Թան. էլի փորձենք միասին պատրաստել

թան - ինչպես պատրաստել թան - Հարժիս

Հենց կենտրոնից եռաց` մի 5 րոպեից կրակից կվերցնենք...

Հիմա էլ որոշեցի ձեզ հետ զրուցել թանի պատրաստման մասին: Ես էլ առաջին անգամ այս տարի եմ սկսել թան եփել: Մեզ մոտ թանի հայրենիք է համարվում Հարժիս/ նախկինում` Յայջի/ գյուղը: Անգամ` յայջեցիներին ասում են` թան ուտող յայջեցիք: Գորիսում բոլոր գյուղերը…երևի թե փորձություն անցած  ”բրենդ”-ներ ունեն` էշ, շոն, կյազար օտող, հըցաքոռ, էշը կուրցըրած….Դե’, օրինակ, մեզ էլ` քարահունջեցիներիս, քյուշ են ասում/ բայց, խոսքը մեր մեջ մի քիչ …ունենք` շա~տ ենք անկեղծ, իսկ դա որպես…քյուշության համախտանիշ է նկատվում/…Սա` հընթացս` մենք ու մենքով…

Գորիսեցիները քաջ գիտեն այս ճաշատեսակի մասին և հիմնականում, անկասկած, համտեսել են: Շատ են թանի սիրահարներն առանձնապես տղամարդկանց շրջանում: Թան ուտելու գնալը համով ու…արդարացված առիթ է հավաքույթների, կենացների` լավ օրվա: Թանի հետ սովորաբար սեղանին դրվում է թթու և սպիտակ բողկ: Մասնագետ թան ուտողները սպիտակ բողկը թանի սեղան գալուց առաջ բարակ-բարակ կտրտում են, քիչ աղ ցանում, որ, այսպես ասած, ջուրը դուրս գցի, որ թանի հետ վայելեն…Թանի հետ նախընտրում են թթի օղին…

Ինձ համար թան պատրաստելու մածնի նախընտրելի չափը 10 կգ-ն է: Անկասկած, շատ կարևոր է, որ մածունը երես քաշած, տատիս ասած` սըլընգենի կաթից մերած չլինի: Մերելուց 2-3 օր հետո մածունը լցնում ենք շորի տոպրակի մեջ ու հով/ոչ արևի տակ/ տեղում կախում` քամվելու: Սովորաբար այդ պրոցեսը տևում է 25-30 ժամ` այնքան, մինչ` էլ տոպրակից չի կաթում: Հետո պինդ քամված մածունը լցնում ենք կաթսայի մեջ, նախընտրելի է` ոչ էմալապատ,  ավելացնում 4 ձու ու մի ձեռքի բռան չափով ալյուր: Ձեռքով կամ փայտե գդալով այդ զանգվածը մի քիչ կոկում ենք, որ գնդիկներ/յուղի ու ալյուրի/ չմնան, հետո դնում ենք կրակին, անպայման` կրակցրիչի վրա: Միջին կրակի վրա եփում ենք` անընդհատ խառնելով: Մի կես ժամից հետո սկսում է զանգվածը եռալ` նախ կողքերից, հետո` դեպի կենտրոն: Խառնում ենք այնքան, մինչ կենտրոնից էլ սկսի եռալ: Դրանից հետո մի 5 րոպե էլ խառնում ենք ու կրակն անջատում: Անջատելուց հետո մի 5-6 րոպե էլ, ոչ այնքան ինտենսիվ խառնում ենք ու ավելացնում աղը/աղը եփելիս չենք լցնում, որ հանկարծ չշաղի/` մոտ 2ճաշի գդալի չափով /ըստ ճաշակի/: Հետո լցնում ենք բանկաների մեջ ու փակում: 10 կգ մածնից ստանում ենք ոչ ավել, քան  3,5  կգ թան:

Այստեղ ասեմ, որ ոմանք սիրում են, որ թանի բանկաների մեջ լինի նաև սոխ, որ տաքացնելիս հետը տաքացնեն ու վայելեն: Թանի գործում իմ…խորհրդատու, վերիշենցի, թանի մեծ մասնագետ Մանուշակ տատի/լո~ւյս հոգուն/ թոռ Մարինեն ասաց, որ իրենք սոխը կճեպով լվանում են, լցնում էմալապատ ամանի մեջ, վրան եռման ջուր լցնում, ծածկում ու մի կես ժամ թրմում: Այդպես էլ արեցի: Երբ մաքրում ես, թվում է` խորոված սոխ է` բույրով ու տեսքով: Մաքրելուց հետո ես սոխերը/ ի դեպ` փոքրիկ/ սրբիչով չորացրի ու թանը բանկաները լցնելիս` հետը լցրեցի արանքները: Ասենք` մի բանկային/1 կիլոգրամանոց/ մի 5-8 հատ: Սա, իհարկե, պարտադիր չէ` սիրելու հետ է կապված: Ես, կոնկրետ, և սոխով եմ պատրաստում , և’ առանց սոխի, որովհետև, մեկ է, թանը տաքացնելիս կարգին, տեղը -տեղին սոխեռած ենք անելու:

Թանը տաքացնելը գորսեցիներին քաջ հայտնի տեխնոլոգիայով է արվում: 1 կգ թանից 6-7 բաժին է ստացվում: Եփած, գոլ ջրով բացում ենք/ մոտ 2,5 կիլոգրամ/, դնում կրակին ու անընդհատ խառնում: Դրան զուգահեռ, ցանկալի է` տնական յուղով, թույլ կրակի վրա, մանր կտրտած սոխով սոխեռած ենք անում: Երբ սոխը սկսում է վարդագունել, ավելացնում ենք ուրցի համը հիշեցնող “ծիթորանը”: 1-2 րոպեից թավայի տակն անջատում ենք: Ափսեների մեջ լցնում ենք նախօրոք փշրած չոր լավաշը, վրան` շերեփով թանը, հետո` թավայի անուշաբույր զանգվածից 2-3 գդալ: Սա էլ` թանը: Բարի’ ախորժակ: Երջանիկ կլինեմ, եթե օգտակար լինեմ որևէ մեկին. էլի, անկեղծ, համացանցում այս մասին ոչինչ չգտա: Մեր տատերի…գիտությունը/գոնե, ինչքան հնարավոր է/ փոխանցել է պետք…Այդ էլ արեցի…

ՀԳ
Հիշում եմ` իմ մանկության տարիներին էս թանատեսակն ընդունված չէր. մեր տատիկները չորաթան էին սարքում: Քամած մածնով ու աղով/շատ հստակ չեմ կարող ասել` ենթադրում եմ/ շաղախված,  “պրյանիկի” տեսքով, բայց մի քիչ մեծ գնդիկները դնում էին արևի տակ, չորացնում: Հետո ձմռանը, հատուկ փայտե ամանների մեջ /կարծեմ` տեփուր էին ասում/, գոլ ջրով հարում էին այնքան, մինչ  այդ չորուկ զանգվածը տարալուծվի ջրի մեջ ու հետո եփում էին:

Քարահունջ թան սողք

Ցավոք, քարահունջյան նկարներն այսչափ տխուր են` սողք, արտագաղթ...Բայց ՈԳԻՆ կա'...

Խոստովանեմ, որ երեխեքով գժվելու չափ սիրում էինք դեռևս կիսաչոր էդ գնդերը: Իմ…աշխարհի կենտրոն Քարահունջում Լուսիկ տատս դրանք չորացնում էր տանկից /դրկից` մեկի տունը մյուսի կտուրն էր/ հարևան ու բարեկամ Մագրափ տատի տանիքին: Ես ու մորաքրոջս աղջիկ Սուսանը հաջողում էինք …գողանալ ու վայելել: Տատս ցույց էր տալիս, թե չի ջոկել. բայց քթի տակ ժպտալով “փոչ” տեղերը լրացնում էր` եղածը ավելի մոտ վերադասավորելով: Էնքան չէինք գողանում, որ  տատիս զայրույթին արժանանայինք-խիղճն էլ լավ բան է…Մեկ էլ ի~նչ կարոտով եմ հիշում, երբ տատս, գուցե ժամերով ջրով կոկում էր էդ գնդիկները ու տակը մնացած պստլիկ մնացորդները տալիս մեզ. դա բառերով ասելու բան չի` դա ՄԱՆԿՈՒԹՅԱՆ համն էր…Բայց, ա’յ, ինձ, կոնկրետ, էդ թանն ուտելի չեմ հիշում. գուցե մի քիչ մեծական ուտելիք էր, թե՞ մեր վայելքն էն գնդերը գողանալու մեջ էր…

Երնե~կ…

Լ.Հ.


Կարդացեք նաև