Սա իմ մատյանի` իմ ամփոփագրի վերծանումն էր

Լենա Հովսեփյան ծննդյան օրՕր կա, որ ծնվում է ու վաղուց արդեն բարուրի տարիքից դուրս է, դուրս է, բայց ահել չէ, մանուկ չէ, բայց մեծ էլ չէ-օր է, որ քոնն է, որ դու ես, որ մտքերիդ հանդարտ որոճումի կիզակետն է, որ աշխարհի հետ քո հաշիվն է ու…հաշվետվություն չէ: Հե՛րն անիծած, իմ օրն է, իմ ապրածն է, իմ գցած-չբռնածն է-անկնկալիքն է: Իմ տեսակի կերպն է, կերպի մատյանն է:

Իսկ իմ մատյանում գնահատականներ չկան, քենոտ կետեր չկան, ներկա-բացակա չկա, քառորդ-կիսամյակ չկա, մի բան կա` մեն-մենակ մի բան` գոհացում կամ չգոհացում: Իսկ չգոհացումը չգոհացնելու տխրությունն է: Իսկ տխրությունն այդ հուսահատ չէ, բացվող օրվա հետ նոր թվաբանություն է:

Իսկ թվաբանությունը առանց թիվ ու անգործողություն է` գումար ու տարբերություն չկա, քանորդ էլ չկա, էլի մեն -մենակ մի բան կա` ժպիտ կա՞ր, թեկուզ արցունքի միջից` ցողոտ ժպիտ կա՞ր:

Ու թե կար` ուրեմն զուր չեն եղել ծննդիդ` նախախնամության թողտվությունը, օրոցքիդ մոտ անքուն գիշերները, քեզ ներհյուսած երազ-երազանքները, կերածդ կաթը, ըմպածդ խրատը, արյանդ պահ տվածը, ապրած-շնչածդ:

Հիմա ես իմ ԵՌԱՆԿՅԱՆ մի գագաթում եմ, մյուսում` բարդիների թիկունքից երևացող իմ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆՆ է, էն մյուսում էլ` իմ ԼՈՒՅՍ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ են…

Ու ես երեսպարզ եմ:

Ու իմ կարոտը, էլի մեն ու մենակ, ֆիզիկական չներկայությունների հոգոցն է:

Այն, փա՜ռք ՏԻՐՈՋԸ, ինքնանախատիքի հեղձուկ չի:

Մենախոսեցի:

Իմ ծննդյան օրվա գիշերը:

Սա իմ մատյանի` իմ ամփոփագրի վերծանումն էր…

Ես էի: Ես ու ՄԱՅՐՍ նույն օրվա ծնունդ ենք: Խորհուրդ կա՛: Հուսախաբության իրավո՛ւնք չկա:

Դե, բավ է, Լենա՛: Դու լռելյայն, բայց ոչ մունջ ՈՒՂԵՐՁՆԵՐԻՆ ականջալուր ես:

Սպասիր`բարի բացվող օր` նոր ՕՐ…

Լ.Հ.


Կարդացեք նաև