Ես հավաքեցի իմ բոլոր մտքերը քո մասին և ցանկանում եմ այն տեսնել քո կենսագիր – վկայագրի էջերում

Սա անակնկալ էր: Անակնկալ, որից մի աննախադեպ սարսուռ ապրեցի: Իմ ընկերուհի-գործընկերուհին գրել էր իմ մասին` ՄԵՐԻ ֆոնին…Գրել է իմ սերնդակից գրչակիցներիս…հայրական տուն “Զանգեզուր”-ում: Տասնամյակներ արդեն գրում եմ: Գրում ենք լրագրողներս: Բայց գրում ենք երբեք ո՛չ մեր մասին: Գրում ենք մեզ շրջապատող մարդկանց ուրախությունների ու ապրումների, ձեռքբերումների ու մտահոգությունների մասին: Մտնում ենք նրանց էության մեջ, պեղում, տեսնում, զգում, վեր հանում…Բայց` մնում կուլիսների հետևում: “Զանգեզուրը” էլեկտրոնային ներկայացում չունի: Ես խնդրեցի տեքստը` ինչպես կա, և նկարը` իրենց ընտրած, ու որոշեցի դնել իմ  անձնական կայքում: Ու ասել` շնորհակալ եմ, Գրետա ջան… Լենա Հովսեփյան

Զանգեզուր թերթ, Լենա Հովսեփյան, Գրետա Գրիգորյան“Կար ժամանակ, որ “Գործկոմի շենք” ՚կոչված կառույցի 3-րդ հարկի ամբողջ ձախ կողմի աջ ու ձախ թևերում “Զանգեզուր՚”թերթի խմբագրության նստավայրն էր: Խմբագրություն` իր բոլոր բաժիններով, տասնյակից ավելի սենյակներով ու աշխույժ, բազմանդամ, ստեղծագործ կոլեկտիվով: Ճիշտ է, համակարգչային ժամանակներ չէին, բայց գրամեքենա կար, կար հեռատիպ, կար իր ժամանակի չափանիշներով` տեխնիկայով հագեցած տպարան: Ու մենք շաբաթը 3 անգամ թերթ էինք տալիս քաղաքի ու գյուղի բնակիչներին:

Բոլոր օջախներում պարտադիր կար ու ընթերցվում էր “Զանգեզուրը՚”:

Այդ տարիների գեղեցիկ օրերից մեկում էլ  առաջին անգամ ուսանող մի աղջիկ իր թղթակցությամբ եկավ խմբագրություն: Խմբագիրը հոդվածը մակագրեց ինձ: Թիթեռնիկի շորիկով աղջիկը (իր Ասյա մայրիկի կարած) վստահ բացեց դուռն ու ներս մտավ: Երբ ես կարդում էի նրա հոդվածը ու նայում նրա դեմքին` ինքնավստահություն կարդացի նրա աչքերում` հաստատ կհավանես: Տպագրվեց հոդվածը: Իրար հաջորդեցին նրա թղթակցությունները և, ամիսներ անց, խմբագիր Սերյոժա Ղազարյանը նրան աշխատանքի ընդունեց որպես լրագրող:

Այդ լուսավոր, բարեկարգ, երկար միջանցքի աջ ու ձախ թևերի սենյակների մեջ էլ անցան մեր` բոլորիս երիտասարդ տարիները: Անցան աշխույժ, հետաքրքիր, նաև խիստ կարգապահությամբ լի տարիները` պարտադիր օրվա մեջ 100 մեքենագիր տող հանձնելու պատասխանատվությամբ:

Այդ թիթեռնիկ շորիկով աղջիկը` Լենա Հովսեփյանը, էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր առօրյան: Գրելը դժվար չէր նրա համար: Նախ լուսանցք էր թողում թղթի  ձախ հատվածում, ու տողերը սահում էին: Այդ ամենին` գրելուն համընթաց, հումորախառն զրույց էր, որ ծնվում էր անսպասելի, հանպատրաստից: Երբեմն բարձրաձայն ծիծաղից հայտնվում էր խմբագիրը և նկատողություն անում: Որտեղի՞ց այդքա՜ն հումոր, այդքա՝ն դիպուկ ու սրամիտ խոսքեր:

Տարիները մնացել են հետևում: Ժամանակները` փոխվել: Հավատարիմ մեր մասնագիտությանը` բոլորս մինչև վերջ մնացինք մարդ-լրագրող, բայց` աշխատելով իրարից հեռու: Սակայն երբեք իրարից չհեռացանք` ուրախ և տխուր օրերը կիսեցինք իրար հետ:

Լենան էլ, ամսագիր, թերթ, գրքեր խմբագրելուց բացի, միշտ հավատարիմ մնաց անկախ ու ազատ խոսքին: Անկախ լրագրող է, համացանցում ունի շատ հետաքրքիր կայք, որտեղ էլ շատ օգտակար աշխատանք է կատարում:

Միշտ մտածել եմ, ինչո՞ւ  բազմաթիվ ակնարկներ, դիմանկարներ գրած լրագրողներս միմյանց մասին տողեր գրելու հարցում ժլատություն ենք արել: Ցավոք, մեր տարեց, կյանքից հեռացած լրագրողներին, խմբագիրներին հիշատակի խոսքեր եմ թողել թերթի էջերում: Գրել ու շատ եմ մտածել` ինչո՞ւ չենք ներկայացնում ստեղծագործական ծաղկունք ապրող լրագրողին իր մասնագիտական ձեռքբերումներով, գնահատում ամեն ինչ իր ժամանակին: Գուցե նրանից է, որ մեր աշխատանքը քիչ է գնահատվել տեղական իշխանությունների կողմից, երբ առիթներ իրոք եղել են, և մենք էլ, բնականաբար, դրան ենք հարմարվել` չգնահատելուն:

Ուստի մենք պարտավոր ենք այդ բացը լրացնել: Վերջերս Հայաստանի Ժուռնալիստների Միությունը Գորիսի` թվով մի քանի լրագրողներիս արժանացրեց Ոսկե մեդալի` գնահատելով մեր հավատարմությունը մեր մասնագիտությանը: Առիթը կար, և ես իմ ստեղծագործ, մի շարք մրցանակներ, պատվոգրեր ստացած լրագրող ընկերուհուս հարցրի` թե ո՞րն է իր կողմից ամենագնահատված պարգևը: Նա պատասխանեց.

- Պարզապես այն, որ ստորագրում եմ “Լենա Հովսեփյան” և չեմ դավում իմ ստորագրությանը:

Ես կավելացնեի` չի դավում, չի դավում ինքն իր տեսակին`միշտ նման լինելով ինքն իրեն:

Միայն նման մարդկային բնավորությամբ կարելի է երկար-երկար լռությամբ, խորությամբ ընկալելով լսել դիմացինին, ապրել նրա հոգսերով, ցավերով, լսել նրանց  դաժան պատմությունները և … ինչպես ասում են, ցավին դարման անել, թեթևացնել բեռը ուսերի:

Ու բարձրաձայնելով այդ մարդկանց խնդիրների մասին իր կայքում,  կարողացել է գտնել օգնել ցանկացող,  կարեկից մարդկանց, կազմակերպությունների, անհատների: Ու դրանով սփոփվել է, ուրախացել, հարստացրել իր հոգին: Երբեմն ինքն է իր սեփական  օգնությունն առաջարկել:

Իսկ ինչպիսի հետևողականությամբ է  նա կարողանում վերաբերել փաստերին,  մարդկանց մտահոգող խնդիրներին. ընթերցողը, որպես այդպիսին էլ, իր գնահատականն ունի:

Վերջերս  ՀՀ Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի  նախագահ Արկադի Ծատուրյանի հետ զրույցի ժամանակ, նա մի բնորոշ ու տպավորիչ գնահատական տվեց Լենայի ստեղծագործություններին:

-Նա վերլուծական մտածելակերպ ունի և երբեմն տեսնում է այն, ինչը մենք չենք կարող տեսնել մարդկանց մեջ: Ահա տեսանելին ու անտեսն էլ  միասին ստեղծում են պատկերավորը:

Իրոք, ոչ ոք այնքան մանրուքների ետևից չի ընկնում, որքան Լենան:  Ու հետո տեսնում ես, որ այդ մանրուքներից մեկը տպավորվել է ուղեղումդ ու անվերջ դրա մասին ես մտածում: Ու` եզրահանգում. նա իր ողջ էությամբ է ընկալում երևույթը, բոլոր ասպեկտներով նայում խնդրին:      Մտքերս շատ են, այն դեռ հավաքելու էլի պահեր, առիթներ կլինեն, բայց ասելիքս պատկերավոր կդառնա, երբ կարդաք նաև իր մտքերն ու իր ասելիքը, որը ներկայացնում ենք հենց իր վկայագիր-անձնական կայքից:

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կարդացեք նաև