Գորիսյան “Ի՞նչ անելը” մի պատասխան ունի

Գորիս քաղաքապետի ընտրություն հունիսի 8ժամանակները “գյուլլի” պես են սլանում: Երեկվա ամենահանդարտ երևույթն այսօր մի նոր…հաշվանքի սիստեմում է` որակապես ու բովանդակությամբ, ներառած իմաստով ու հետամտած նպատակով, նախընտրած միջոց-գործիքներով ու ներազդելու հնարներով…

Միանգամից` հունիսի 8, Գորիս, քաղաքապետի ընտրություններ…

Իմ մանկության ու երիտասարդության տարիներին ընտրություն ասվածն ընդամենը ժրաջան մասնակցություն էր…

Կանայք ու տղամարդիկ իրենց պահած-պաշտած շորերը հագնում, թևանցուկ, խմբերով գնում էին միակ ու…հարազատ կուսակցության… նպատակահարմարություններին իրենց հավանությունը տալու: Ընտրվողն ընտրվում էր, տղամարդկանց էլ մի առիթ էր` բակերում, մի քանի թև “ճխթթուով” ու թթի օղիով օրը…իմաստավորելու…

Կանայք էլ դեմ չէին մի ավել` սուրճազրույցի հնարավորությանը…

Ու` վերջ…

Էն ժամանակ իմ ու քո չկար. մի կուսակցություն էր, մի շահ, մի` անվիճելի կամք…

Հիմա ընտրություն ասվածն ամենից  առաջ պրկված սթրես- լարվածություն է, մաստակ` չմփչմփալե~ն, ձգվո~ղ, երբեմն էլ` ղարաչու…

Եվ, իսկապես, հիմնական ընտրազանգվածին այնքան նոր քաղաքապետի` Վաչագան Ադո՞ւնց, թե՞ Հրայր Յոլյան, անձը չի հետաքրքրում, որքան օրվա` հունիս 8-ի…հորով-մորով անելը. մարդիկ հոգնել են…հոգնելուց, տագնապելուց…

Եվ այսպես է` անկախ այն բանից, թե որքանով են ընդիմադիր հենց իրենք` թեկնածուները:

Մեր մեջ նստած է` եթե ընտրություն է, ուրեմն…

Մենք մի նոր զգայարան եք ապաճեցրել` ընտրական զգայարան…

Փորձում եմ հասկանալ` ո՞նց եղավ, որ ընտրությունն այդպես կռճիկ-սթրես դարձավ:

Անկախ առկա ու չառկա, էական ու անէական մյուս` հանգամանք-շահերից, հիմնականում փոքր քաղաքի սինդրոմն է. նույն ընտրողը հաճախ մեկի ամենամոտ ընկերն է, մյուսի` խնամին, մեկն իր ազգականն է` մոտ, մյուսն իր գործատուն, մեկին սրտանց կուզեր, բա որ էն մեկն իմանա՞……

Շահեր, նամուս ու թասիբ, իրար աչքի մեջ նայել, տղայություն…

Գորիսյան “ի՞նչ անելը” մի պատասխան  ունի` ի վերջո և մեր քաղաքում պիտի ընդունել, որ ամեն ընտրող ընդամենը մեկ…ձայն է, և նա չի կարող մեջից ճղվելով` հանուրի սիրելին լինել…

Մեկ էլ` մի իղձ առ Աստված` “Տե’ր, այնպես արա, որ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ մեզ վերջնականապես մտահան չանի”…

Մինչ մենք մեր ներքին`  իրական “ես”-ի ընտրությունը չանենք, ընտրությունը միշտ էլ սթրես է լինելու, ու մարդիկ իրար աչքերի մեջ դժվար են նայելու…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև