Մեզ գրում են-Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Նարինե Գալստյան-Ծնվել եմ 1989թ. Տեղում: Առաջին դասարանը ավարտել եմ գյուղում: Երկրորդ դասարանից սովորել եմ Գորիսի թիվ 5 միջն. դպրոցում: 2005թ ընդունվել եմ ԳՊՀ-ի <<Հայոց լեզու և գրականություն>> բաժինը: Կարմիր դիպլոմով ավարտել եմ մագիստրատուրան: Շատ սիրում եմ մասնագիտությունս, բայց ցավոք քիչ եմ զբաղվում սիրածս գործով: Հիմա գտնվում եմ Մոսկվայում, ամուսնացած եմ, ունեմ աղջնակ…. Շատ կարոտում եմ Գորիսը և, երևի կարոտն էր այն գլխավոր պատճառը, որ փորձեցի նորից ինչ-որ բան գրել, թե ինչու ընտրեցի այդ թեման, նշել եմ նյութում… Պատմողը` Արշալույս Բաղդասարյանը տատս է, ով գյուղի մասին համարյա ամեն ինչ գիտի, ուսանողական տարիներին` բանահյուսական աշխատանքներ գրելու համար, միշտ տատս է օգնել` իբրև գյուղի կենդանի վկա… Տատս գյուղի պատմության, հետաքրքիր դեպքերի ու հերոս-մարդկանց մասին շատ տեղեկություններ ունի:

Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Տեղ գյուղ, տարազ, ղաբա Այս լուսանկարին առաջին անգամ անդրադարձել եմ ուսանողական տարիներին`  ”Հայ ժողովրդի բանահյուսություն” առարկայից  հանձնարարված կուրսային աշխատանքների ժամանակ: Շատ-շատերն են հետաքրքրվում այս նկարով, շատերն են իրենց ամսագրերում, հոդվածներում, հեղինակած գրքերում, սոց. կայքերում տեղադրում այս լուսանկարը, առանց իմանալու,  թե ովքեր են նկարում:  Շատ անգամ տեսել եմ սխալ ու անտեղյակ մեկնաբանություններ` նկարի հետ կապված: Որքանով որ տեղեկացված եմ, նկարը չունի հավաստի տեղեկություններ, ինչն էլ երբեմն սխալ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում: Լինելով` Սյունեցի, ծնված` Գորիսի Տեղի համայնքում, պարտքս եմ համարում քիչ թե շատ տեղեկություն տալ նկարի մասին, առավել ևս, որ նկարը այնքան էլ վաղուց չէ արված և նույնիսկ ես տեսել ու պարզ հիշում եմ նրանցից մեկին:

Լուսանկարում` Սյունիքի մարզի Գորիսի Տեղ գյուղի Ղաշար կոչվող թաղամասի  բնակչուհիներն են. առաջինը նստած էԹամամ բիբին (Բաղդունց (նշվում է ամուսինների ազգանունը)),երկրորդ շարքում` ձախից առաջինը նստած է Վարդանուշ աքերը (Սիմոնյան, գյուղում ավելի հայտնի է ազգանվան Ունանանց ձևը),  նույն  շարքում   ձախից երկրորդը  նստած է Հայկանուշ աքերը (էլյազյան, գյուղում ավելի տարածված է  Խուլուվանց ձևը), նկարում ամենաբոյովը Շարմաղ աքերն է (Սաֆարյան / Սափարունց), իսկ ամենավերջում` Սիմա  բիբին (Էլյազյան): Սիմայի և Հայկանուշի ամուսինները արյունակցական կապ ունեին :

Լուսանկարը արված է հենց Տեղ գյուղում` հետևի ֆոնի վրա հին գյուղն է, որ այսօր էլ համարյա թե նույն տեսքն ունի: Գյուղացիներից շատերը հիշում են այդ օրը, երբ արտերկրից ժամանած մարդիկ (հստակ պետության անունը չեն հիշում) Լեռնային Ղարաբաղի ու մոտակա տարածքներն  էին ուսումնասիրում, պատահականորեն նկատում են փողոցում նստած այս հինգ տարազով  տատիկներին և անմիջապես առաջարկում են լուսանկարվել ինչ-որ ամսագրի համար  (այդ ժամանակ գյուղում ուրիշ տարազով կանայք էլ կային, բայց քանի որ լուսանկարը արվել է պատահական, այդ իսկ պատճառով, լուսանկարում, միայն նույն թաղամասում` հարևանությամբ ապրող կանայք են, իսկ մյուսները բացակայում են): Գյուզացիք հիշում են նաև այն լուրերը, թե ինչպես էր ամբողջ գյուղը բուռն քննարկում Թամամի և մյուսների` ամսագրի շապիկին հայտնվելու փաստը, որովհետև այն ժամանակներում դա իրոք որ բացառիկ երևույթ էր: Այսօր էլ,  գյուղում, վառ հիշում են այս տարազով կանանց, պատմում են հետաքրքիր դեպքեր:

Գյուղացիների հիշողություններում, Թամամ բիբին, առանձնանում էր իր` ավելի մարդամոտ բնավորությամբ, ասում են նույնիսկ անծանոթ անցորդներին անպայման օրհնում էր և բարի ճանապարհ մաղթում: Հիշում են նաև, որ Թամամ բիբին սիրում էր ոտաբոբիկ քայլել, ավելին, գյուղում  նրան լաթերով չեն էլ հիշում, նույնիսկ ձմռանը հագնում էր գործած գուլպաներ` տակերը հատուկ կոշտ կտորով կարկատած: Պատմում են, որ մի անգամ գյուղ է այցելել Վիկտոր Համբարձումյանը և հանդիպելով  Թամամ բիբուն` զրույցի մեջ  հարցրել է.

-Քանի՞ զավակ ունես, մայրի’կ:

Թամամը կես կատակ պատասխանել է.

-Իմար քե’զ մատաղ, վէնդս ցէց եմ ըրալ, յէր ածալ: Այս պատասխանից հետո ներկաները քահ-քահ ծիծաղել են, իսկ Վ. Համբարձումյանը գրկել և համբուրել է Թամամին (երեք երեխա ուներ) :

Թամամ բիբու նկարը հանդիպում ենք նաև Հայոց լեզվի դասագրքերից մեկում` Պարույր Սևակի <<Մոր ձեռքերը>> բանաստեղծության կողքին:

Երբ հարցրեցի Վարդանուշ աքոր մասին, անմիջապես հիշեցին աքոր սովորությունը, որը գյուղում բոլորը գիտեին: Վարդանուշն արգելել էր սեղանից հավաքել հացն ու պանիրը: Ասում են` ամեն Աստծո օր թափ էր տալիս սփրոցը, ապա փռում սեղանին, վրան դնում թարմ հաց ու պանիր ու ծածկում սրբիչով: Երբ հարցնում էին իմաստը, Վարդանուշ աքերը պատասխանում էր.

-Բալքի մընը սօված մէր տուռնը պացա անում, թօղ մըն դօմջակ անի’, օտի’:

Ինչպես գյուղացիք են վկայում, Վարդանուշը ամեն` իրենց տուն մտնողին առաջարկում, երբեմն նույնիսկ ստիպում էր թեկուզ փոքրիկ բրդուճ ուտել, որից հետո հանգիստ սրտով անցնում էր իր գործին: Նշեցին, որ բնույթով շատ հարևանասեր, բարի ու խղճով կին էր:

Ինչպես գյուղացիք են նշում` հինգի մեջ միայն Հայկանուշ աքերն է տառաճանաչ եղել, վերջինիս ասելով` ամուսնությունից հետո սովորել է լիկկայանում: Հատկապես հիշում են, որ դրսում նստելուն պես երեխաները հավաքվում էին շուրջը և լսում ոտանավորներ, ասացվածքներ, լեգենդանման պատմություններ, ընդգծում են  շերամի որդի մասին <<Աբրեշումի ճիճուները>> վերնագրով ոտանավորը, որ սովորել են շատ քառյակներ իմացող Հայկանուշ աքորից:

Շարմաղ աքոր մասին խոսելիս` առաջինը հիշում են ամուսնուն, ով խանդոտ և իր կնոջ նկատմամբ շատ ուշադիր տղամարդ է եղել, ասում են` Շարմաղ աքորը հաճախ էին տեսնում ամուսնու հետ նստած` համերաշխ զրուցելիս, գյուղում միշտ շրջել են միասին ու հյուր են գնացել կրկին միասին: Իսկ Շարմաղ աքոր  թոռը`Սամվել Սամսոնիչը երկար տարիներ դասավանդել է Գորիսի պետական համալսարանում (այն ժամանակ` ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղ):  Սիմա բիբու թոռն էլ, ում գյուղացիներն ասում են` Պապուն Սուրեն(ապրում է արտերկրում) Սիմա բիբու նախկին տան տեղը կառուցել է մատուռ-եկեղեցի, քանի որ այդտեղ ինչ-որ սրբաքար է եղել, որն էլ մինչև հիմա գտնվում է եկեղեցում: Սա գյուղի հիմնական մատուռն  է,  այսօր էլ կա, ավելին, կառուցողն ինքը, մի քանի տարի առաջ եկել ու վերանորոգել է մատուռը-եկեղեցին: Սիմա բիբին, ում մտերիմները դիմում էին` Ազի, բնույթով շատ կատակասեր էր:  Համագյուղացիների մեջ տպավորվել է իբրև շատ զուսպ ու համեստ կին, միշտ տարազի հատուկ շորով բերանը փակ, գլուխն իջեցրած: Առհասարակ, տարազով այս կանանց բնութագրելիս, նշում են` զսպվածությունը,  անսահման ամաչկոտությունը, կանացի համեստությունը, հագած տարազի` չափազանց ընդգծված կոկիկությունն ու  մաքրությունը:

Թամամի և մյուսների երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են ու իրենց թոռներն ու ծառներն ունեն,  հիմա էլ ապրում և աշխատում են նույն` Տեղ  գյուղում:

Փոքր-ինչ անդրադառնալով տարազին, որ տեսնում ենք նկարում, նշենք, որ Տեղում այս տարազը կոչվում էր Ղաբա, իսկ հագնողը` ղումբավոր կին: Առհասարակ, տարազ հագնում էր ամուսնացած կինը: Ինչպես սովորույթն էր պահանջում, տղայի տան անդամները հարսանիքի օրը տանում էին Ղաբա-տարազը, հագցնում հարսին և հենց տարազով էլ բերում իրենց տուն: Կախված ընտանիքի ֆինանսական վիճակից` հարսնացուն կարող էր ստանալ մեկից- երեք հատ ամբողջական Ղաբա-տարազ:

Ղաբան ունի պարագաներ. ամենավերևից հագնում էին տարազի գլխավոր հագուսը` ղաբան, որը կարող էր լինել տարբեր գույնի (կանաչ, կապույտ, շականակագույն, մանուշակագույն, վարդագույն), հիմնականում տարածված էր կանաչն ու կապույտը: Ղաբայի տակից հագնում էին անպայման կարմիր հալավ (շապիկ), իսկ սրա տակից`սպիտակ հալավ:  Ղաբայի վրայից կապվում էր գոտի, որ կարող էր լինել արծաթից (հիմնականում սա էր տարածված) կամ կարմիր կտորից կարված հաստ ու երկար գոտի: Արծաթից գոտի հարսին  կարող էր նվեիրել նաև  հայրական տունը:

Ղաբայի շատ կարևոր պարագաներից են նաև գլուխը ծածկող հինգ ղեղաճները (եռանկյունաձև) և գլխի համար նախատեսված մյուս պարագաները: Մազերը հավաքելուց հետո գլխին դրվում էր շրջան հիշեցնող պալտին, ապա կապվում էր սպիտակ կտորից կարված ղեղաճներից մեկը, հետո դրվում էր իրար կից շարված կոպեկներըղազման (կոպեկների քանակը և արծաթից կամ ոսկուց լինելը կախված էր ընտանիքի ֆինանսական վիճակի հետ)` կապվում և ամրացվում էր հաջորդ սպիտակ գույնի ղեղաճով: Հաջորդ կապվող եռանկյունաձև շորը կոչվում էր բերանաշոր (սրանով ծածկում էին բերանը, քանի որ ընդունված էր, որ հարսը պետք է լինի անխոս), որից հետո ամբողջը ամրացնում էին մեծ ղեղաճով: Դրանից հետո գլխին  փաթաթում էին քալաղան (քառակուսի և մուգ գույնի շատ բարակ կտորից կարված գլխաշոր), իսկ ամենավերջում եռանկյունաձև  ծուպավոր շալը (մուգ գույնի բրդե կտորից): Ղաբայի մասն էր կազմում նաև` գոգնոցն ու մեջը սպիտակ գուլպան:

Տարազը պահանջում էր կոկիկություն և մաքրություն, ամեն շաբաթ ղազմա կոպեկները հատ- հատ մաքրվում և փայլեցվում էին (Հնարավոր է, որ տարազի պարագաները այլ տարածաշրջանում ուրիշ անուններ ունենան, նշված են այն անունները, որ տարածված է եղել գյուղի առօրյա խոսակցական լեզվում):

Վերջում, շատ կարևոր ենք համարում նշել, որ նյութը շարադրված է իրական փաստերի  հիման վրա: Պատմողը` Տեղ գյուղի բնակչուհի` Արշալույս Կարապետի Բաղդասարյանն է, ով տեսել, անմիջապես շփվել և հարևանություն է արել լուսանկարում պատկերված  կանանց հետ: Տիկին Բաղդասարյանը այսօր էլ ապրում է գյուղում` վերջիններիս զավակների հարևանությամբ:


Կարդացեք նաև