Մեզ գրում են-Թողտվության մթնոլորտը պատճա՞ռ, թե՞ անձի որակի, ինքնության անկում

Գրետա Գրիգորյան, Գորիս, գերեզմաններԹող մի քիչ խառը չթվա վերնագիրը հոդվածի, ասելիքի կուտակումը այնքան խիտ է, այնքան հուզող ու մտահոգությամբ այն, որ արդյոք նպատակակետին կհասնի՞, արդյոք կարձագանքվի՞, թե՞ կնմանվի անապատի քամու ձայնի:
Բոլոր ժամանակներում անտարբերությունը եղել է քաղաքակրթության զարգացման խոչընդոտ, չարիք: Ասել է է` անտարբերությունից է ծնվում ամեն վատն ու չարը աշխարհի: Աշխարհի այս հարափոփոխ խառնարանում արժեքներ կան, որ պետք է մնան անձեռնմխելի, հաստատուն, անփոփոխ:
Ու մի բան էլ` հետևողական ու կտրուկ քայլերի պակաս է թագավորում որոշ օղակներում, որոնց պարտականությունն էլ դրանց վերահսկելն է:
Կտրուկ թեմային անցնելու համար մի կարևորագույն քայլ կատարենք դեպի անցյալը:
Եթե թերթի էջերում բարձրաձայնվում էր որևէ խնդիր, այն իր լուծումն անհապաղ գտնում էր: Վերին օղակներում (շրջկոմ, գործկոմ, դատարան, ՆԳ բաժին, ձեռնարկություններ) քննվում էր հոդվածը, անհրաժեշտ եզրակացություններ արվում, շտկվում էր սխալը, պատժվում` մեղավորը: Այսինքն` չարիքը` մեծ թե փոքր, կանխվում էր:
Հիմա կարծես գրում ենք ինքներս մեր նյարդերը խաղաղեցնելու համար կամ, ասենք, ժամանակն իր բարքերով ներկայացնելու համար` թեման դարձնելով բարոյախրատական:
Գրետա ԳրիգորյաՆ ԳորիսԱսելիքս մասնավորեցնեմ բազում ու բազմապիսի ձևերով “Զանգեզուր” -ում տպագրված հոդվածներում (որոնցից մեկը անպայման նորից կտպագրենք) բարձրացրած խնդրին` մեզ համար սրբավայր դարձած մեր նախնյաց, հարազատների գերեզմանատեղիներին:
Տարբեր մակարդակներով խոսվեց, քաղաքային իշխանություններն անդրադարձան, որ Գորիս գյուղի գերեզմանոցն արդեն տեղ չունի, ավելորդ է ճանապարհներն հարթել, ժայռեր բարձրանալ, խցկվել անցուղիներ` տեղ բացելու: Թե որքանով ազդեց դա բնակիչների վրա` ականատեսն կիմանա:
“Թոզ-կապ” անվանվող գերեզմանոցում կրկին նույնն է` անցուղիները փակվում են. մարդիկ չգիտեն ինչպես հասնեն իրենց հարազատների գերեզմանները: Բայց, այ, քաղաքային գերեզմանոցում պատկերն ավելի խայտառակ է. մեկ գերեզմանից մյուսը ցատկելով պիտի անցնեն մարդիկ: Դեռ դա քիչ է. յուրաքանչյուրն իր գերեզմանի (հարազատների) տարածքը մաքրում` ճյուղեր լինեն, թե`թփեր չորացած, թե ծաղկեպսակներ, լցնում են ցանկացած տեղ` հիմնականում արգելելով մարդկանց ելումուտը:
Ամենասարսափելին այն է, որ կան սրբապիղծներ, որոնք օրը ցերեկով կովեր են արածեցնում գերեզմաններում, շրջապատը աղտոտում, ցանկապատները շարժում և նման տխուր հետևանքներ առաջացնում:
Գրետա Գրիգորյան ԳորիսԻսկ վերջերս մի դաժան փաստի ականատես եղանք (ես ակամա հիշեցի իմ “Տապանաքար” հոդվածի հերոսին). եթե հանգուցյալը այստեղ ննջում է վաղուց, քարն էլ թեքվել կամ ուզոմ է հողին հավասարվել, դիտավորյալ աղբ են լցնում, որ տեղն առհասարակ կորչի: Ու, երկար ժամանակ բողոքի չհանդիպելով / կարծես, իրական տեր ասպարեզում չկա/, իրենց սև գործն են սկսում. տարածք մեծացնել, նոր գերեզմանատեղի սարքել:
Խոսում, խոսում ենք, բայց ոչ մի բան չի փոխվում մեր առօրյայում: Սա անհատի վերաբերմունքի, հսկողության պակասի հետևանք երևույթ չէ միայն: Այստեղ քաղաքային իշխանությունների կտրուկ քայլերն են պետք: Որքանով հանգիստ կլինեին մարդիկ, թե գերեզմանոցները պահակ ունենային, ունենային այլ աշխատողներ: Գոնե ցերեկով կհսկեին վայրի ու անտարբեր մարդկանց գործողությունները: Այդ հարցում բնակիչներն էլ իրենց օգնությունը կառաջարկեին գումարի տեսքով` իրենց հոգու հանգստության համար: Թաղման արարողությունների համար (նամանավանդ հոգեհացի) մարդիկ միմյանց են զարմացնում իրենց ճոխ սեղաններով, բայց, այ, այսպիսի կարգ ու կանոնի` հարգանքի տուրքի մասին, որ պետք է զգացվի գերեզմանոցներում, մարդիկ անտարբեր են դառնում;
Մի անգամ (այդ մասին էլի հրապարակում եղել է մեր թերթում) մի մարդ կովն էր արածեցնում գերեզմանոցում: Երբ մոտեցանք և ամոթանք տվինք, որ հեռացնի, գիտե՞ք` ինչ պատասխանեց` չեմ կարա, ուր որ է կովս պիտի ծնի: Էլ ինչ ասես այս տգետին. կովը, գուցե, ավելի… ազդվեց հանդիմանությունից… Իսկ մոշի, սալորի, ընկույզի և մյուս պտղատու ծառերի մասին չեմ խոսում, որոնց բերքը հասնում է շուկա` մեր անտեղյակ բնակիչներին:
Իսկ շատ հին գերեզմանաքարեր, շիրմաքարեր ու տապանաքարեր, որ ձեռակերտ կոթողներ են, նաև` մշակութային արժեք, որոնց այցելողներ չունեն, որոնք էլ վաղ թե ուշ կկորչեն մյուսների նման: Հետաքրքիր խաչքարեր` յուրահատուկ լուծումներով, մոռացության կմատնվեն:
Ինչու՞ ենք ուզում հեռանալ մեր արմատներից, մեր ինքնությունից, ինչու՞ ենք ուզում նմանվել հարևան ազգերի գործելաոճին:
Մի անգամ, հիշում եմ, քաղաքային շաբաթօրյակի օրերին քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, որ աղբատար մեքենաներ կլինեն գերեզմանոցների մոտ, և թող բնակիչները, մաքրելուց հետո տեղափոխեն աղբը մեքենաների մեջ: Բայց ո՞վ մասնակցեց` ոչ ոք: Բնակիչների անտարբերությունը թող պատճառ չդառնա հրաժարվելու նման նախաձեռնություններից: Այստեղ հետևողական, ինչու չէ, նաև բացատրական աշխատանք է պետք, մինչև մենք է լ քաղաքակիրթ երկրների նման վճարովի գերեզմանատեղիներ ունենանք:
Գերեզմաններն էլ յուրատեսակ սրբավայրեր են. եկեք այնտեղից հեռանալիս մաքուր խիղճ ունենանք, հանգիստ հոգի, այդ դեպքում այնտեղ կհանգչեն խաղաղ:
Ակամա հիշեցի վերջերս “Արմենիա”հեռուստատեսությամբ “Սուր անկյուն” հաղորդաշարի “Թլպատված հոգիներ” տեսանյութը որոշ գյումրեցիների մասին, որոնք ավերում են գերեզմանաքարերը, գերեզմանները քանդում, նոր գերեզմանատեղիներ են ստեղծում: Զարմանում ես. Հ. Շիրազ, Ա. Իսահակյան. Մ. Մկրտչյան, Ֆլորա Մարտիրոսյան և մյուս մեծեր ծնած հողը ինչպես է հանդուրժում այս վանդալ թափթփուկներին:

Գրետա Գրիգորյան
“Զանգեզուր”


Կարդացեք նաև