Մեր տունը մեր Կյորեսն է…Կյորեսն էլ մնալու է…

Գորիս ընտրություններՔաղաքականախեղդ մեր օրերում, քաղաքականության տեր ու գործիք մարդն ինքն իրեն, ասես, …իրի սահմանը հատելու չափ, անէական է դարձրել. հիմա ո՞վ է ասում` ո՞վ է, ո՞ր տոհմից է, ո՞ր արմատից է, ի՞նչ արժեքների կրող է, ի՞նչ ավանդ-դերակատարություն ունի-ուներ, սլացքի ի՞նչ ուղղություն ունի, ի՞նչ է ուզում, ինչի՞ է արժանի…Հիմա մի հարց է շեղբի պես ճղում-ճոթռում…օրը, ուղեղները` ո՞ր թևից է…

Իսկ մենք մի’ քաղաքից ենք, մի’ ՏՆԻՑ, էլի այդպես էլ մնալո’ւ ենք…

Վախենա’նք… իր դառնալու սահմանին մոտենալուց. այդ սահմանի մատաղացուն ՈԳԻՆ է` ՏԵՍԱԿԸ` ՀԱՎԱՏԸ…

Մեր տունը մեր Կյորեսն է…

Կյորեսն էլ մնալու է…

Քաղաքական և այլազան հոսք-հոսանքները միշտ էլ գալու-անցնելու են, մնալու ենք մենք` ԲՈԼՈՐՍ…

Եվ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ` գալիք…

ՍԵ’Ր պահ տանք…

Որ մեզ էլ սիրով հիշեն…

Ու, ամեն, և այս ընտրությունից առաջ, նախ` հիշենք, որ  քաղաքը  սկսվում է հենց ամենքի’ս…բակից, որ պարսավելուց առաջ արժե մի ակնթարթ գոնե, մտքում գոնե, ծանրութեթև անել սեփական նկարագիրը. սրտացավության սեփական չափը…

Մենք մեր քաղաքի իսկական ու իրական տերն ենք լինելու այնժամ, երբ…աղբը շպրտելուց առաջ հիշենք, որ…ողջ քաղաքն է մերը` ամենքինս…

Այնժամ` և տիրոջ պահանջներն ենք հստակ ձևակերպելու` ի՞նչ եք ուզում, ո՞ւմ ենք ուզում, ինչո՞ւ ենք ուզում…

“Այնժամ”-ն “այսժամ” դարձնողն էլ էլի’ մենք ենք…

Էլի` ՍԵ’Ր պահ տանք` առողջ գիտակցության ու արթմնի բանականության ատաղձով…

Մեզ շա~տ է  խանգարում խրոնիկ դարձած ու հաճախ անհասցեական ատելությունը…

Մենք այնքան էլ …մեղավոր չենք` մեզ պարտադրված “հացիվ”-ը խեղել է մեր “բանիվ”-ը…

Բայց ատելությունը որդ է, որ …պաշտում է ՍԻՐՈ ընկրկումը…

Մենք ԲԱՆԱԿԱՆ էակներ ենք…

Ու իրականում կյանքն այնքա~ն չքնաղ ու կարճ է…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև