“Ես կհասցնեմ, որովհետեւ ինձ համար ամենակարեւորը…ինքնահարգանքն է”
/”Սյունյաց երկիր”, 2012 թ., ապրիլի 25, № 10 (251) /
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ
Այս օրերին, անկախ այն հանգամանքից, թե մեր` արդեն ոչ այնքան նորանկախ երկրի, մեղմ ասած, ոչ անհոգ քաղաքացիները որքանո՞վ են ապրում քաղաքական զարգացումներով, երկրի քաղաքական կլիմայով ու կանխատեսումներով, միեւնույն է` մթնոլորտն այնքան գերհագեցած է ընտրություն բառի հոլովումներով, զանգվածային լրատվամիջոցներն այնքան են քաղաքական կուսակցությունների… անգերազանցելի ժենշեն-համադամներն առաջարկում-պարտադրում, որ մարդն ակամա այդ տիրույթում է` անկախ հավատի ու սպասելիքի գործակիցներից…
Երբեմն անկեղծ արմանք-զարմանքի նյութ են հար չհոգնող ու հար իրենց…ամենափրկիչ նախընտրական ծրագրերն աչքի ոսպնյակ ու ուղեղի միջուկ մխրճող քաղաքական այրերը, որոնցից ոմանք, ընտրողից էլ ավելի, կասկածի տակ չեն առնում իրենց ձախողումը, բայց, լիդեր լինել-մնալու դյութանքի՞ն, թե՞ ծվեն փախցնելու իբր քողարկած հույսին այլեւս անձնատուր են:
Ու ներքին մի ակնածանք էլ, անկախ տեսակիցդ, այն մարդկանց հանդեպ ես ունենում, որ վերամբարձ չհնչի ու չասեմ` քաղաքացիական, պարզապես կամք, գիտակցված համառություն ու սեփական ուժերի նկատմամբ վստահություն են ունենում թափանցել-մտնելու ոչ դյուրին, անկանխատեսելի հորձանուտներով մեր երկրի օրենսդիր հարթություն:
Բայց, ակնածանքիդ ու հիացումիդ հետամուտ ու համընթաց, նաեւ տագնապ ես ունենում հեռվից հեռու քո ու հանրության չափորոշիչներով էլ ընդունելի այն մարդկանց, այն անհատականությունների համար, ովքեր, մի կողմ թողնելով անինտրիգ, հանդարտ հունով իրենց կյանքը, կտրուկ անցումի փորձ են անում դեպ մեծ քաղաքականություն, քաղաքականություն, որտեղ խաղի, վավերից էլ ավելի, չգրված կանոններ կան, որտեղ միշտ ուժեղից ուժեղը կա, որտեղ կողք-կողքի են ոչ միայն ինտելեկտն ու սրտացավությունը, արհեստավարժությունն ու բարեկրթությունը, այլեւ` դմակից ամենամեծ կտորը “բրոնյա” անելու միակ…մտածումը, ամենակարողության մարաթոնում գինեսյան լինելու մենաշնորհը…
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ԱԿՆԱԾԱՆՔ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ…
Այս` մի քիչ հեռվից գալու իմ ցանկությունն, ակամա նախադրվեց ոչ թե N37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, հանրապետական կուսակցության անդամ Հայկ Հովհաննեսի Գրիգորյանի, այլ Գորիսի մեր` Գետափնյա թաղամասի սիրված, խոհեմ երեխա Հայկիկի, կամային հավաք արժեքներով ու չափավորությամբ առանձնացող, իր համար իր ճանապարհը հարթող Հայկի մասին:
Մի զուսպ երիտասարդի մասին, որ կարողացավ ոչ դյուրին մեր ժամանակներում ոչ միայն գտնել իր հացը վաստակելու, իր ընտանիքին պատվար լինելու քրտինքով ու նպատակամետությամբ սնուցվող ակը, չընկրկել դժվարությունների հերթագայությունից, այլեւ` միշտ հարաբերական համարել իմացականի “վերին շեմ ասվածը”` աշխատել ու աշխատել…
Եվ, որ անթաքույց էր, միշտ մնալ պարկեշտ` արժանապատվության ու չափի զգացողության նախադրմամբ:
Ես կարող էի լրագրողական…անմեղ հնարք անել, ձեւանալ, որ ես Հայկին հասցրի ճանաչել որպես լրագրող միայն: Չէ`, ես նրան գիտեմ, ճանաչում եմ, իսկ այս, ինձ համար այնքան էլ չճշտված ժանրի նյութիս համար, ես իսկապես արդեն, որպես լրագրող ու ընտրող նաեւ, փորձեցի ոչ այնքան առավել մոտիկից ճանաչել նրան, որքան հասկանալ Հայկին ու նրա որոշումը, թերթել ու բացել այն էջերը, որտեղ, որոնց լուսանցքներում նշումներ անելու կարիքը կլինի…
Բնական է ենթադրել, որ նաեւ մտայնությունը կա` գուցե կուսակցությանը չհակադրվելու…ուշիմությո՞ւնն է պատճառը կամ, գուցե, գերկտրուկ շրջադարձով ադրենալինի հոսք զգալու հողեղենին բնորոշ` ես-ի հուշո՞ւմը կա…
Հայկին հանդիպելուց առաջ մարդկային անկեղծ հետաքրքրության մղումը կար, եւ այս մտայնությունների պատասխանները ստանալու ակնկալիքը, որովհետեւ քաղաքականությունը, բացի իրեն վերապահված ահռելի` գուցե մոլորակապահպան դերակատարություն-առաքելությունից, նաեւ, ավաղ, հաճախ տխուր ու անբարո մակդիրներով համեմված, թեւավոր խոսք դարձած նախադասությունների… ենթակա է…
Բայց, ամենավաղ մանկությունից ճանաչ լինելով Հայկի տեսակին, մարդկային նկարագրին, նաեւ համոզմունքի չափ վստահությունը կա, որ այս տեսակի մարդիկ թե անգամ…առաջանալ են ուզում, ապա, կարելվույն չափով, մի լավ, մի օգտակար բան անելու ցանկությամբ միայն:
Ու` թեկուզ իրենց ուժերի պատածին, իրենց հնարավորությունների արտոնումի սահմաններում:
Ու` ոչ մեկին կամ նվաստացնելու, կամ թերարժեքելու գնով:
Ու` ոչ բոնուսային միավորներ պարանոցից կախելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԿ, ՈՐ ԱՆՊԱՃՈՒՅՃ ԷՐ` ՀԱՍԱՐԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓ
Իր կյանքի այս մեծ իրադարձության շեմին, ինձ ցանկալի էր Հայկին տեսնել ու զրուցել մի գավաթ սուրճի շուրջ ոչ թե սրճարանում, գրասենյակում կամ շտաբում, այլ հենց իր հարկի տակ, հարազատների շրջապատում, որովհետեւ այդժամ է միայն, որ քեզ երեւակվող…էկրանին արտածվում է նաեւ ընտանեկան կոճղի կենդանի աուրան, այդժամ է, որ իրականի ու հնարովիի սահմաններում “SOS”-ն է թարթվում…
Միանգամից` Գորիսի Գետափնյա թաղամասում գտնվող Հայկենց բնակարանի ընտանեկան հարկի տակ չկար ձեւականության տարր. պարզ էր, հասարակ լինելու չափ անպաճույճ:
Մայրը, կինն ու եղբայրը ե՛ւ ուրախ ու հպարտ էին, ե՛ւ յուրովի մտազբաղ ու մտահոգ էին…
Հայկն անկեղծ զրուցակից էր…
“Ես վճիռ կայացնելուց`առաջադրվելուց առաջ, մի ինքնահորդոր ունեի` Հա’յկ, դու պիտի հավատարիմ մնաս քո տեսակին, հավելումներդ պիտի լինեն միայն հանրօգուտ ու անընդհատ զարգացումի մղմամբ, ճշմարիտ ու բարոյական նորի սեփական ընկալմամբ: Իսկ ես խորապես հասկանում եմ, թե, հաջողության դեպքում, ինչ դժվարին ճանապարհ ունեմ անցնելու, – դեմքի մտասույզ արտահայտությամբ ասում է Հայկը:
- Մանկավարժի յուրօրինակ իմ աշխարհից, խոստովանեմ, իմ ծավալելիք գործունեության նկատմամբ ես, պատկառանքից բացի, նաեւ բարոյական երկյուղ, ահռելի պատասխանատվություն ունեմ: Մի բարոյական երաշխիք ունեմ` իմ կուսակցությունն ինձ վստահում է ու իմ կողքին է, իսկ ես արժանի պիտի լինեմ այդ վստահությանը, իմ ընտրողների հավատին: Մյուսն էլ, վստահաբար կարող եմ ասել, ժամանակի հարգն իմանալու իմ սկզբունքն է: Հուսով եմ` ես կհասցնեմ: Իսկ դա ինձ համար ամենաէականն է, որովհետեւ բոլոր-բոլոր հարգանքներից ինձ համար ամենակարեւորը…ինքնահարգանքն է, որի կորուստը, իմ կարծիքով, վերջի է նման”:
Չգիտես` բարձրաձայն մտածո՞ւմ որպես, ինքնահամոզո՞ւմ որպես, թե՞ ընտրողին ակամա ուղղված ուղերձ որպես, մեր զրույցն այսպես սկսեց Հայկը:
Ինքն իրեն ու իր անելիքին հավատում է:
Մայրը` տիկին Սիլվան, որ Հայկի մեջ գնահատում է դիմացինին հարգելու կարողությունն ու աշխատասիրությունը, պատմում է. “Հայկը միշտ էլ կանոնավոր էր, կոկիկ, հավաք ու զուսպ: Սիրում էր “կոնստրուկտոր”, “մոզաիկա”, շաշկի ու ֆուտբոլ խաղալ: Ես համոզված եմ, որ նա ինչ էլ անի` պատվով ու իր ուժերի անմնացորդ ներդնումով է անելու: Պարզապես, միշտ էլ անհանգստանում եմ այն բանի համար, որ նրա աշխատասիրությունը գերբեռնվածության աստիճանի է հասնում: Հայկը պարտվել չէր սիրում, երեւի դա էլ նրան անվերջ ու ամեն հարցում մղում էր ինքնազարգացման: Ես ուրախ եմ որդուս համար, բայց մտահոգ եմ. նա առանց այն էլ հանգստանալ չէր հասցնում: Ինչ ասեմ` ինձ համար էլ շատ անակնկալ որոշում էր”:
Հայկի համար էլ, չի թաքցնում, ամենն այս հանկարծակի եղավ. “Գորիսի պետական համալսարանն ավարտելուց, ծառայությունից ու տարբեր վերապատրաստումներ անցնելուց հետո, ես, որպես ուսուցիչ, աշխատանքի անցա վարժարանում: Աշխատանքային երեք տարիներս ինձ այնպես կապեցին դպրոցին ու մանկավարժությանը, որ ես կասկած չունեմ` դա իմ աշխարհն է. անսահման հետաքրքիր է կյանքին դպրոցի աչքերով նայելը: Բայց զգում էի, որ կա կատարելագործման ու ժամանակներին առավել համահունչ քայլելու անհրաժեշտությունը: Վերջին երեք ամիսներին ես օրն ի բուն պարապում էի` կրթությունս Լոնդոնում շարունակելու համար: Փետրվարի վերջերին հանրապետական կուսակցության մեր տարածքային կազմակերպությունն ինձ առաջարկեց մտածել մեծամասնական ընտրակարգով իմ առաջադրման մասին: Կուսակցության այդօրինակ վստահությունը պարտավորեցնող էր: Ու ես, մեկ շաբաթ մտածելուց հետո, որոշում կայացրի…”:
Հայկի եղբայրը` ԳՊՀ-ի` էլի մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի բաժնի շրջանավարտ Վլադիմիրը, վստահ է, որ եղբայրը, ընտրվելու դեպքում, որին հավատում է, անպայման կարդարացնի իր ընտրողների վստահությունը:
Կինն էլ` մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթը, ով ընդամենն ամիսներ առաջ է հարս եկել, քնքուշ ժպիտով ասում է. “Գիտեմ, որ հաջողության դեպքում հեշտ չի լինելու, բայց ես միշտ Հայկի կողքին կլինեմ”:
Տիկին Սիլվայի դաղձաբույր թեյի շուրջ մեր զրույցը երկար շարունակվեց:
Իմացա, որ գյուղապահպանության հարցն ընտրվելու դեպքում իր գործունեության առանցքային նախընտրությունը համարող Հայկը երազում է իր նպաստը բերել այն Հայաստանի զարգացմանը, որտեղ, իր ձեւակերպմամբ, մարդը վաղվա օրվա մեջ լույս կտեսնի, որտեղ հացի խնդրով մտահոգ տաղանդաշատ երիտասարդները չեն կանգնի դեսպանատների առջեւ, որտեղ կրթությունն ընտանիքի ողնաշարը ճկող թանկ հաճույք չի լինի, որտեղ մարդկանց` առողջությամբ…մտահոգ չլինելը, նրանց անտարբերությամբ միայն չի շեփորահարվի, որտեղ կանայք, անհրաժեշտության բերումով, տղամարդ կին չեն լինի…
Իմացա, որ մեծ, շատ մեծ բարոյական պատասխանատվություն ունի իր պապ ու տատերի հիշատակների առաջ, որ պաշտելու չափ սիրում է մորը, որ իր կյանքի հրաշք էջերից էր Լիլիթին հենց եկեղեցում հանդիպելը…
Իմացա, որ ցեղակրոնության գաղափարախոսությունն իր համար պաշտամունքի պես է, որ Վազգեն Սարգսյանն իր կուռքն է…
Իմացա, որ Հայկը մեկիկ-մեկիկ հիշում է իր ուսուցիչներին ու նրանց ավանդը, որ սեղանի գրքերն են “Աստվածաշունչն” ու “Փոքրիկ իշխանը”, որ այնքան կուզեր ազատ ժամանակ ավելի շատ ունենալ ու էլի Թումանյան ու Անդերսեն, Բակունց ու Մաթեւոսյան, Սահյան ու Սեւակ կարդալ, էլի ու էլի դիտել “Մենք ենք, մեր սարերը” ու “Հարսնացու հյուսիսից” ֆիլմերը, որ միշտ է պատրաստ լսել Գուսան Աշոտ, Մանսուրյան ու Ուիթնի Հյուսթոն, որ ակնածում է Էնիո Մորիկոնեին…
Իմացա, որ համաստեղությամբ ջրհոս Հայկը գարուն է սիրում, կանաչ գույն է սիրում…
Իմացա նաեւ, որ ատում է մենությունը…
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ԷՍՔԻԶ
Մարդու նկատմամբ հետաքրքրության շառավիղը կտրուկ մեծանում է այնժամ, երբ նա հայտնվում է ինչ-ինչ իրադարձության կիզակետում: Հանրության առաջին հախուռն ռեակցիային հաջորդում է թվացյալ պասիվ, բայց իրականում առավել ակտիվ քննարկումների, բազմաչափ դիտարկումների, համադրում-բաղդատումների, մինչ օխտը պորտը սուզվելու, գցել-բռնելու, “դաբրո”-յի կամ մերժումի փուլը:
Հասարակականից արագորեն հանրային դարձող այս… գործընթացում միշտ առկա է հարաբերականության տարրը, որովհետեւ անաչառ ու իրական կարծիքին խոչընդոտ են ոչ միայն մարդկանց զգալ-հասկանալ-գնահատելու կարողության տարբեր գործակիցները, այլեւ հողեղենի շահերը` պահանջմունքների որակն ու չափերը:
Ու, բոլոր այն դեպքերում, երբ մարդը սովորական ընթացքներից տարբեր… նավարկություն ունի, այս քուրայով անպայման անցնում է:
Եվ, անկախ բոլոր նեղ կամ…լայն շահերից, անկախ ուզող-չուզողների հարաբերակցությունից, անկախ խաչվող շահերի թեժության աստիճանից, առաջին եւ հաստատուն միավորներն արձանագրվում են անկեղծության, ազնվության, բարոյականության, բարեկրթվածության սյունակներում: Սրանք բոլորի բանականության քիմքը շոյող արժանիքներից են:
Իսկ թե մարդը հայտնվում է քաղաքական հարթության մեջ, առավել եւս` առանց…նախաբանի, միանգամից, ապա զննումը սկսվում է հեռվից-հեռու: Ու այս պարագայում էլ կարեւոր է մարդուն` գնահատական տալուց առաջ ճանաչելը, հասկանալը, որ հետո ազգովին չասենք` էլի սխալվեցինք…
Իսկ թե այդ մարդը պատրաստվում է դառնալ ժողովրդի` կոնկրետ իր ընտրողների շահերի պաշտպանը երկրի օրենսդիր մարմնում ու քաղաքականության մեջ բառացիորեն նոր դեմք է, ապա, բնականաբար, հետաքրքրությանը գործակիցներ են նախադրվում:
Ամենաամփոփ գծերով այսպիսին է Հայկը, մեզ հետ, մեր կողքին ապրող այս երիտասարդը, ով ինձ հետաքրքրեց ոչ որպես իր նախընտրական ծրագրի հեղինակ, այլ որպես բանական ու աշխարհիկ մարդ…
Իսկ նրա նկատմամբ հավատի ու վստահության քվեն նախընտրելու կամքը մեր` բոլորիս բանականության որոշելիքն է…
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


