Անվանի գորիսեցիներ-ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆ – 80. Իսկ նրա գործերն իր մասին պատմող կոթողներ են.

ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆԼրագրություն ասվածը մերկապարանոց լուր գրել ու հղելը չէ բնավ: Լրագրությունը, եթե առանձնապես այն կոնկրետ մարդու ու կոնկրետ ժամանակների մասին է,  նախ և առաջ, իմ ընկալմամբ,  բարոյական ահռելի պատասխանատվություն է` մարդուն հանիրավի չվնասելու, նրա նկարագիրը չայլաձևելու: Նաև` անհեթեթ չգունազարդելու, որովհետև մարդն այդ ամենատարբեր շփումներում է ու…իր ժամանակի մեջ: Սերոբ Իշխանի Գալստյանի մասին գրելուց առաջ այս ինքնահորդորն ունեի, որովհետև նա մեկն էր այն մարդկանցից, որոնց կենսագրությունն ու գործունեությունն արդեն իսկ պատկառանք են ազդում և պարտադրում ճշմարիտ ու շիտակ լինել: Իսկ ճշմարիտ լինելու համար ոչ միայն հետահայաց ուսումնասիրություն է պետք, ոչ միայն հիշողություններ է պետք բացել, ոչ միայն նրա թողած ժառանգությունն ու ժառանգներին է պետք զգալ ու հասկանալ, ոչ միայն արմատների կենսունակությունն ու բարոյականության …կենդանի պատկերն է պետք տեսնել, այլև լսել մարդկանց, որոնք ուղղակիորեն առնչվել են նրա հետ` ամենատարբեր առիթներով ու պարագաներում` գործնականից մինչ մտերմություն:

Ու ես զրուցեցի, փորձեցի հասկանալ նրանց բոլորի` այդ մարդու մասին սիրով պատմելու հախուռն ռեակցիան…Փորձեցի հասկանալ նորից ու նորից` մարդը ծնվում է կանխորոշումո՞վ, դաստիարակությո՞ւնն է, կրթությո՞ւնը, հանգամանքնե՞րն են նրան այդպիսին դարձնում, գուցե կողակի՞ցը, ընկերնե՞րը, աշխատա՞նքը, կյա՞նքը, դիպվա՞ծը…Ու…էլի ու նորեն հասկացա, որ ամեն մարդ իր արմատի ու բնի ընձյուղն է նախ, հետո` մյուս բոլորի ազդեցությունների կրողը` իրենց չափով ու ներգործությամբ…Բայց` կրողն ու սինթեզողը նաև:

Եվ` անհրաժեշտություն բազում հանդիպում-զրույցների, ևհուշագրություն-պատումների տեքստ ու…ենթատեքստերի ուղղակի ու անուղղակի վերծանումների

Սերոբ Գալստյանը ՀՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղացի Մարիամ ու Իշխան Գալստյանից էր սերում: Իշխան Գալստյան, մարդ, որի, վարորդի օգնականից մինչ կոլտնտեսության վարչության նախագահ, ճանապարհը մեծ Հայրենական կամավոր մեկնումով է ընդմիջվել, մարդ, որի մասին համագյուղացի Ժորա Մանուցյանն իր «Շինուհայր» գրքում պատմում է. «Կառուցել, արարել, բարիք ստեղծել, մտածել բնակչության կենցաղային, նյութական մակարդակի բարձրացման հարցերով. ահա նրա գործունեության նպատակները, որոնց համար նա պայքարել է ողջ կյանքի ընթացքում: Ֆիզիկապես առողջ ու կոփված, գործունյա ու բանիմաց, ճշմարտախոս ու համարձակ, բարի ու մեղմ անձնավորություն, որ առաջիններից էր իր կենսասիրությամբ ու հյուրասիրությամբ, հավատարիմ ու անկաշառ ընկեր էր…»:

Եվ հասկանում ես Սերոբ Գալստյանի անցած ուղու օրինաչափությունն ու տրամաբանությունը. հայրենի գյուղում գրադարանի ու ակումբի վարիչ, հրահանգիչ ՀԼԿԵՄ ու ՀԿԿ Գորիսի շրջկոմներում: 1962-ին, Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետն ավարտելուց հետո, Գորիսի արտադրական վարչության կազմակերպիչ, գյուղատնտեսության աշխատողների և բանվոր-ծառայողների արհմիության շրջկոմի նախագահ, ՀԿԿ Գորիսի շրջկոմի երրորդ քարտուղար: 1967 թվականին, Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցն ավարտելուց հետո, ՀԿԿ Գորիսի շրջկոմում կուսակցական հանձնաժողովի նախագահ, գյուղվարչության պետ, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1970-ին` կուսշրջկոմի երկրորդ քարտուղար, 1974-ից մինչ 1982-ը` ժողդեպուտատների Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ: Այնուհետև` Շինուհայրի սերմնաբուծական խորհրտնտեսության, շուրջ 14 տարի` 1983-1997 թթ, Վերիշենի գլխավորող պանրագործարանի տնօրեն: 1997-ին` վաստակած հանգստի անցնելուց հետո,  «Գորիսի տարածքային հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության նախագահԵվ` 2007-ին`երկրային կյանքի ավարտ

Եվ, իր գործունեության ողջ ընթացքում, ահռելի նպաստ Գորիսի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վերելքին. հողաշինարարական ծավալուն աշխատանքների շնորհիվ մեքենահարմար հողատարածությունների շահագործում, խմելու ջրի ու ջրարբիացման համակարգերի լիարժեք շահագործում, անասնապահական համալիրների կառուցում, առանձնապես ձմռան ամիսներին սկսվող երիտասարդների արտագաղթը կանխելու ու աշխատատեղեր ստեղծելու նպատակով` շրջանի գյուղերում արտադրական ձեռնարկությունների մասնաճյուղերի բացում: Կենցաղսպասարկման տաղավարներ ու կապի բաժանմունքներ, մշակույթի տներ ու ակումբներ, խանութներ ու դեղատներ, ճանապարհներ, դպրոցների ու մանկապարտեզների շահագործում, Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանի արտադրական հզորությունների մեծացում, օդանավակայանի կառուցում, Գորիս-օդանավակայան այլընտրանքային` ասֆալտապատ ճանապարհի կառուցում

Գործերի ընդամենը մի հատվածի թվարկում, որոնց հետ ուղղակիորեն առնչվում է Սերոբ Գալստյան-ղեկավար-կուսակցական-մարդու անունը:

Եվ` մի բույլ շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր

Եվ` ծնողամեծար:

Եվ` ամուսին. ցայսօր էլ տիկնոջ` Շինուհայրի մեկ այլ պատվարժան ընտանիքից` Աստղիկ ու Սահակ Մարդյանի դուստր, մանկավարժի կեսդարյա կենսագրությամբ տիկին Սեդայի ակնածանքի ու գորովալից հիշողություններիկենդանի հասցեատերը, որի անվան ու կերպարի շուրջ նա հյուսում է իր գերդաստանի պատումը: “Նա միշտ կրկնում էր` իմ մայրն ինձ ժողովրդի համար  է լույս աշխարհ բերել: Նրա ողջ կյանքն անիվների վրա` մարդկանց հետ ու մարդկանց համար հանդիպումներում անցավ: Ընտանիքի համար ամենասուղ ժամանակն էր մնում: Նա շատ երախտագետ զավակ էր, խստապահանջ հայր, գնահատող ամուսին: Իսկ թոռների մասին ասում էր` Սեդա‘, նրանք մեր` ճակատագրի ընծաներն են”,-ասես մի ողջ` ապրած կյանքի անոնս, հիշում է տիկին Սեդան:

Եվ` օրինավոր ու ուսյալ Վաչագան, Վոլոդյա, Վարդան, Վահան որդիներ` Հասմիկ, Գոհար, Անժելա, Զարուհի հարսներով, հայեցի օջախներով:

Եվ` Իշխան ու Գոռ, Տիգրան ու Արտուր, Նորայր, Դավիթ ու Մարիամ, Սերոբ թոռներ: Թոռներ` օջախի ինտելեկտուալ…ծիրին ու ավանդույթներին շա~տ հավատարիմ.  նաև արյան հետ եկած ` կրթյալ ու դաստիարակված

Եվ` ղեկավար աշխատող` անուրանալի հնարավորություն-ռեսուրսներով մարդ, որի որդիները, հենց իր իսկ կամոք ու դրվածքով, ինքնուրույն հարթեցին իրենց կյանքի ճամփաները. ոչինչ սկուտեղի վրա չմատուցվեց` ծառայությունից մինչ կրթություն ու աշխատանք, մինչ սեփական տանիք ունենալը…”Ամեն ինժեներ պիտի բանվորից սկսի: Ամեն հայորդի հայրենիքին իր պարտքը պիտի տա` պիտի ծառայի: Ամեն մարդ ինքը պիտի իր տունը ստեղծի”,-այս առնչությամբ` որդիներին ուղղված նրա խոսքերը վկայակոչում է տիկին Սեդան:

Եվ` մարդ, որի մասին, իմ առաջին իսկ հարցադրմանն ի պատասխան, նրան ճանաչողների կողմից, միանշանակ, անվերապահ հիացումի հեղեղ էր

Նրա մասին պատմում են /ստորև/

Վլադիմիր Մովսիսյան-ՀՀ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ

Վլադիմիր ՄովսիսյանԵս Սերոբ Գալստյանին գիտեմ և’ որպես ժողդեպուտատների Գորիսի շրջխորհրդի գոծկոմի նախագահ, և’ որպես Վերիշենի գլխավորող պանրագործարանի տնօրեն: Այս 2 ասպարեզներում էլ նա անուրանալի լուրջ ծառայություններ ունի: Նրա օրոք գորիսյան գյուղերը աննախադեպ զարթոնք, իսկ պանրագործարանը տեխնոլոգիական ու տեխնիկական զգալի վերելք ապրեց: Նա հրաշալի կազմակերպիչ էր: Շատ բարի էր ու հանդուրժող, բայց և` շատ սկզբունքային: Նրա անձնային որակներն ու գործունեությունը ոչ միայն վերադաս մարմիններն էին բարձր գնահատում, այլև` ժողովուրդը: Նրան ընդունում, հավատում ու վստահում էին: Նա արժանապատիվ մարդ էր, իսկական պրոֆեսիոնալ և, որ շատ կարևոր է,  լավ հայ էր` իր ժառանգածով ու ստեղծածով:

Նա ապրում է, որովհետև մարդիկ ոչ այնքան ֆիզիկական գոյության փաստարկով են ապրում, որքան` գործերով: Իսկ նրա գործերը նրա կենդանի կոթողներն են: Իմ ջերմ ողջույնները նրա ընտանիքին, տիկնոջը, որովհետև չմոռանանք, որ նման մարդկանց, առանձնապես ժողովրդական ղեկավարների ընտանիքներն էլ, կանայք` առանձնապես, ծանր բեռ են կիսում և թիկունք դառնում: Շնորհակալ եմ, որ առիթ ընձեռնեցինք ինձ` շատ սիրելի ու գնահատելի մարդ-քաղաքացու մասին խոսք ասելու:

Հրաչիկ Սիմոնյան-ՀՀ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հրաչիկ ՍիմոնյանՀենց սկզբից ու միանգամից ասեմ` ազնվագույն մարդ էր: Մենք համագյուղացիներ ենք` տարիքային փոքր տարբերությամբ: Այսինքն` մենք մանկության ու պատանեկության ընկերներ էինք նաև: Նա այդիպիսին էր ի վերուստ` խոսքը հուսալի էր, իրեն կասկածելու առիթ երբևէ չէր տա: Համեստ էր ու շատ կոռեկտ, աշխատասեր ու չափի ընդգծված զգացողությամբ: Մայրենիի նկատմամբ ընդգծված պատկառանք, փայլուն գրագիտություն ուներ: Ի դեպ, նա իր օջախի, իր տոհմի հստակ արտացոլանքն էր. ծառի ու նրան մոտ ընկնող պտղի մասին զուր չէ ասված: Մենք մտերիմ էինք նաև ընտանիքներով: Ակնածելի ընտանիք ունի` բարեկիրթ կին ու հրաշալի որդիներ: Երբեք անարժան բան չէր անի: Միշտ զարմանում էի`ինչպե~ս էր տիրապետում Գորիսի շրջանի գյուղատնտեսությանը, տնտեսությանն ընդհանրապես: Այդօրինակ մարդիկ են երկրի կայացումի հենքը…Նրանց օրինակը, կներեք, երբևէ ոչ արդիական չի լինում: Նման մարդկանց ժամանակն էլ սիրով ականջ է դնում. լսելու բան կա, գործ կա, նվիրում կա, սեր ու ցավ կա, խիղճ կա…Ինձ հիշելու համար շնորհակալ եմ:

Հմայակ Գրիգորյան-կենսաթոշակառու, վիրաբույժ

Հմայակ ԳրիգորյանՆրա նման մարդկանց պակաս մեր օրերում ես ցավալիորեն զգում եմ: Նրան գիտեմ 1958 թվականից, երբ աշխատում էի Խնձորեսկի ամբուլատորիայում: Նա այդ ժամանակ կուսշրջկոմում հրահանգիչ էր: Աշխատանքի բերումով նա հաճախ էր լինում մեզ մոտ: Նա անտարբեր չէր կարող անցնել որևէ խնդրի կողքով. ասենք` վերանորոգման, վառելիքի, սննդի /այնժամ սնունդ էլ  էինք տալիս/: Իր սրտացավութունն ու հետևողականությունը ցանկացած նմանօրինակ հարց լուծման էր հասցնում: Ես հենց այդ ժամանակներից էլ հարգեցի մարդկային լավագույն գծերով օժտված պետական գործչին, ու մենք սկսեցինք առավել մտերմանալ: Նրան ես այսպես կբնութագրեի` ազնիվ, անկեղծ, անմիջական, ընկերասեր, հյուրասեր, պատրաստակամ:

Ապրելով հարևան շենքերում, մենք շուտով ընկերացանք, մտերմացանք ընտանիքներով: Բավականություն էր նրա հարկի տակ հյուրընկալվելը. տիկին Սեդան` իսկական հայ ընտանիքի դուստր, մայր ու կին, ուսյալ ու դաստիարակված որդիներ: Ավա~ղ, նաև Վարդան որդու…կսկիծ…

Չմոռանամ ասել, որ նա մի անախադեպ ուշադրություն ուներ իր բոլոր համագյուղացիների նկատմամբ: 42 տարի Գորիսի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչն էի ու դժվարանում եմ հիշել մեզ մոտ հայտնված մի շինուհայրցու, որի գլխավերևում նա չկանգներ: Իմ առօրյայի ամենահաճելի պահերից էր այն, երբ ես ու ինքը երեկոյան դուրս էինք գալիս քայլելու ու զրուցելու Վարարակնի երկայնքով` մեր Գետափնյայում: Լույս նրա հիշատակին:

Էդիկ Բարսեղյան-Արարատի մարզպետ

Էդիկ ԲարսեղյանՍերոբ Իշխանիչի հետ հիմնականում առնչվել եմ 1977-1982 թթ, երբ նա  ժողդեպուտատների Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահն էր, ես` ՆԳ նախարարության ճանապարհապարեկային ծառայության հատուկ դասակի հրամանատարը:  Յուրօրինակ մարդ էր առանձնապես մարդկային շփումներում: Սկզբում ես մտածում էի, որ մարդը, պարզապես, ֆենոմենալ հիշողություն ունի: Հետո, ավելի մոտիկից ծանոթանալով նրան, ինձ համար պարզեցի, որ գաղտնիքը ոչ այնքան հիշողության, որքան նրա ահռելի մարդասիրության մեջ էր:  Նա, պարզապես,  անտարբեր չէր կարող անցնել ոչ մեկի ճակատագրի կողքով: Այդպիսին չեն դառնում, այդպիսին ուղղակի ծնվում են:

Գերօբյեկտիվ անձնավորություն էր` անձնային, իսկապես, եզակի որակներով. համեստ, աշխատասեր, բարեկիրթ: Մարդ էր, որին հիշելը, անկեղծ ասեմ, բարոյական պարտքի պես է և ապրողներին է պետք:

Անժելա Բուդաղյան-կենսաթոշակառու, նախկինում` ժողդեպուտատների Գորիսի շրջգործկոմի նախագահ

Անժելա ԲուդաղյանՄիանշանակ դրական անձնավորություն էր` շատ բարի, մարդկային: Երկար տարիներ գիտեի նրան: Իրար քաջ գիտեին ու ընկերություն էին անում նաև մեր հայրերը. հյուըընկալ, իսկական հայ օջախի զավակ էր նա: Իր ստեղծած օջախն էլ այդպիսին էր: Առավել տպավորվածը նրա ուշադրությունն ու հոգածությունն էր մարդկանց նկատմամբ: Նա մարդկանց, իր ընկերների կողքին էր այնժամ, երբ…պատեհապաշտները հեռվից էին նայում դեպքերի ընթացքին:

  • Մի դեպք հիշեմ. Վ. Ի. Լենինի ծննդյան 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին հաջորդելիք տոնական համերգն անհասկանալի պատճառներով ձգձգվում էր: Հանդիսատեսը երկար սպասում էր: Պարզեցի, որ կուլտուրայի տան տնօրենի` տեխնիկական միջոցների չտրամադրման պատճառով է ամենն այդ: Ես շատ զայրացա նրա պահվածքից: Ու, խոստովանեմ, ստացվեց այնպես,  որ իմ  համբերությունը տեղի տվեց` ես ապտակեցի նրան: Գիտեմ, որ անկախ ամեն ինչից, ես ճիշտ չէի, բայց` ստացվեց: Կոմկուսի Կենկոմ ավելի քան 200 նամակ էին ուղարկել: Անխնա~ գրել էին. “ասելիք” ունեցողներն առիթը բաց չէին թողել: Իմ կողքին կանգնելը սեփական անձն ու կարերիան փորձության ենթարկելու էր համազոր: Սերոբ Գալստյանն այդ եզակի մարդկանցից էր…

Իսկ ուշադրությունն իր կոլեկտիվի նկատմամբ, պարզապես, աննախադեպ էր: Չեմ մոռանում մարտի 8-ին աշխատակից կանանց, այն ժամանակ ամենահարգի, “Красная Москва” օծանելիք ու անպայման ծաղիկներ նվիրելը…Երբ կենսաթոշակի անցավ ու հասարական կազմակերպություն էր ղեկավարում, էլի նույն մարդն էր` անվրեպ ուշադրությամբ:

Գրիշա Հայրապետյան-Գորիսի անտառտնտեսության տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գրիշա ՀայրապետյանՄարդու մասին ես սիրում եմ դատել նրա արած-թողած գործերով, գործի նկատմամբ դրսևորած վերաբերմունքով, ստեղծած ընտանիքով: Այս առումով` Սերոբ Գալստյանն իրեն հարգանքով ու երախտագիտությամբ հիշելու շատ բան է թողել, որոնց մասին հիշատակել ու հիշեցնել է պետք:  Իսկ մենք, ցավոք, շատ հաճախ ենք արցյալն արխիվացնում ու ամուր…զմռսում:Ես նրա հետ հիմնականում աշխատանքային, գործնական առնչություններ եմ ունեցել: Հանրապետությունից դուրս բազմաթիվ գործնական հանդիպում-հավաքների ենք  գնացել. Ճշտապահ էր, օբյեկտիվ, նպատակասլաց: Օրինավոր էր ամեն տեղ ու բոլոր հանգամանքներում: Ասել կուզեմ` ես նրա հետ ճամփա եմ գնացել…Ես շրջանի գլխավոր գյուղատնտեսն էի, նա` գյուղվարչության պետը: Նա հսկայական ներդրում է ունեցել բարձրորակ սերմերի /մասնավորաբար` եգիպտացորենի/  ներմուծման ու մեր շրջանում դրանց արդյունավետ ներդրման գործում:  Ամեն թիզ անմշակ հողի համար նա մտատանջվում էր: 2000 հա հողերի մելորացման գործում նրա արածն անուրանալի է: Այս թվարկումը կարող եմ շատ երկար ու ամենատարբեր ոլորտներից շարունակել, բայց ամփոփ ասեմ` մեր շրջանի համար մեծ, շատ մեծ ներդրում ունեցած  գործիչ էր, իր երկրի ու երկրամասի խնդիրներով մտահոգ մարդ:

Վլադիմիր Ստեփանյան-ՀՀ Գիտությունների Ակադեմիայի տպարանի տնօրեն, ՀՀ ժուռնալիստների միության անդամ

Վլադիմիր ՍտեփանյանԽոսքս սկսեմ մի քիչ տխուր, բայց իրեն բնութագրական մի  նոտայից. Սերոբ Իշխանիչն արդեն հիվանդ էր: Հաստատ է` նա քաջ գիտակցում էր իր վիճակի լրջությունը. դա նրա աչքերի խորքում դաջված էր ասես: Բայց նա ջանադրաբար խնայում էր բոլորին` իբր ամեն ինչ հրաշալի է: Ինչքա~ն չէր սիրում ցավ պատճառել…Նա իմ ու իր հայրենի գյուղի բնաշխարհի պես էր` շքեղ, վեհ, խիստ ու շռնդալից: Եվ ինքն իր նման` մեծ ու շատ  նրբանկատ…

Ինձ անձամբ էլ հայտնի է, թե նա քանի-քանի անգամ դիմեց ՀԿԿ Կենտկոմ ու կառավարություն, ինչպիսի հետևողականություն ցուցաբերեց մինչ կյանքի կոչվեց Գորիսի օդանավակայանն ու դեպի այն տանող ճանապարհը:

1978 թ. Բաքվում հանդիպեցինք: Նա աշխատանքային այցով էր ժամանել: Ես այնժամ Բաքվում լույս տեսնող “Կոմունիստ” թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալն էի: “Ապրե’ս, դու շատ լավ էիր լուսաբանել օդանավակայանի բացումը: Այս մի գործից հետո, երևի, արդեն հանգիստ կքնեմ,-ասաց նա ու անմիջապես` լրջանալով շարունակեց:-Չէ’, ինչ քնել, դեռ ինձ տանջող այնքա~ն խնդիրներ կան: Չգիտեմ` կհասցնե՞մ ավարտին հասցնել բոլոր կիսատ ու ծրագրված գործերս…Թե կարողանամ` դու կլուսաբանես, ես էլ այնժամ հանգիստ կքեմ”:

Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի արյունալի դեպքերը նրան էլ խորապես ցնցեցին: Ծայրահեղ հավասարակշռված այդ մարդու մեջ փոթորկվում էր  արյունարբու ելուզակներին արժանի հակահարված տալու ցասումը:  Չեմ մոռանում նրա կրքոտ ելույթները, նրան համակած ցավը:

Սերոբ Գալստյանի փառավոր կյանքը մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու, շրջանի տնտեսությանը նվիրվածության փայլուն օրինակ էր: Նա ապրեց, հիրավի, իմաստալից կյանքով: Ապրեց ու…մնաց իր գործերով:

Սպարտակ Հակոբյան-“Հայկ-ԺՈՍ” ՍՊԸ-ի տնօրեն

Սպարտակ ՀակոբյանՈւրախ եմ, որ այս առիթով ինձ էլ դիմեցիք: Ժամանակներն այնպես արագ են անցնում, որ մինչ հասցնում ես կենտրոնանալ, քո կյանքում կարևոր դերակատարություն ունեցած մարդիկ այլևս քո կողքին չեն լինում ու, ինչ որ առումով, դու ուշանում ես…Երիտասարդ տղա էի: Նոր-նոր էի բանակից վերադարձել: Որոշեցի ինձ համար մեր գյուղում` Կորնիձորում, տուն կառուցել: Վաղուց արդեն գործը սկսված էր, երբ ֆինբաժնից եկան ու վարպետի վրա ակտ գրեցին, շինարարությունն էլ դադարեցվեց: Այն ժամանակ Սերոբ Իշխանիչը Գորիսի շրջգործկոմի նախագահն էր: Հուսահատ դիմեցի իրեն: Իմ ներկայությամբ համապատասխան պատասխանատուներին ուղղված նրա բառերն եմ մինչ այսօր մտաբերում. “Ա’յ տնաշեններ, էս աշխարհն ու օրենքները հո քարացած չե՞ն, ի՞նչ եք կառչել էս երիտասարդից` փոխանակ մի բանով ձեռք մեկնելու: Ծնողները գլխներին կանգնած ջահելներն անգամ  նրա արածը չեն անի, տղայի հավեսը մի կոտրեք` բա տուն կառուցողին կխանգարե՞ն: Թո’ղ կառուցի, թո’ղ ամուսնանա, թո’ղ մի հայ օջախ էլ ավելանա: Ու ես գիտեմ, որ կարգին  օջախ է լինելու”…Մոռանա՞մ…

Նույն կերպ`կուսակցության շարքերն ընդունվելիս: Ես Բայկանուրում էի ծառայել: Թեկնածուական ստաժի կեսն արդեն ունեի, մնում էր տեղական երաշխավորությունը: Բյուրոն իմ հարցում դանդաղում էր: Նա այնտեղ վկայակոչեց իմ ` Ղազախստանի կոմերիտմության 28-րդ համագումարի պատգամավոր լինելու փաստը…Իսկ նա ինձ բացարձակապես չգիտեր…

Լուսյա Դալլաքյան

Լուսյա ԴալլաքյանԵս ու ամուսինս` Սուրիկը, ավելի քան 10 տարի միասին աշխատել ենք Սերոբ Իշխանիչի հետ: Ես գործավար-մեքենագրուհի էի, Սուրիկը նրա վարոդն էր: Մեր ընտանիքի ամենաերջանիկ տարիները, առանց չափազանցության եմ ասում, նրա հետ աշխատելու ժամանակներն էին: Իր զգաստության, կարգապահության հետ նա նաև շատ անմիջական մարդ էր: Եթե աշխատում էիր նրա հետ, նրա կողքին, ուրեմն նրան հետաքրքիր էր քեզ, քո ընտանիքի հետ կապված ամեն մի խնդիր: Յուրաքանչյուրիս, անգամ խնամքով քողարկած մտահոգություն, նա զգում-նկատում էր և օգնում այն լուծել:

Մի անգամ Սուրիկը նրա հետ, հերթական անգամ, Երևան է գնում: Թաց,  խոնավ օր է լինում: Երևանում նա Սուրիկին առաջարկում է  իրեն տանել կոշիկի խանութներից մեկը: Մտնում են: Վերցնում է մի շատ թանկ կոշիկ ու Սուրիկին ասում` ապա փորձիր: Սուրիկն իզուր փորձում է ընդդիմանալ…Նա, առանց Սուրիկի բառ ասելու էլ, զգացած է լինում, որ Սուրիկի կոշիկները ջուր են քաշել, ու նա իրեն լավ չի զգում…Նա Սուրիկին իսկապես մեծ որդու տեղ էր ընդունում և հոր ներդրում ունեցավ. տուն, կահույք ու էլի շատ բաներ ունեցանք միայն նրա շնորհիվ…Սուրիկը հաճախ էր հիշում նրա խոսքերը. «Սուրի’կ ջան, դու տան տղամարդ ես, դու ո՞նց կարող ես 2-3 բացակայել ու հանգիստ լինել, եթե ընտանիքդ Գորիսում խնդիրներ ունենա…»: Շատ գթասիրտ մարդ էր. հաճախ  եմ ականատես եղել, երբ մեկն իր ցավ ու դարդից էր խոսում, նա չէր կարողանում զսպել արցունքները…

Արտուշ Պետրոսյան-կենսաթոշակառու, նախկինում` Գորիսի շրջանի գլխավոր անասնաբույժ

Արտուշ ՊետրոսյանԵրևի, ինչ-որ տեղ նախախնամության մատը խառն էր այն հարցում, որ կարծիքի համար ինձ էլ դիմեցիք: Ասեմ` ինչու: Սերոբ Իշխանիչի` այդօրինակ մարդկանց մասին ոչ միայն գրել ու հիշել է պետք, ոչ միայն նրանց օրինակը երիտասարդներին, իրենցից հետո ասպարեզ մտածներին ուսուցանել, այո’, ուսուցանել է պետք, այլև, թող ասածս խիստ չհնչի` լռելը մի քիչ բարոյական չէ: Այն տարիներին «սկզբունքային», «խստապահանջ», »բարեխիղճ» բառերը նախադրվում էին շատ կոմունիստների անունների: Նախադրվում էին, բայց այս մարդու պարագայում, դրանք նրա ոչ միայն կուսակցական ու աշխատանքային, այլև մարդկային, բարոյական նկարագրի բնութագրերն էին: Հրաշալի մարդ էր, անգնահատելի ղեկավար: Մի առանձին վերաբերմունք ուներ գործին անմնացորդ նվիրված, լավ մասնագետների նկատմամբ:

Իմ կյանքում շատ էին նրա հետ կապված հետաքրքիր ու, ինչու չէ, ինձ համար նաև ճակատագրական դեպքերը: Գորիսում բացվում էր Ղափանի մսի կոմբինատի մասնաճյուղ: ՀԿԿ Գորիսի  շրջկոմի բյուրոյում առաջադրվում է մեկի թեկնածությունը, ով մինչ այդ ոչ միայն լավ, այլև այն տարիների համար շատ բարձր աշխատավարձով պաշտոն ուներ: Բյուրոյում նա հակառակվում և առաջադրում է իմ թեկնածությունը` վկայակոչելով իմ, իր խոսքով` երկարամյա, արդյունավետ ու բարեխիղճ գործունեությունը շրջանի տարբեր գյուղերում: Այստեղ բնավ «խնամի-բարեկամ» պահ չկար` սկզբունքային  վերաբերմունք էր: Նրանից մի բան էլ շատ է տպավորվել իմ մեջ. երբևէ, առանց տվյալ ոլորտի գիտակ ու պատասխանատու մասնագետի, որևէ տեղ չէր մտնում: Եվ` լսել գիտեր: Երջանկահիշատակ մարդ էր` արմատներից մինչ իր ստեղծած ընտանիք, մինչ ընկերություն:

Կարինե Մովսիսյան-«Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ-ի նախագահ

Կարինե ՄովսիսյանԳիտեք, ի՞նչ էի մտածում, երբ ամեն անգամ առիթ էր լինում շփվելու Սերոբ Իշխանիչի` պատվարժան այդ մարդու հետ: Ասեմ` խորհրդային երկրում կադրեր նկատելու ու աճեցնելու  ի~նչ ձևաչափ է գործել, ի~նչ  չափորոշիչներ են կարևորվել, ի~նչ շկոլա են անցել: Մինչ կոնկրետ իր հետ իմ աշխատանքային առնչությունները, ես ու ամուսինս` Արա Դոլունցը, մոտիկից  գիտեինք  նրա ընտանիքի բոլոր անդամներին:  Ի դեպ, նույն կանոնավորությունն ու  դաստիարակությունը ցայօր էլ առկա է նրա ընտանիքում ու գերդաստանում` տիկին Սեդայի գլխավորությամբ: Դա ոչ միայն, երբեմն հանիրավի շահարկվող, սովետական էպոխայի կնիքն էր, այլև` ավանդույթներով հարուստ ու մեծահարգ օջախի բնականոն շարունակություն:

Կենսաթոշակային տարիքում նա “Գորիսի տարածքային հաշմանդամների միություն”  ՀԿ-ի նախագահն էր: Ես միշտ զարմանում էի, թե նա ինչպես է ոչ միայն ապրում բոլորի հոգսով, այլև հոգսն այդ բառացիորեն կրում իր ուսերին: Ես նրանից, հպարտությամբ ասեմ, սովորեցի գործի վարման նրա եզակի կանոնավորությունը:

Այդպիսին լինում ու ապրում են ետևում անցյալ, լուրջ ու ուսանելի անցյալ ունեցող մարդիկ:  Վայելչատես ու հաղթ նրա արտաքինի տակ նույնպիսի էություն էր: Այդպիսին են նրա որդիներն իրենց ընտանիքներով: Ուրախ եմ, որ հիշվում ու մեծարվում են այդպիսի մարդիկ, դա մե’զ է պետք ու սերունդներին` գալիք, որովհետև, որքան էլ ժամանակներ փոխվեն, միևնույն է` բարությունն ու բարեկրթությունը եղել ու մնում են ցանկացած մարդու, ընտանիքի ամենաերանելի ներկայանալիքը…

Վիլիկ Մեժլումյան- կենսաթոշակառու, 50 տարվա մանկավարժ, գյուղ Վերիշեն

Վիլիկ ՄեժլումյանԳիտեմ, թե հիմա նրան առավել մոտիկից ու առավել վաղուց ճանաչողները նրա մասին ինչե~ր ասած կլինեն: Ես ասեմ, ամենաընդհանրական գծերով, իմ մեջ առավել տպավորվածի մասին: Այն տարիներին այդպիսի~ ղեկավար պաշտոններ, անուն ու դիրք ու այդքա~ն համեստ մարդ, համեստ ու չափի զգացմամբ  ընտանիք` կին, երեխաներ…Ես սա պատահական չեմ ասում…Ինձ հասկանում եք երևի…Մեկ էլ միշտ հիշում եմ նրա` իմ  ներկայությամբ, մեկին ուղղված, շատ ցածր տոնով հանդիմանությունը` հիշի’ր, տղամարդը հենց բարձր խոսեց, ուրեմն`պարտվեց…

Նոբել Վարդանյան-կեսաթոշակառու, նախկինում` հացի գործարանի տնօրեն

Նոբել ՎարդանյանՄինչ այս առիթն էլ, ես հաճախ եմ մտաբերում Սերոբ Գալստյանին. մենք հրաշալի գործընկերներ ու նաև մտերիմ ընկերներ ենք եղել: Այնքա~ն հիշողություններ ունեմ: Դա երկար պատմելու բան է: Մի բանի մասին կուզեմ միայն առանձնահատուկ նշել. պաշտոնը որքան լավ, նույնքան էլ շատ դժվար ու պարտավորեցնող, որքան  շնորհակալ, նույնքան էլ անշնորհակալ բան է: Ինչքան էլ լավ աշխատես, միևնույն է` կգտնվեն մարդիկ, որոնց համար դու ինչ-որ բանում կամ ճիշտ չէիր կամ թերացել էիր: Ու` նեղացողների ահռելի բանակ: Բայց, կարծում եմ, Սերոբ Գալստյանից, նեղացած մարդիկ,  դժվար թե եղած լինեն. նա աներևակայելի հետևողականություն ուներ բոլոր ու բոլորի հարցերի նկատմամբ:  Կարճ ասեմ ասեմ` նա ընկածին ձեռք մեկնող մարդ էր, կանգնածի…ընկնելն էլ` կանխող:

ՀԳ

Թե, հիրավի, այդքա~ն…լճացման էին տարիներն այդ, որտեղի՞ց այդքան ՈՐԱԿ-ներ ու ՈՐԱԿ-ների կայացման ասպարեզ, որտեղի՞ց այդքան երախտագիտություն ու կարոտախտ…

«Հեղեղի» մեր օրերում ո՞ւր է շպրտվել ՈՐԱԿ-ի գնահատման…չափիչը…

Իսկ ՈՐԱԿ-ները , բոլոր ժամանակներում, ժամանակի հարստությունն են, բնավ ոչ` իրենք իրենց…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև