Ածիկ. վստահաբար ասում եմ` եփել կարող ենք ամենքս

ածիկ,ածիկի պատրաստում, ցորեն, պահք

Սկսեցի թոռնուհուս` իմ Էլենի հետ. նա վարակիչ եռանդով էր ցորենը...մաքրում...

Կան ճաշատեսակներ, որ նախ և առաջ…հիշողություն են. կարոտ են, մանկություն են ու մանկության համ են…Դրանցից մեկը, ինձ համար կոնկրետ, ածիկն է: Մայրս էր եփում, ու մենք ընտանիքով այդ յուրօրինակ արարողակարգի վկաներն էինք: Չմեծամտանամ` մասնակիցը չէինք` վկաներն էինք: Ընթացքին իրազեկ բարեկամներն օրերն էին հաշվում…վայելումի: Իսկ մենք, պարզապես, ներկա էինք մայրիկիս  անվերջ ու անհամար` համբերությամբ ու խորիմաստությամբ պարուրված հերթական արարումին. լիներ զրույց, թե` կար, լիներ խոհ, թե` կերակուր…

…Ու ես էլ վերջերս որոշեցի ածիկ եփել: Ու քանի որ խոստովանեցի, որ այնժամ ես այդ ընթացքի վկան էի և ոչ` մասնակիցը, մանրամասներին ճշգրիտ չէի տիրապետում: Պեղեցի ողջ համացանցը. լուրջ բան չգտա: Օգնության համար դիմեցի Տուլայում բնակվող կրտսեր եղբորս` Մարատին, որը դեռևս մայրիկի կենդանության օրոք, նրա ցուցումներով, էլի օտար ափերում, եփել էր: Ի դեպ հիմա էլ տարվա մեջ, չնայած իր զբաղվածությանը, մեկ-երկու անգամ տիկնոջ` Հասմիկի հետ, եփում են: Եփում են  իրենց խոսքով` ամեն հայ մարդու, առանձնապես աճող օրգանիզմների  համար ծայրագույնս անհրաժեշտ այդ կերակրատեսակը:

Այսինքն` ածիկի մասին մենք չէ, որ պիտի ասենք. այն դարերի փորձություն անցած, անկասկած, աստվածային ուտելիք է` մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ…Այն հիմնականում պահքերի ուտելիք է. երևի սրանով ամեն ինչ ասված է…Որքա~ն էր խորհուրդ տրվում վերարտադրողական տարիքի երիտասարդներին, կանանց. համարվում էր, այսպես ասած` մեջքը պնդացնող հրաշալի միջոց…

Հիմա` սկսեմ կոնկրետ պատմել ածիկի պատրաստման ընթացքի մասին:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՍկսում ենք հատիկը մաքրելուց: Արդեն մաքուր հատիկը լվանում ենք, լցնում քամիչի մեջ, հետո` կաթսայի մեջ, ու վրան գոլ ջուր լցնում ` մակերեսից մի 4-5 սմ բարձր:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՊահում ենք մոտ 12-16 ժամ: Արանքում մի անգամ ջուրը փոխում ենք: Հատիկների ծերերին թույլ սպիտակ է երևում: Այդ ժամանակ  լցնում ենք քամիչի մեջ, հետո, ինչպես ասում ենք` պատնոցների /поднос-մատուցարան/ մեջ ու դնում փակ ու մութ, հարթ տեղ /ասենք` լավ փակվող պահարանում/:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՕրական 2 անգամ հանում, էլի գոլ ջուր ենք ցանում: Որպեսզի ջուրը բոլոր հատիկներին հասնի, կարող եք մի քիչ շատ ցանել, հետ կամաց թեքելով քամել:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքԱյդ գործողությունը կրկնում ենք 4-5 օր` նայած տարվա եղանակին:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքԵրբ ծիլերի բարձրությունը հասնում է մոտ  մոտ 2-2,5 սմ-ի, ուրեմն` աղալու ժամանակն է: Ամենակարևորը` չպիտի թողնել, որ ծիլերը կանաչ երանգ ստանան. պիտի լինեն թույլ սպիտակադեղնավուն: Հակառակ պարագայում` ածիկը շատ դառնավուն կստացվի:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՀերթով поднос-ները հանում ենք ու գորգի նման ներմիահյուս զանգվածը իրարից բաժանելով` աղում ենք մսի մեքենայով:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքԱղալուց հետո նախապես վերցրած ջրի չափաբաժնի կեսով խյուսը` աղացածը, անց ենք կացնում քամիչով:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՆույնը կրկնում ենք ջրի մյուս կեսով: Արդեն 2 անգամ պինդ մզված զանգվածը, որն այևս պետք չէ, կողք ենք դնում: Ստացված յուրահատուկ բույրով հյութը քամում ենք, ցանկալի է` քամիչի վրա գցած մառլյայով:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՍտացված հարթ ու համասեռ զանգվածին, քիչ-քիչ ավելացնելով, խառնում ենք նախապես կշռած սև/ երկրորդ սորտի/ ալյուրը: Ստացվում է մսով բլինչիկի թերթիկների համար պատրաստվող զանգվածի խտության նման մասսա: Ցանկալի է այն ևս մի անգամ անցկացնել քամիչով, որ գնդիկներ չմնան:

ածիկ ածիկի պատրաստում ցորեն պահքՍա արդեն վերջին գործն էր: Հետո դնում ենք կրակին` կրակցրիչի վրա, ու եփում` անընդհատ խառնելով: Այդ պրոցեսը տևում է մոտ 9-10 ժամ/նայած` կրակի ուժգնությանը/: Համարվում է պատրաստ, երբ ածիկի մակերեսը` քափկիրի շարժումներից ծալ-ծալ ալիքվում է, ու մակերեսն ասես փայլում է:  Ածիկը պատրաստ է, մնում է այն, քիչ սառելուց հետո, լցնել էմալապատ ամանների կամ  բանկաների մեջ ու պահել ոչ շատ տաք վայրում, կարելի է նաև սառնարանում, բայց սառնարանում մի քանի օրից հետո ասես քաղցրանում է:

Դե’, այստեղ են ասել` բարի վայելում: Ի դեպ, ածիկը վայելել են մատով, այսպես ասած` լպստելով…

Հիմա` չափաբաժնի մասին/ կոնկրետ իմ եփածի դեպքում/:

Ցորեն` 5 լիտրանոց բանկայի տարողությամբ, ջուր` 14 լիտր, ալյուր` 6,5-7 կիլոգրամ: Ստացվում է մոտ 14 կգ ածիկ, որը ես բաժանացի ավելի քան 30 ընտանիքի: Ասեմ, որ այն եփել էի Ասյա մայրիկիս…հիշատակի օրը: Հիմնականում բոլորն ասացին, որ վերջին անգամ կերել են հենց մայրիկիս եփածը…ԼՈ’ՒՅՍ նրա հիշատակին…

Իսկ ձեզ` այն եփելու կամք ու ցանկություն/ի դեպ, ասես քեզնից անկախ, հոգի ես դնում եփելիս, ողջ ընթացքում, իսկ ճաշակելն արդեն վայելք է, դեռ չեմ ասում` կարծիքներ ու օրհնություններ լսելը…Չափաբաժինը կարող եք 2 կամ 3 անգամ / անպայման` համասնորեն/ փոքրացնել…

Կարծում եմ` ես մի քիչ օգնեցի, որ այս ՀՐԱՇՔ ուտելիքը չմոռացվի…Հաստատ մինչ այս համացանցում ածիկի պատրաստման նման  մատուցում չկար/ ես որ չեմ հանդիպել/…Դե’, մեր տատիկների ժամանակ համացանցը…որտե՞ղ էր…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև