Մեզ գրում են-”Ինչպես տատս է ասում` լավ ծոր ա, ըստըծու ծոր ա…”


Տեղ գյուղ Գորիս Նարինե ԳալստյանՕտարի հողում հանկարծ հիշեցի մեր Սըռեղծին: Տատս՝ Արշալույս Բաղդասարյանը, միշտ հիացմունքով և հպարտությամբ է խոսում այն ամենի մասին, ինչ կապված է մեր գյուղի հետ: Թոռներին միշտ հավաքում գլխին ու պատմում էր գյուղի հերոս-լեգենդների, հետաքրքիր դեպքերի և հայտնի վայրերի մասին, երբեմն պապս` Իշխան Բադասյանը, որ գյուղում հայտնի էր որպես չափազանց զարգացած մարդ և գյուղացիների կողմից ստացել էր “ինքնուս պատմաբան” ածականը, տաք վառարանի հետևին նստած, գիրքը ձեռքին ՝ կարդում էր արդեն գուցե և չորրորդ անգամ, միջամտում էր, իբրև լրացումներ անում տատիս, որպեսզի պատմություններն ավելի հստակ և ճիշտ իմանանք, իսկ այդժամ զրույցն ավելի թեժանում ու աշխուժանում էր: Այդպես նրանք մի անբացատրելի հետաքրքրություն և սեր էին առաջացնում մեր մեջ դեպի հայրենի ծննդավայրն ու գյուղը: Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ ուզում էինք բնության գիրկ գնալ, տատս առաջին հերթին Սըռեղծու մասին էր հիշեցնում:

Սըռեղծին Տեղ գյուղի եկեղեցին է (5-6դդ), հին շինություն, որ գտնվում է գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա` հին գյուղի տարածքում: Այն կառուցված է բարձրադիր վայրում` ձորի գլխի ժայռի եզրին, և իր գտնվելու դիրքով պայմանավորված` ստացել է “Սըռեղծի” (սըռ -սեռ, որ բարբառ. նշ. Է եզր, եղծի-եկեղեցի ) անվանումը, որ բացատրվում է` ժայռի եզրին կառուցված եկեղեցի: Շատ սիրված սրբավայր է հատկապես գյուղացիների համար, որտեղ ամառվա ամիսներին վերջիններս հաճախակի են հավաքվում ընտանիքներով` իրենց առօրյան կազմակերպում , խոստացած “մատաղն” անում: Տարածքն աննկարագրելի դրախտային է` մաքուր օդ, սառը և բնական “շոր աղբյուրներից” առաջացած ջրերի քչքչոց, առատ բուսականություն, թարմ կանաչի և ծաղիկների անուշահոտություն, թիթեռների խաղ, թռչունների յուրահատուկ ծլվլոց, իսկ ուրցի` ամենուրեք տարածված հոտը հիշեցնում է, որ դա Զանգեզուրն է`մեր երկրի ամենահեքիաթային անկյունը, որտեղ միայն հոգու և բնության ներդաշնակ հանգստություն է: Միայն թե փոքր-ինչ դժվարանցանելի են ճանապարհները, որ հնարավոր է անցնել միմիայն ոտքով, որովհետեև նեղ ու խորդուբորդ են, երբեմն նույնիսկ ծայրահեղ վտանգավոր, սակայն ոչ մի անգամ չի եղել դժբախտ դեպք, քանզի տարածքը սրբատեղի է, և ինքդ էլ քայլելիս, ժայռերն ու փոսերը հաղթահարելիս զգում ես աստվածային զորություն: Եկեղեցում մեր մեծ ընտանիքն ունի իր խաչքարը (եթե կարելի է այդպես ասել), որը քեռիս ՝ Սարգիս Բադասյանն է տարել այնտեղ` ի նշան այն մեծ հավատի, որ բոլորս զգում ենք Աստծո և այդ շինության հանդեպ….. Հիշում եմ` ամեն անգամ ՝ մոմ վառելուց հետո, բոլորս միասին մաքրում էինք եկեղեցին ավելորդ իրերից և խոտերից. դա անում էինք խանդավառությամբ: Սըռեղծում այնքան մոտ, այնքան ներկա էր թվում Աստված …….. Տուն էինք վերադառնում` հոգեպես թեթևացած, բավարարված, ոգևորված և հոգնած: Իսկ երբ ամիսներ հետո վառվում էր վառարանը և կրակը արագորեն լափում էր չորացած փայտերը, չրթչրթացնելով կայծեր արձակում, մենք կրկին թոռնիկներով հավաքվում էինք տատիս շուրջ` գյուղի մասին նոր պատմություններ լսելու: Այդ պատմություններից մեկն էլ` Խորխորի ձորի մասին էր:

Գյուղացիների հաջորդ սիրած վայրը Խորխորի ձորն էր, որ առեղծվածային զորություն ունի: Թե գյուղի որևէ ընտանիքում թերզարգացած (հիմնականում ֆիզիկապես) երեխա լիներ, անմիջապես տանում էին այդ ձոր` “Խորխորի ծակով” անցկացնելու համար, որը խողովակ հիշեցնող երկար և շատ նեղ անցք է: Հարազատներից մեկը երեխային մտցնում էր այդ անցքից ներս, իսկ մյուսը ` անցքի վերջից հանում էր փոքրիկին, դրանից հետո բոլորը հավատացած և համոզված էին, որ երեխան աճելու և զարգանալու է տարիքին համապատասխան և լինելու է հնարավորինս առողջ: Այս ձորն ունի ևս մեկ առավելություն. Խորխորի ձորում կա մի մեծ և տափակ քար, որ կոչվում է  ”Պորտաքար” : Չբեր, մայրանալ չկարողացող կանանց գյուղացիները խորհուրդ էին տալիս գնալ այդ ձոր և այնպիսի դիրքով պառկել քարին, որ պորտը դիպչի Պորտաքարին , ապա հարկավոր էր այդ դիրքում պտտվել 3 անգամ` բարձրաձայն աղոթելով և խնդրելով Աստծուն` երեխա պարգևել իրենց: Պատմում են, որ մի չբեր կին, որ գյուղ էր եկել հարևան բնակավայրից, լսելով այդ քարի մասին՝ գնում և  ”պորտը քարինա քիցում” (գյուղում այդպես էին նկարագրում այդ գործողությունը) և չանցած 2 ամիս, բոլորը լսում են այդ կնոջ հղիանալու լուրը, ով շուտով զույգ տղաներ է ունենում, իսկ մինչև 2 տարին, այդ նույն կինը զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերում, ինչի մասին վստահորեն փաստում և հավատացնում են գյուղացիները: Այս դեպքից հետո շատ ու շատ տարածաշրջաններից գալիս էին Խորխորի ձոր` աղոթելու, մայրանալու: Ինչպես տատս է ասում` լավ ծոր ա, ըստըծու ծոր ա:

Նարինե Գալստյան

Մոսկվա


Կարդացեք նաև