Ուշացած ափսոսանքը կյանք չի վերադարձնում

“Էյ ի Ջի սերվիս” ընկերությունը ստեղծվել է 2007թ. մայիսին: Հենց նույն թվականին էլ Գորիսում բացվեց ընկերության տեղամասը:”Այն աշխատանքը, որն այժմ մեր ընկերությունն է կատարում, նախկինում իրականացվում էր  ”ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի կողմից. այսինքն, նախկինում նա և’ սպասարկում էր , և’ վերահսկում”,-պարզաբանում է “Էյ ի Ջի սերվիս” ընկերության Գորիսի տեղամասի պետ Խաչիկ Աղաջանյանը:
Ընկերությունն իրականացնում է բնակչության, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների գազասպառման կենցաղային և արտադրական համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները:
“Ներտնային գազասպառման համա-կարգում անվտանգության գազազգայուն սարքավորումների տեղադրման շնորհիվ նվազեցվում է բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը”,-խոսելով ընկերության նպատակների մասին, նշում է Խ. Աղաջանյանը: Անվտանգության սարքերի տեղադրումը իրակացրել է “ՀայՌուսգազարդը”:

2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել է 596 618 ազդանշային սարք և անջատիչ կափույր (անվտանգության սարք):

Գորիսում (ներառյալ գազաֆիկացված գյուղական համայնքները) կոնկրետ գազի 7070 բաժանորդներից 6850-ի բնակարաններում տեղադրված են անվտանգության սարքերը (տեղադրվել են անվճար), բայց կան “փակ դռներ”, որոնք կազմում են ընդհանուր թվի 5-6%-ը (պայմանական փակ դռներ են համարվում այն բաժանորդները, որոնց մոտ, անկախ ընկերության կողմից գործադրված բավարար ջանքերի, հնարավորություն չի ընձեռվել իրականացնել գազասպառման համակարգերի սպասարկում` գազազրկված, ժամանակավորապես բացակայող, խոչընդոտող):

“Սկզբում այնքան էլ միանշանակ չընդունվեց, թյուր կարծիք կար, թե սարքը շատ էլեկտրաէներգիա է ծախսում (իրականում տարեկան առավելագույնը կարող է ծախսել 200-250 դրամ): Շատ հաճախ սպառողները մեզ հետևյալ հարցն էին տալիս. “Դուք մեր անվտանգության մասին մեզնից շա՞տ եք մտածում”: Ցավոք, մարդիկ, այն էլ ոչ միշտ ու բոլորը, սթափվում են միայն այն ժամանակ, երբ ցավալի, անդառնալի դեպքեր են արձանագրվում”,-բաժանորդների վերաբերմունքի մասին խոսելիս ասում է տեղամասի պետը:

“Երբեմն նաև ստիպում ենք բաժանորդներին չանջատել սարքավորումը. եղել է դեպք, երբ գրությամբ դիմել ենք “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ -ի Սյունիքի ԳԳՄ -ի Գորիսի տեղամասին, որ դադարեցնեն այս կամ այն բաժանորդի գազամատակարարումը, ով անջատած է պահում սարքավորումը: Սա արվում է նախազգուշական նպատակներով, որպեսզի մարդիկ սթափվեն, զգան, որ սարքի անհրաժեշտությունը: Հիմա, կարծես, բնակիչների շրջանում այս առումով առավել բարձրացել է գիտակցումը, ու մարդիկ սկսել են ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել խնդրին”, – նշում է ընկերության տնօրենը:

Առանց արտահերթ, արտապլանային այցերի, “Էյ ի Ջի սերվիս”  ընկերության աշխատակիցները բաժանորդներին այցելում են վեց ամիսը մեկ: Բայց, իհարկե, սա բնավ չի նշանակում, որ արտահերթ կանչերի դեպքերում ընկերության աշխատակիցները նույն օպերատիվությամբ չեն արձագանքում:

Սարքեը տեղադրելու ժամանակ “Էյ ի Ջի սերվիս” ընկերության աշխատակիցները կատարում են համապատասխան բացատրական աշխատանքներ` կապված անվտանգության պահպանման հետ: Նրանք ապահովված են համապատասխան տեխնիկայով, ունեն առանձին արտահագուստ` ամառային և աշնանային, աշխատանքային կրծքանշան:

Խոսելով հին ու մաշված սարքավորումների պատճառով առաջացած խնդիրների մասին, Խ. Աղաջանյանը նշում է, որ շատ հաճախ դրանք կապված են սպառողների ունեցած տասնյակ տարիների վաղեմություն ունեցող գազսպառող սարքերի հետ և ընկերությունն իրավասու է պարտադրել` փոխելու դրանք, սակայն, այստեղ արդեն առկա է մարդկային գործոնը. մտնում ես բնակարան, տեսնում, որ մարդը սոցիալական ծայրահեղ վիճակում է: Էլ ինչպե՞ս կարող ես պարտադրել: Նման` առանձին դեպքերում, պարզապես ուժեղացնում ենք վերահսկողությունը, կատարում արտապլանային այցեր՚,-նկատում է պարոն Աղաջանյանը :

Ընկերությունը նման բաժանորդներին տրամադրում է նոր սարքավորումներ` 6 ամիս մարման ժամկետով` առանց տոկոսադրույքի: Բազմաթիվ բնակիչներ արդեն օգտվում են այդ հնարավորությունից:

“Կանչերի գիրք ունենք, որտեղ գրանցվում են բոլոր զանգերը: Երբեմն մարդիկ զանգում են ու բողոքում, որ գազ չունեն` չհասկանալով, որ սարքն, արձագանքելով արտահոսքին, ավտոմատ կերպով դադարեցրել է գազի մուտքը: Հաճախ հանդիպող խնդիր է և այն, որ ձմռանը բնակիչներն օդատարի մեջ շոր են մտցնում` ցուրտը կանխելու համար, բայց չեն հասկանում, որ այդպես խախտում են անվտանգության կանոնները ու վտանգում իրենց իսկ կյանքը”,- ասաց Խ. Աղաջանյանը:

Ընկերությունը պատասխանատու է հաշվիչից մինչև բնակարան անխափան գազամատակարարման համար: Գոյություն ունի նաև “Ծխնելույզագործական մասնագիտացված սերվիս” ՍՊԸ, որն ունի աշխատակիցներ նաև Գորիսում, նրանք էլ զբաղվում են ծխատարների մաքրմամբ:

Բնակիչները հաճախ բողոքում են, որ սարքավորումները միանում են տարբեր հոտերից, ցածր ջերմաստիճանից: Այս առնչությամբ տնօրենը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրված սարքավորումների հետ նման խնդիր չի առաջանում, քանի որ նոր սարքերը տեխնիկապես ավելի կատարյալ են:

Մեր զրույցի վերջում, իր իսկ ձևակերպմամբ, պահանջ-խնդրանքով, ընկերության Գորիսի տեղամասի պետը ցանկացավ դիմել բնակչությանը. “Հարգելի’ բաժանորդներ, միացված պահեք ձայնաազդանշանային սարքերը, զգո’ն եղեք գազասպառման համակարգերը շահագործելիս: Շինություններում գազի արտահոսքի դեպքում մի’ օգտվեք լուցկուց կամ բաց կրակից, մի փորձեք անձամբ վերացնել ջրատաքացուցիչի և ջեռուցման սարքերի անսարքությունները: Նման դեպքերում փակեք գազի փականները և այդ մասին, որքան հնարավոր է շուտ, տեղյակ պահեք մեզ, որովհետև, եթե որևէ անցանկալի դեպք լինի, պատասխանատվությունը առաջին կրողը մենք ենք լինելու”:

Սպառողի անվտանգության համար իրականացվող այս ողջ գործընթացն ինձ ակամա հիշեցրեց որոշ “լավ տղա” վարորդների արհամարհական վերաբերմունքն ամրագոտիների նկատմամբ:

Ցավոք, այս պարագայում էլ, ուշացած ափսոսանքը կյանք չի վերադարձնում:

Շուշա Օհանյան

Կարդացեք նաև