Մեզ գրում են-Տապանաքարը

Գորիս, Գրետա Գրիգորյան, պատմվածքՕհանենց գերեզմանը մի քիչ թեք հարթության վրա էր: Թեքության ամենաստորոտային մասում, ուր ավելի հարթ էր, 20-րդ դարասկզբին տեղադրված մի քար էր` Մարգարիտ – ծնված 1901-36թթ: Օհանը երկար զննումներ կատարեց քաղաքի տարբեր բնակիչների շրջանում և ստույգ տեղեկություն չկարողացավ իմանալ: Է~հ, եթե տեր ունենար կողքը կցանկապատեին, պարիսպ կդնեին, ուրեմն Օհանը իրենց գերեզմանատեղը կմեծացնի, Մարգարիտի քարն էլ ձորը կգլորի, էգուց ինքն ու իր կինը նրա տեղը հանգիստ կպառկեն, ոսկորներ են էլի~, վաղը չէ մյուս օրը բոլորն էլ  հողի են վերածվելու: Այստեղ Օհանը կանգ կառներ, եթե մի փոքր աշխարհաճանաչ ու տառաճանաչ մարդ լիներ ու կարդացած լիներ Հովհ. Թումանյանի հետևյալ տողերը.

Խայամն ասավ իր սիրուհուն` “Ոտքդ զգույշ դիր հողին,

Ո~վ իմանա, որ սիրուհու բիբն ես կոխում դու հիմի…”:

Հե~յ ջան, մենք էլ զգույշ անցնենք, ո~վ իմանա, թե հիմի

Էն  սիրուհու բի՞բն ես կոխում, թե հուր լեզուն Խայամի:

Դե’, չէր կարդացել ու իսկույն գործի անցավ: Վերցրեց բահն ու քլունգը ու Գորիս գյուղի գերեզմանանոց հասավ այն ժամանակ, երբ քաղաքը խոր քնի մեջ էր, և հոգիներն էլ խաղաղ ննջում էին:

Զրնգաց քլունգը, թխկաց բահը, փոսի մոտ հողը բարձրացավ. Մի պահ Օհանի մարմնով սարսուռ անցավ` կմախք էր ու 2 հյուսք սև` խնամքով իրար փաթաթված: Օհանը դրանք արագ լցրեց մի տոպրակի մեջ, տարավ շատ հեռու` ձորի մյուս կողմը, ու հետո եկավ փոսը լցրեց, քարն էլ թարս շրջեց մի քանի գերեզման հեռու: Վերջ… Իր ու կնոջ վաղվա հավերժական անկողինը պատրաստ էր` ուրիշի ոսկորների դուրս շպրտման հաշվին:

Գործը ավարտված համարելով` տուն էր դառնում: Որոշեց գետի կողքից մի քիչ նորաբուս բանջար էլ հետը տանի, կնոջ հետ միասին անուշ անեն: Ձեռքը տարավ, որ պոկի բանջարը, բանջարի կողքին մի ոսկոր տեսավ, երևի ինչ որ կենդանու հոշոտված մարմնից մնացած ոսկոր էր: Սկզբից չկարևորեց, վերցրեց ու շպրտեց գետի ալիքների մեջ:

Բայց… Տեր Աստված, ինչ կատարվեց իր հետ, գլուխը պտտվեց, ջրերի միջից բարձրացավ կմախք` երկար հյուսքերով ու ծիծաղեց նրա վրա: Նա մի քանի անգամ խաչակնքեց, աչքերը տրորեց, բայց կմախքը դեռ ծիծաղում էր: Օհանը ուզեց վազի, հեռանա տարածքից, բայց մազերը կմախքի ծեփվում էին նրա երեսին ու հանգիստ չէին տալիս: Մի փոքր, լպրծուն գետի քար դուրս պրծավ ոտքի տակից ու, շրը~խկ, փռվեց գետափին` գլուխը խփելով մի խոշոր քարի: Ու էլ Օհանը ոչինչ չզգաց` Մարգարիտի տապանաքարը ճնշում էր նրան, չէր թողնում գլուխը բարձրացնի, ուզում էր օգնություն կանչել, բայց ձայնը դուրս չէր գալիս, ինչ որ թվեր էին աչքերի առջև շարժվում` 1901-36թթ:

Վերջ, փակվեց աչքերը, զուր էր գետի կողքով անցնող մարդը ուզում ուշքի բերել: Մարմինը չէր շնչում:

Դեպքից 2 օր անց Օհանին թաղեցին Մարգարիտի` հանած շիրիմի տեղը:

Օրեր անց Օհանի կինը` Արփիկը  երազում ամուսնուն տեսավ: Նա խնդրում էր, որ կինը Մարգարիտի ոսկորները նորից հողին հանձնի և քարը դնի իր տեղը: Սկզբում Արփիկը չկարևորեց: Բայց հետո նրան գիշերը երազում Մարգարիտն էր գալիս, հյուսքերը թափ տալիս նրա վրա, ոսկրացած ձեռքերով քաշում նրա մազերից: Ի՞նչ էր սա` դժո՞խք, թե Աստծո պատիժ: Արփիկը պատմեց մտերիմներին: Նրանք խորհուրդ տվին ոսկորները հողին հանձնել և դնել գերեզմանաքարը: Ճիշտ այդպես էլ արեց Արփիկը. համարյա Օհանը և Մարգարիտը տեղավորվեցին մի գերեզմանափոսում: Ու այդ դեպքից հետո, երբ գերեզմանատուն էր գնում, առաջին ծաղիկը դնում էր Մարգարիտի տապանաքարին ու ներողություն խնդրում` նրա ոսկորները տեղահան անելու համար:

Հ. Գ.

Այս փոքրիկ գրվածքը”ՙնվիրվում է” բոլոր գերեզման սրբապղծողներին, որոնք մի թիզ հողի, մի երկաթե կտորի, մի փոքր քարի համար իրենց հոգին  ծախում են սատանաներին: Եվ, որպես վերջաբան, հիշեցնենք կրկին անհանգիստ հոգու, գերբնական ուժի, մարդկային խղճի, տառապանքի ու վախի մասին մտքեր ամփոփող Ա. Ս. Պուշկինի “Ջրահեղձը” բանաստեղծությունը:

Ներս վազեցին մանուկները

Ու կանչում են հորը շտապ.

- Ապի’, ապի’, եկ մեր թոռը

Մեռել հանեց գետի ափ:

Հայրը ահաբեկվում է, սաստում, միաժամանակ գնում է տեսնելու

Զարհուրելի դիակն սառել,

Կապտել էր այլանդակ:

Արդյո՞ք տանջված մի թշվառ էր`

Հանգիստ գտած ջրի տակ,

Մի գետակուր ձկնորս էր այն,

Թե’ գինեմոլ մի ջահել

Թե’ անզգույշ վաճառական

Հարամու էր պատահել…

Խեղճ գյուղացին վախից, որ իրեն կմեղադրեն, դիվան կանեն, նորից ջուրն է շպրտում դիակը: Բայց ամեն գիշեր դիակը հյուր է գալիս նրան ու բախում դուռ ու պատուհան:

Ամբոխն ահեղ զրույց ունի,

Թե այս դեպքից գյուղացին

Սպասում է ամեն տարի,

Միշտ նույն օրը խեղդվածին:

Խառնվում է օրն առավոտից,

Գիշեր գալիս բուք ու մութ,

Ու խեղդվածը ամբողջ գիշեր`

Բախում դուռն ու լուսամոտ:

Մի թիզ հող արժան արեք մահացածներին, մարդիկ, և մի’ խլեք նրանցից այդ մի թիզը, մի

ոչնչացրեք գերեզմանատեղերը: Թե չէ մի օր էլ պեղումներ կանեն այս վայրերում և կասեն` հայերն այստեղ հայտնվել են 20-րդ դարի վերջին:

Իսկ մենք ապացույցներ չենք ունենա

Գրետա Գրիգորյան


Կարդացեք նաև