  ցերեկ մի բան եմ խնդրել. թող տեր կանգնի այս երկրի բոլոր անպաշտպաններին, անմեղներին, կարգին, արժանավոր մարդկանց, առաքինի և տանջվող հոգիներին… Ի°նչ մայրերը չեն հասցրել անել, թող Աստված կատարի…

Հայ ընտանիքը իմ և ներկա ժամանակներում, նայած ինչ առումով, շատ փոփոխությունների է ենթարկվել` հատկապես վերջին տասնամյակում: Ես մեծացել եմ ապահով և կիրթ ընտանիքում, մեր տանն իշխում էր ազատ և ուրախ մթնոլորտը: Հայրս սիրում էր լսել մեր կարծիքները, զրույցները: Մայրս կրում էր հայկական տարազ, որի բոլոր զարդերը (ճակտոցը, գոտին և այլն) ոսկուց էին: Եվ միայն կուլակաթափ արվելուց հետո դրանք փոխարինվեցին արծաթով: Մենք հագնվում էինք միանգամայն ժամանակի շնչով, մոդայիկ և գեղեցիկ կտորներից կարված շրջազգեստներ, կոստյումներ, կրում գլխարկներ, երբեմն էլ` ժանյակե ձեռնոցներ, սպիտակ և նուրբ կիսագուլպաներ: Գորիսի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և նույն տարին էլ`1952թ. օգոստոսի 24-ին ամուսնացա և մեկնեցի Վաղատուր գյուղ: Այն ժամանակվա օրենքներով` հարսը չէր կարող մենակ գնալ սովորելու: Ծնվեցին չորս զավակներս: Ամուսնուս աշխատանքը, մեկ` կոլտվարչության նախագահ, մեկ` քաղաքային կուլտուրայի բաժնի վարիչ և ապա նորից կոլտվարչության նախագահ… երեխաներիս խնամքը, իմ աշխատանքը դպրոցում, մանկապարտեզում… Մի խոսքով, իմ հետագա ուսումը մնաց… Ինքնակրթությամբ լրացրել եմ: Չեմ ափսոսում: Չորս երեխա եմ ունեցել, դաստիարակել, ոչ մեկի պատճառով միլիցիայի դուռը չեմ ճանաչել: Հայ կնոջ առաջին առաքելությունը, կարծում եմ, հանցագործ չմեծացնելն է:

Սոցիալական իմաստով, այսօրվա հայ ընտանիքից ճեպանկար է մնացել: Այսօր հայ կինը հազար կտոր է լինում, որպեսզի հոգա ընտանիքի հոգսը` ամուսնու հետ կամ շատ հաճախ` առանց նրա: Այսօր սովորական բան է դարձել կնոջը, երեխաներին լքե-հեռանալը: Մի՞թե սա բարոյալքում և ողբերգություն չէ: Անգամ եթե հեռանում են ընտանիքներով, պատկերը քիչ է փոխվում. դատարկվում են քաղաքները, անտերանում են տները, ծերացած ծնողները մնում են անպաշտպան… Չեմ կարող համեմատել երեկվա և այսօրվա ընտանիքները: Վատն այնքան շատ է, որ լավը հաճախ չի երևում կամ ի՞նչ երևա. ասեմ, որ ավելի կի՞րթ են, օտարամո՞լ…. Մի՞թե մենք կիրթ չէինք, մի՞թե  անգլերեն իմանալն արդեն բավական է լավ, հայեցի մարդ լինելու համար: Ի՞նչ ասեմ, հայ ընտանիքներում, սոցիալական հողի վրա, շատ-շատ բաներ են փոխվել-խաթարվել, որ մենք ի զորու չենք դեռ պատկերացնել:

Ինչ վերաբերում է հայ կնոջ հասարակական դերին, կարծում եմ, խիստ հետընթաց է ապրել. այսօր հայ կնոջ առջև ավելի շատ պատնեշներ կան, քան` մեր ժամանակ: Շատ հաճախ նա այդ պատնեշները պետք է հաղթահարի սեփական արժանապատվության տրորման կամ իր մարմինը առուծախի հանելու գնով, որը վայ ամուսինների կողմից, ինչ ցավալի այլասերում, նորմալ է դիտվում, կամ պարզապես աչք են փակում: Իսկ շրջապատը խոնարհվում է այդպիսի ՙուժեղ՚ կանանց առջև:

Այսօր հիմնականում հայ կնոջ վիճակը` իր մասնագիտական պոտենցիալի իրացման և բոլոր մյուս հարցերում անհամեմատ ավելի դժվար է, քան, ասենք, 10-15 տարի առաջ, կամ մի քիչ ավելի վաղ:

Իբրև հայ մայր` սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ոչ թե առողջ բանականությունն է հաղթում այսօր, այլ հիվանդ, անառողջ բնազդը, թայֆաբազությունը: Դժվար ժամանակներ բաժին ընկան մեր զավակներին: Երբեմն շատ եմ զղջում, որ իմ երեխաներին այլ կերպ չեմ մեծացրել. թող լինեին մի քիչ խորամանկ, քծնող, հազար երես փոխող, նենգորեն ճկուն, պնդաճակատ և անինքնասեր: Ավելի շատ կշահեին, ավելի լավ կապրեին, տեղ ու դիրք կունենային: Որքա°ն արժանավորներ, կարգին մարդիկ ու մասնագետներ են այսօր գործազուրկ: Եվ ոչ թե որ աշխատանք չկա, այլ ` ավելի ապաշնորհներն են ` դավերով ու կեղտոտ միջոցներով , գրավել նրանց տեղը:Մի՞թե հնարավոր էր մարդկային արժեքների այսչափ կորուստ և նսեմացում: Մի՞թե հայ մայրերը դրա համար էին այնքան չարչարվել, տուն – ընտանիք ստեղծել, երեխաներ ծնել- դաստիարակել, կրթել, որպեսզի այսօր հեշտությամբ նրանց ջարդեն` ուրանալով նաև ծնողների ավանդը: Գոնե ծնողների` այս երկրում ունեցած վաստակից, սպիտակ մազերից ամաչեն….

_ Սիրելի° մայր, ինչպես էիր հասցնում 4 զավակ մեծացնել, ճանապարհել, գրեթե ամեն օր, մեծաչափ հյուրերի, մեծ տան հոգսերն ու մաքրությունը անել, միաժամանակ, ինքդ էլ ծանրաբեռնված աշխատել, մասնակցել կուսակցական ժողովների…

_ Երևի հայ կնոջ կերպն է այդպիսին. նվիրվել ընտանիքին` մինչև վերջ: Ամուսինս պատասխանատու պաշտոններ է վարել միշտ էլ: Ես չէի կարող ծույլ և ալարկոտ լինել: Հաճախ զանգահարում էր իմ աշխատանքի վայր և ասում,որ մեկ ժամից Երևանից ժամանած 5-10-15 հյուրերի հետ տանը կլինեն: Ամեն ինչ թողնում, վազում էի տուն, որ հասցնեմ: Զարմանում էր, որ գալիս – տեսնում էր` սեղանն արդեն պատրաստ. ճաշատեսակներ, սալաթներ, խմորեղեն…. Եթե հանկարծ մի գդալ պակաս էր լինում, հետո անպայման երեսովս էր տալիս: Շատ էր բծախնդիր, պահանջկոտ: երևի իմ կյանքում հարյուրավոր բարձրաստիճան հյուրերի եմ ճանապարհել, բայց երբեք չեմ տրտնջացել: Նրանց մեջ եղել են և° մինիստրներ, և°  տեղակալներ, և°  ռևիզորներ,և °  արվեստագետներ, գրողներ, մտավորականներ, հասարակ մարդիկ, անգամ ` կրկեսի թզուկներ:

Չեմ կարող մոռանալ 1964-ին Պարույր Սևակի այցը մեր տուն…

Սիրում էի ընտանիքս, երեխաներիս, իմ բոլոր հյուրերին , – ահա թե ինչու էի կարողանում հասցնել…

_ Սիրելի° մայր, ո՞րն է հայ կնոջ այսօրվա խնդիրը, առաքելությունը:

Ի՞նչ կմաղթեիր հայ մարդուն…

_ Դժվար առաքելություն ունի այսօր հայ կինը: Եթե մեր ժամանակներում տղամարդն էր ընտանիքում նյութական բարիք ստեղծողը, այսօր հայ կինը, գրեթե ամուսնուն հավասար, ընտանիքի ծանր խաչը կրում է: Չգիտեմ ` ում ինչքանով է հաջողվում, բայց բոլոր հայ կանայք էլ հավասարաչափ տառապում են: Որպեսզի այսօր ընտանիքն ամուր լինի, հայ կինը պիտի շատ ջանքեր թափի, իր կերպարի վրա անընդհատ աշխատի: Նրա առաջին առաքելությունը պիտի լինի զավակներ ծնելը ` անկախ սոցիալական վիճակից : Ամպրոպից և փոթորիկից հետո, բնության օրենքով, արևը նորից ծագում է , բայց տարիններն արդեն հնարավոր չէ վերադարձնել: Միայն շատանալով կարելի է փրկել Հայաստանը, շենացնել հայ հողը: Իմ կարծիքով, դա հայ կնոջ ամենամեծ առաքելությունն է այսօր, հետո միայն ` ամուսնուն ընկեր, լծակից լինելը, ուժ ու եռանդ տալը, և, այդքանով հանդերձ, հմայքը չկորցնելը, մնացածը կամաց- կամաց տեղը կընկնի:

Ամենափխրուն արարածն է կինը: Նրան կարելի է համեմատել ճենապակե ծաղկամանի հետ: Անչափ հեշտ այն կարող է փշրվել: Հայ տղամարդը պետք է հայ կնոջ տոկունությունը գնահատելով հանդերձ` երբեք  չչարաշահի այն, երբեք չջարդի այդ քնքուշ ճենապակին` թթու խոսքով, անտակտությամբ կամ որևէ անմարդկային արարքով: Առանց այն էլ` այսօրվա հայ կնոջ կյանքը համբերության առասպել է, դժվարին մաքառում և այդ մռայլ վիճակի միակ ելքն ու սփոփանքը տղամարդու սերն ու քնքշանքը, հոգատարությունը, հայ կնոջը խնայելը, նրա հանդեպ հարգանքն ու մեծարանքն պետք է լինեն ` տանը, թե դրսում: Ահա թե ինչ ենք մենք կորցրել այսօր ` հայ կնոջ մեծարումը, նրա թուլության գիտակցումն ու դժվար այս պահերին ` սատարումը:

Այս եմ բարեմաղթում հայ մարդուն, առավել ևս ` հայ տղամարդկանց, որոնցից շատերը իջել են ուժեղի պատվավոր բարձունքից և կորցրել  իսկական հայ տղամարդուն վայել իրենց կերպը: Կարելի է հաց վաստակել, կարելի է փող ունենալ, անգամ մեծ պաշտոններ, բայց երբեք` այդ ճանապարհին հայ կնոջը կրունկների տակ առնելու,ստորացնելու, նրա ապրուստը կտրելու միջոցով: Հայ տղամարդը պետք է հիշի, որ օտարներ չկան, բոլորն էլ հայուհիներ են , հայ մայրեր, կանայք և վերջիններիս կանացիությունից, ապահովությունից է կախված կայացած և առողջ ազգի այսօրն ու  վաղը: Ի վերջո,տղամարդը պիտի ուժեղ լինի, կնոջ հանդեպ ` վեհանձն, մեծասիրտ, որպեսզի կինը կին մնա, ինքն էլ ` տղամարդ կոչվի: Զուգահեռելով միջանկյալ ասեմ. ողջ կյանքում չեմ հիշում մի դեպք, որ հազարավոր մարդկանց ղեկավարած ամուսինս որևէ կնոջ  (միայնակ, թե ամուսին ունեցող) հացը կտրեր, աշխատանքից ազատեր, զրկեր կամ անտեսեր նրան:

Այսօր շատ են ցավալի երևույթները, որ խորթ են եղել հայ ազգի ամենաօրհասական ժամանակներում անգամ:

2002թ. 7 սեպտեմբերի

ԱՓՍՈՍ, ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ

Պատմում է մայրս` Ակսել Բակունցի զարմուհին, երկարամյա մանկավարժ Ժենյա Դանիելի Հովակիմյանը` Պարույր Սևակին հյուրընկալելու մասին

Ամուսինս` Սարգիս Բաբաջանյանը, ամբողջ կյանքում վարելով տարբեր

պաշտոններ, բնականաբար, հարյուրավոր բարձրաստիճան հյուրերի եմ ճանապարհել: Նրանց մեջ եղել են Կենտկոմի պաշտոնյաներ, մինիստրներ, արվեստագետներ, գրողներ, մտավորականներ, հասարակ մարդիկ, գյուղացիներ, անգամ` կրկեսի թզուկներ: Մշակույթի որքա¯ն գործիչներ, դերասաններ. 20 օր շարունակ թատերական հյուրախաղերով քաղաքում էին և հաճախ էին մեր տանը հյուրընկալում Վահրամ Փափազյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետյանը, շատերը… Սուրեն Այվազյանը մեր ընտանիքի ամենօրյա հյուրն էր, տան անդամի պես հարազատ ու թանկ` մինչև կյանքի վերջին օրը: Անչափ շատ հուշեր կան կապված նրա հետ:

Հարուստ հոգևոր կյանքով էինք ապրում: Մեր տանը` պարզ, անպաճույճ, չկահավորված, հնչել են ժամանակի առաջադեմ մարդկանց խոսքն ու զրույցը, գրականության, արվեստի մասին քննարկումները, հետագայում` երկրի տնտեսության, արդյունաբերության դիտարկումները, հազարավոր կենացներ, բարեմաղթանքներ, երախտագիտության ջերմ խոսքեր…

Անմոռանալի է Պարույր Սևակի այցը մեր տուն: 1964 թվականն էր: Ամուսինս այդ տարիներին Գորիսի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչն էր: Այդ ժամանակ բաժինը ներառում էր քաղաքի և շրջանի մշակութային բոլոր օջախները` կինո, թատրոն, գրադարաններ, թանգարաններ… Այդ տարիներին Պարույր Սևակն արդեն հայտնի էր գրական միջավայրում: Լայն հասարակությունը նրան խորապես չէր ճանաչում, բայց և` մի խորհրդավոր շղարշ կար նրա շուրջը. ժողովուրդը զգում էր նրա մեծությունը, միաժամանակ, գիտեր, որ վերևներում չէր ներվում այդ մեծությունը: Այդ մի քանի օրը Գորիսի մտավորականության համար իսկական տոն էր, և այդ տոնը տեղափոխվեց մեր տուն, երբ Պարույր Սևակը, Արտաշես Քալանթարյանը և Բաղիշ Հովսեփյանը հյուրընկալեցին մեզ: Ժամը 4-ի կողմերն էր: Աշխատանքից շուտ տուն գալով` հասցրել էի պատրաստել գորիսյան ճաշատեսակներ:

Մինչև Սևակի Գորիս գալը, նրա մասին տանն այնքան էինք խոսել, որ մի տեսակ շփոթված էի: Նախ, նա ամուսնուս նվիրել էր կազմը պատռած ՙՄարդը ափի մեջ՚ նոր հրատարակված գիրքը և նրա ասածից` ամուսինս հասկացել էր, որ Սևակն ինքն էր զայրացած գիրքը պատռել ինչ-որ պաշտոնյայի քթի տակ և ճոճելով գոչել. ՙՁեր ուզածը սա է, դե, ստացեք… մի բան: Ափսոսանք էր հայտնել,որ այդ պահին ձեռքի տակ անկազմ գիրք է և հենց այդպես էլ մակարել է. ՙԱյս անկազմ գիրքը դրեք հապա. մի թաքուն ցավալի պատմություն, մի ակնհայտ տագնապ էր ներշնչում այդ ջղագրգիռ մորթված կազմով գիրքը. որն արդեն հասցրել էինք ծայրից ծայր կարդալ: (Հետագայում այդ գիրքը, տարիներ շարունակ շրջել է տնից տուն և շատ կարդալուց` քրքրված, նորից հանգրվանել էր մեր տանը): Թվում էր` վաղուց անգած պիտի լինեին գրքի, գրողի դեմ տարվող հալածանքները, բայց երևի դա այդպես չէր, որովհետև 37-ի ուրվականը նորից մի պահ կանգնեց աչքիս առջև: Այն ժամանակ ես 8-9 տարեկան էի, պայծառ հիշում եմ, երբ մայրս` Շուշանիկ Բակունցը և Բոխճագյուլ ազին(մենք ապրում էինք մի տան պես) ծնկները ծեծելով սուգ էին բարձրացրել, խուճապահար թաքցնում էին Բակունցի գրքերը, նրա մինուճար որդուն` Սևադային: Ծանր, սև ամպեր էին կախվել մեր տների վրա. գրեթե նույն օրերին Բակունցի սպանության լուրը և մեծ եղբորս` Սամսոնի առեղծվածային մահը` Երևանում: Եղբորս մահն ասես կանխորոշված էր նրա ծննդից առաջ. մորս ամուսնության օրը, նրա օժիտի վրա Բոխճագյուլ ազին նետեց իր 3-ամյա որդուն` Ակսելին, որպեսզի առաջնեկը տղա լինի: 1905-ին մայրս իրոք տղա ունեցավ, որի առեղծվածային մահը համընկավ Բակունցի սպանության օրվա հետ: Սամսոնի հուղարկավորումը և Բակունցի սիմվոլիկ հուղարկավորումը կատարվեցին նույն օրը:

Ահա Սևակի անկազմ գիրքը այսպիսի դառը մտորումների, հուշերի մեջ ձգեց ինձ: Բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ բանաստեղծը աշխույժ խոսելով` մտավ մեր տուն և հենց ոտքի վրա` սառը ջուր խնդրեց: Միանգամից կենդանությամբ, անմիջականությամբ և վարակիչ մտերմավարությամբ լցվեց մեր տունը: Տանը Վաղատուրի թթու ջուր կար, առաջարկեցինք, չհրաժարվեց: Մինչ նա խմում էր, մենք ուշադիր հետևում էինք` կահավանի՞, որովհետև առաջին անգամ ջուրն անսովոր էր խմողի համար: Գոհություն հայտնեց և զարմացավ, որ այդ անուշ ջուրն ինքնահոս է և հենց այնպես գնում – կորչում է: Սեղանն արդեն պատրաստ էր: Երեխաները կողքի սենյակում էին և պետք է ձայն չհանեին: Ամուսինս չէր սիրում, երբ երեխաներից մեկը հանկարծակի հայտնվում էր հյուրերի մեջ:

Սեղանի շուրջ նստելուն պես, Սևակն առաջինը նկատեց տան անսովոր լռությունը: Նա շուրջն էր նայում` ասես երեխա գտնելու մտադրութամբ: Նա անմիջապես շնորհակալություն հայտնեց զանգեզուրյան գեղեցիկ, համով- հոտով սեղանի համար: Գովեստից հուզվեցի, ի՞նչ էի արել ո՞ր…

Անընդհատ ծխում էր, շատ քիչ էր օգտվում սեղանից: Փորձեցի իմ ձեռքով հյուրասիրել` ընկեր Սևակ, ոչինչ չէք ուտում ախր…

Խնդրեց, որ իրեն ընկեր չասենք, միայն` Պարույր: Նա ոչ միայն տարիքով, նա մեծ էր, ինչպես կարող էի նրան Պարույր ասել: Ես իմ մտքում նրան արդեն դրել էի Բակունցի կողքին, ի¯նչ ցավալի նախազգացում: Կողքի սենյակից երեխաներից մեկի լացի ձայն լսվեց: Սևակն ապշեց, անմիջապես հարցրեց.ՙԵրեխաներ ունե՞ք, ընկեր Բաբաջանյան՚: ՙԿարծեմ մեկն ունեմ՚, – կատակեց ամուսինս: Սևակը խնդրեց, որ նրան սենյակ բերեմ: Տասից չորս տարեկան չորս երեխաներս ամաչելով – քաշվելով ներս մտան, լուռ կանգնեցին կողք – կողքի: Միջնեկը` 6 – ամյա Սուսաննան վախից լացը կտրել էր: Սևակը մոտ կանչեց նրան, շոյեց գլուխը և ասաց. ՙԱյս հրաշքներն ինչպե՞ս կարող եք թաքցնել, ընկեր Բաբաջանյան…՚: Արտաշես Քալանթարյանն այդ պահին վեր կացավ, թղթապանակից հանեց իր ՙԱլիկ – Բալիկ՚ գիրքը, շտապ մակագրեց և տվեց երեխաներին: Նստեցին 2-3 ժամ: Խոսում էին, կատակում, Սևակը հաճախակի էր արցունքոտվում: Ծխելով, ուշադիր լսում էր, ասես նրան ամե°ն ինչ էր հետաքրքիր: Մանրամասներն, ափսոս, մոռացել եմ, բայց չեմ կարող մոռանալ Սևակի հուզմունքը, երբ նրան ցույց տվինք գյուղում բնակվող 80-ամյա կեսրայրիս` իր որդուն ուղարկած զույգ տրեխները: Նա իր ձեռքով գործել և  ուղարկել էր, որ դիրեկտոր որդին հագնի և ոտքերը չցավան` շատ քայլելուց… Սևակին հուզել էր ծեր հոր միամտությունը և սրտի մաքրությունը …

Սևակի նրբազգաց հոգին, արցունքների միջից` նրա ծիծաղը մինչև հիմա սիրտս մղկտացնում են. ի°նչ խորությամբ էր զգում և տառապում, հիմա եմ հասկանում ի°նչ երախտագետ սրտով էր շնորհակալ լինում տանտիրուհուն` զանգեզուրյան ճաշատեսակների, հատկապես` դաղձով սպասի համար:

Իմ այս տարիքում նա ինձ արդեն որդի կգար, ես նրան մայր:

Ափսոս, հազար ափսոս:

Գրառեցի 2002թ. սեպտեմբերի 7-ին, մորս մահից 7 օր առաջ:

/ Մռայլ մտածումներ. 2003 թ./

ՀԱՍՆԵԼ   ԵՐԿՆՔԻՆ

…Սակայն միայն բարությամբ և

գթասրտությամբ նա կնվաճի՞

ապրել իրական աշխարհում…

Ա.Ռեմբո

Աստված, արդյոք, իր արդարադատությամբ կարողանու՞մ է ազդել մարդկային տխեղծությունների վրա, նրա խորշելի արարածների արգահատելի գործողությունները կարողանու՞մ է կանխել և պատժել խստագույն: Ի՞նչ է, վերջապես, մեզ սովորեցնում կրոնը. հեզությու՞ն, որի համար գլխիդ անընդհատ խփում են, սե՞ր, որի համար քեզ քամահարում են, պատի՞վ, որ մարդկային տխմար և ապական օրենքներով ոչինչ է, ու՞ժ, որ սոսկ հարստությամբ և ոսկով է ճանաչելի, ճշմարտությու՞ն, որ այս փշոտ հողագնդի վրա հազարամյակներով տեղ չունի և զառամյալ վտարանդի է հեռավոր աստղերի մեջ…

Բնությունը, որի համար, ըստ էության, ոչինչ արժեք չունի, պարզվում է հենց այնպես գոյություն է` անզգա, անհոգի… Մի՞թե նրա համար կարևոր է, որ ծաղիկները և թիթեռները մեռնում են, ճիճուներն ու մարդիկ նույն վախճանն ունեն, առաքինությունը և արդարությունը տառապում են , արժա-նանում ամենասոսկալի գանակոծումների և զրպարտության:

Կհարցնեք` բնությունն առաքինի՞ է, բարի՞ է, սիրառա՞տ է, արդարամի՞տ է… Կասեմ, դրանցից` ոչ մեկը, պարզապես անտարբեր է, նրան դիմանալու համար պետք է ունենալ գիշատչի նենգ ուժ, ամուր ժանիքներ, ճարպկություն և անբարո վարք: Ձեզ կհետաքրքրի, արդյո՞ք բնությունը միայն սրանց համար է նախատեսված: Այո, հազար անգամ` այո: Համենայն դեպս, մեր մոլորակի վրա այդպես է, իսկ եթե տիեզերքում կա մեկ այլ մոլորակ, որտեղ արդարությունը և առաքինությունը ինքնին հասկանալի բաներ են, և մարդը մարդուն չի բզկտում գիշատչի իր ժանիքներով, ուրեմն դեռ պիտի մենք փայփայենք մեր երազը: Քանի¯ դար ու հազարամյակ… Դժվար է ասել: Ոչ մեկն այս մոլորակի վերջնական նպատակը դեռ չգիտե, և ես էլ չգիտեմ, քանի դեռ առաքինությունը թախծում և հեծեծում է մենության մեջ, իսկ անարժան-արգահատելին վայելում է աշխարհի նյութական բարիքները, ուժեղ է միայն դրանցով, և բաց են նրա առջև բոլոր ճանապարհները:

Խորհեցեք, հապա, նայելով ձեր շուրջը, ինչու՞ է այս առաքինի ընտանիքը փլվում, դժբախտանում են հրեշտակային հոգիներ, երեխաներ, իսկ այս մյուսը, որտեղ կինն իր ապականություններով, տղամարդն իր ոչնչությամբ` անպատիվ գործարքների մեջ է, ահա, ծլում-ծաղկում է… Ինչու՞ Արարիչը չի կանխում այս պիղծ և պարարտ գոյությունը, ինչու՞ չի սրբում անարդարորեն զրկված այս մանուկի արցունքը, ինչու այս գռեհիկ, ամուսնական վեղարի տակ պատսպարված մարմնավաճառ, և հոգին անառակությամբ և խարդախությամբ կնոջն ի’ր տեղը չի դնում և թույլ է տալիս, որ նա իրեն այնքա’ն առատորեն տրվածի բարձրունքից քամահրի մարդկային պղծությանն ընդառաջ չգնացող դրամազուրկ, բայց իսկական ազնվական հոգուն, որի եղունգի փոշին չէ անգամ…

Ի՞նչ եք կարծում, մի՞թե ամենամեծ դժբախտությունը չէ, երբ այս ապականություններից` նյարդագար ցնցումների մեջ առաքինությունն արդեն… առաքինությանը չի հասկանում, երկու ջերմ, սիրով և երկնային իդեալներով ապրող սրտեր առհավետ հեռանում են իրարից, մինչդեռ արատներն այս անբարո ընտանիքի մեջ որքան համերաշխ են միմյանց հետ…

Մի՞թե դա չի նշանակում, որ բնության մեծ մորը խորթ է նաև առաքինությունը, նրա անկանխատեսելի էությանը համակրելի են բրտորեն ցածր արարածները, որոնց նա այնպես ջանասիրաբար հովանավորում է… Ահ, նրա համար համակրանքն էլ, որպես այդպիսին, գոյություն չունի, նա պարզապես կա, ինչ որ կա…

Իսկ Աստվա՞ծ, ու՞ր մնաց Աստված, գուցե նա երկար, շատ երկար ժամանակով է իր ձեռքերը լվացել մոլորակից…

Մենք ոչինչ չգիտենք, սոսկ տեսնում ենք, որ բնությունն ինքը անկախ է իր գործերի մեջ և ավելի լավ բան չունի առաջարկելու իր երազող կամ գռեհկորեն իրապաշտ բանականներին, քան այն ինչ առաջարկում է գայլին, բորենուն, խլուրդին, ամենափոքր միջատին:

Նա թքած ունի բոլորիս վրա, նա անսկզբունք է անգամ իր բրտության մեջ:

…Եվ էլի մեր վերջին հույսը երկնքին հասնելն է…

ՇԱՆ  ԴԱՍԸ

1983-ին Սոչիի գյուղերից մեկում ուսուցիչ էի: Գնացել էի` բուժվելու ուսանողական տարիների մի խենթ սիրուց, որից բաժանվել էի ոչ իմ կամքով: Ես ամենևին հասուն չէի նման վշտերի համար և ամեն օր մտածում էի մեռնելու մասին: Ես չէի ուզում ապրել, մինչդեռ այդտեղ ինձ միանգամայն կայացած և լուրջ մարդու տեղ էին դնում: Միանգամից իմ վտիտ ուսերին բարդվեց ծանր պարտավորություն. ողջ դպրոցի հայոց լեզվի և գրականուfթյան ժամերը: Ես տեր էի նաև մեծ, շատ մեծ հողամասի, որտեղ աճում էին մանդարինի անվերջանալի ծառերը: Ես չգիտեի` ի’նչ պետք է անեի այդ ամենի հետ: Ասում էին, որ ինձ ոչինչ էլ պետք չէր անել, միայն` հավաքել միրգը: Բայց, ախր, ինչու՞… Ես այնքան թույլ էի և անօգնական, իրականում` շատ հիվանդ: Ինչի՞ն էր պետք տոննաներով հավաքված այդ միրգը վախեցած աչքերով մի աղջնակի, որը դեռ ուզում էր տիկնիկ խաղալ և մոր փեշերից կառչել: Մորս և նրա գուրգուրանքի կարոտից ես ամբողջ գիշեր լաց էի լինում, հեկեկում բարձրաձայն և այդպես էլ խռով աշխարհից` քնում: Իսկ առավոտյան ոչ-ոք չէր կարող դա գուշակել: Ես դառնում էի սառը, անհաղորդ և պատվով կրում ուսուցչի իմ ծանր խաչը: Ասեմ, որ միակ ուրախությունս երեխաներն էին, որոնց հետ, սակայն, ես չէի կարող խոսել իմ հարազատ, գրական հայերենով: Ինձ խոցում էր այն, որ մենք բոլորս, ահա, հայեր ենք, բայց չենք հասկանում մեկմեկու հայերենը: Շատ հաճախ էինք դիմում ռուսերենին` մեր մտքերը թարգմանելու համար: Եվ դա ինձ մահու չափ վշտացնում էր: Համշենահայերենը ինձ չինա