Վերջին զանգ. մտքիս ուղեծրով. 1973…

վերջին զանգ շրջանավարտ ծախսերՆախ, ամենից առաջ՝ թո՛ղ ԲԱՐԻ լինի  «Վերջին զանգը»-խաղա՛ղ, անփորձա՛նք, անմոռա՜ց… Թո՛ղ ողջ ուսումնառության երազ-հյուսքը լինի… Թո՛ղ ծնողներն առողջ լինեն, որ կարողանան ողջ այս… հաճույքի դիմաց շատ չխեղճանալ… Առաջ էլ` ասենք 45 տարի առաջ, էլի նույնն էին մայրիկ-հայրիկները, պապ ու տատերը` իրենց զավակներին ու թոռներին սիրող, փաղաքուշ, ջերմ… Էլի նույն «Վերջին զա՛նգը» կար, մենք` շրջանավարտներս, կայինք… Էլի երազ-երազանքնե՛ր կային, պահած խլրյո՛ւն կար, սե՛ր կար…. Էլի գեղեցիկ լինելու ցանկությո՛ւնը կար, էլի ոչ մեկը… դեմ չէր մոդայիկ ու շքեղ հագուստ ունենալո՛ւն…

Դեմ չէինք, բայց ունեինք այն` ինչն ունեինք…

Ճի՜գը չկար…

Ճիգը… Չգիտեմ` այն ո՞նց եկավ, ո՞նց հանդուրժվեց… Այնպես որ` զուր է այստեղ… մեղավորների փնտրտուքը…

Ճիգ չէ` ի՞նչ է, վերջինզանգյան վարկեր, պարտքեր, էն գլխից` վիրավոր… ուրախություն…

Ես իմ  «Վերջին զանգին» գնացի մայրիկիս` ինձ վրա խնամքով հարմարեցված «կրեպդիշինե»  նուրբ դեղին վերնաշապիկով ու նրա` աշնանային կանաչ վերարկուի… թարս երեսով կարված սարաֆանով…

Զույգ հաստ հյուսքերով… Հյուսքեր, որ խիտ ու գանգուր էին ու ողջ օրը հյուսված մնում էին` առանց ժապավեն-ռեզին էլ…

Կոշիկներս էլ հայաստանյան «Մասիս» կլինեին. էդ մեկը լավ չեմ հիշում…

Բայց հիշում եմ, որ սիրելի ուսուցչուհիներս` Ռոզա Ափյանը, Արմիկ Հովսեփյանը, Արմենուհի Յակուբյանը, Տամիլա Սարգիսովնան… իրենց զարմանք-հիացումը փոխանցեցին մայրիկիս… Եվ հետո, օրեր շարունակ, մայրիկս իմ սարաֆանից հա՜ պատվերներ էր ստանում… Մայրիկս,  հոգնած աչքերի անկյունում ժպիտ գծագրելով, ասում էր` թախտերը սկսեցին շնչել…

Իսկ ինքը զօրուգիշեր կարում էր…

Բայց հիշում եմ, որ դպրոցի սրահում անցկացված մեր հանդիսույթը… անկեղծացման… շքահանդես էր` բոլորս` բոլորի մասին` անկեղծ ու` արդե՜ն իսկ կարոտալի…

Բայց հիշում եմ մեր երկչոտ` …պատշաճ տարածքով տանգոներն ու Ժո Դասենի …երա՜զ-երա՜զ ընկերակցությունը…

Անհոգի, ուրիշի ձեռամբ մոգոնած սցենար չկար, մենք էին` մեր զգացած-չզգացածով, մեր սրտից բխածով…

Բայց հիշում եմ, որ մինչ լուսաբաց մենք նորեն ու կրկին սիրեցինք իրար ու… հոգի-ոգի ներառած խորհուրդներ տարանք…

Մենակ մի բանի համար էի տխուր. իմ առաջին ուսուցչուհի ընկ. Մաշուրյանը իմ կողքին չէր, նա իմ դասարանցիների  առաջին ուսուցչուհին չէր. ես թիվ 1 8-ամյայից էի եկել… Բայց իմ հրաժեշտի խոսքում ես նրան հիշեցի…

վերջին զանգ, Լենա Հովսեփյան, 2014, ԳորիսԱյգաբացն էլ միասին ընբոշխնեցինք, Տաթև էլ գնացինք-էլի մայրիկիս` մինչ այգաբաց չքնելու արդյունքում… ծնված  «բրյուչնոյ» կոստյումով` իմ կյանքի առաջին շալվարով… Միակ նկարս` «Վերջին զանգից»… Բայց չեմ հիշում, որ դրանից հետո ծնողներս… ամիսներով պարտքեր մարած լինեին… Ամեն մեկն իր… վերմակի չափով էր ուրախանում, ու համարյա մեկ էին բոլորիս վերմակները-վա՜զքը չկար, ճի՜գը չկար…

Հիմա…

Հրաշք օրեր էին` տպավորությունների` ամբողջ կյանքի համար վերցրած գունեղ… «վարկերով»…

Գույն ասացի` մեկ էլ անվերջ հիշում եմ մեր դասարանցի Անահիտ հարությունյանի վալսը. միակ աղջիկն էր որ «զակազ»տված շոր էր հագել`  վարդագո՜ւյն, շքե՜ղ… Ո՜նց էր պարում` ամառվա խնձոր-այտերին չքնաղ փոսիկներ գծագրելով…

Մեկ էլ ողջ կյանքումս մեր տնօրեն ընկ. Պետրոսյանի` Ռաֆիկ Արսենիչի խոսքերն եմ հիշում` «Լենա՛, աղջի՛կս, հիշի՛ր` գրականությունն անկեղծ մարդկանց կարիք ունի…Ես էն աշխարհից էլ կհպարտանամ քեզնով»…

Ամեն ոք չէր կասկածում, որ ես հենց իր… ուղղությամբ եմ գնալու-ընկ. Զաքարյանը, Միրզոյանը, Հովսեփյանը, Յակուբյանը, Մայսուրյանը… Բոլորը` բացի երգի ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներից. մեր ազգ ու ծուպում երգող մարդ չունեինք. «կքանստած` մա՛րշ» հրահանգն էլ կյանքիս ամենադաժան առաջադրանքն էր…

Լո՜ւյս Ձեր շիրմին… Ձեր շիրիմներին… Մի քանի ՄՈՀԻԿԱՆՆԵՐ են մնացել-Աստված պահապան նրանց… Մեզ էլ` նրանց այցի գնալու… ոգեղեն քաջություն…

Որ արցունքներիս ճամփա չտամ` լռեմ ու հազար-հազար անգամ ասեմ` «ԲԱՐԻ օր, օրեր, ԿՅԱՆՔ ձեզ, վերջինզանգցիներ…»…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև