“Կյանքում, թե համացանցում մարդն է՝ քենոտ ծուղակով, թե անբասիր սիրով”

Շուշան Օհանյան, սեր և տեխնոլոգիաներԱնկասկած, առաջարկված թեման տարբեր սերունդների մոտ միանգամայն տարբեր վերաբերմունք-ռեակցիա կառաջացնի: Մեր ծնողների սերունդը՝ դեռ էլի ոչինչ, բայց այ մեր տատ ու պապերը հաստատ կասեն / ավելի ճիշտ՝ տատիս ասածն ասեմ/՝  “Թո~ւ, էս հալալ երկիրը ո~նց փչացրին, քիչ է մնում երեխան էլ էդ անտեր համակարգչով բերեն: Այ մարդ, գրելով սիրելս ո՞րն է: Մինչև աղջիկն ու տղան իրար չտեսնեն, տղան ոտից-գլուխ աղջկան չչափի, աղջիկը տղայի կուռն ու խելքը չտեսնի, մինչև ծնողները օխտը պորտից չտեղեկանան…”:

Մեր սերնդի մասին ասում են, որ մենք մի քիչ շատ ենք ինքնագլուխ, որ մենք Եվրոպայի  իրավունքի “վիրուսով” ենք ախտահարված: Սրան այնքան  էլ չհակառակվելով, ասեմ, որ ես նաև կիսում եմ մեզ, անկասկած, շատ սիրող տատ ու պապերի մտավախությանն այս՝ “Յոթը չափիր, մեկ կտրիր” :

Բայց, ինչպես կյանքում ամենուր, մարդ նախ ինքը պիտի /չգիտեմ՝ գենո՞վ, դաստիարակությա՞մբ, կրթությա՞մբ, շրջապատո՞վ/ զորու լինի ու հասկանա, թե ի՞նչ է ուզում ինքը, ի՞նչ է փնտրում, ինչո՞վ է գոհանում ու երջանկանում, ի վերջո՝ ի՞նչ կամ ո՞ւմ չի ուզում…Այս դեպքում ի՞նչ տարբերություն՝ փողոցում  դու նրան տեսար, թե՝ համացանցում, նախ “ոտն ու կուռը” տեսա՞ր, թե՝ խելքն ու ինտելեկտը…Ոչ փողոցում, ոչ համացանցում ոչ ոք քեզ իսկույն զագս չի առաջնորդում…Դեռ ավելին,
եթե առօրեական կյանքում սերն է…առաջին հայացքից, համացանցում խայծը խելքն է, հաղորդակցվելու կարողությունը, դաստիարակության անթաքույց պատկերը:

Իհարկե, համացանցում… “խաղեր տալն” էլ կա,ուրիշի անունով ու տեսքով ներկայանալն էլ  կա, անմաքուր ու անբարո նկրտումներն էլ կան… Բայց, բայց սրանցից ո՞րը չկա իրական կյանքում. քի՞չ է լինում, որ տարիների “Ռոմեո-Ջուլիետա”-ները նավը հորձանքին հակառակ են քշում հենց նավարկության մեկնարկին կամ “Լոպես”-“Փիթ”-ները փուչ ու տաղտկալի են լինում առաջին իսկ հանդիպումի առաջին իսկ շփումից…Այնպես որ համացանցը կամ նմանօրինակ միջոցները ի՞նչ անեն, կներեք, եթե մարդն ինքը չի կարողանում, գոնե, ինքն իր համար, ուրվագծել իր ուզածը, եթե զորու չի կոմնորոշվել, եթե չի տարբերում գեղեցկությունը պճնանքից, դաստիարակությունը՝ ձևանալուց, անկղծությունը՝ մայմունությունից…

Նոր տեխնոլոգիաներին մերձ լինելու մեր սերնդին ընձեռնված հնարավորությունը ես, ավելի քան, ճակատագրի շնորհ են համարում. ի~նչ անեզր օվկիան է մեզ տրված ճիշտ ու խելացի առնչությունների պարագայում. գիտելիքներ, փորձ, ինքնազարգացում, ծանոթություններ, կապեր,ինքնաներկայացում և, ինչու ոչ՝ կյանքի ընկերոջ ընտրություն, սեր…

Այո, սեր…Անկեղծ լինենք, այսօր, առավելապես ոչ մայրաքաղաքաբնակ երիտասարդների համար, հանդիպման, շփման, պարզ խոսքով՝ միմյանց տեսնել-նկատել-հավանելու ի՞նչ հնարավորություններ կան. որտե՞ղ՝ կինո՞, թատրո՞ն, միջոցառումնե՞ր…Ցավոք, այս հարցն էլ անցնում է սոցիալական զամբյուղների… հարթություններով. ունևորները պարսպապատ առանձնատներում ու “Ջիփ”-երում են /դե, հետո էլ նրաց հայացքների փնտրտուքը…”վերին էշալոններում” է /, մեղմ ասած, չունևորներն էլ, եթե սովորում կամ աշխատում են, տունդարձի ճանապարհը հիմնականում…ուղիղ գծով է:

Հավատում եմ “ճակատագիր” ասվածին, պատահականության ճակատագրական լինելուն…

Հաավատում եմ ինձ հարազատ մարդկանց խորհուրդներին, բայց ավելի շատ փորձում եմ հավատալ ինքս ինձ ու իմ…ընտրությանը բոլոր ոլորտներում…

Հավատում եմ, որ կյանքում ու համացանցում մարդը նույնն է՝  քենոտ ծուղակով, թե անբասիր սիրով

Հավատում եմ, որ  դու պիտի դու լինես՝ սթափ, իրատես, խելացի…

Հավատում եմ, որ այս ամենի հետ ինքդ պիտի բարի ու հավատավոր լինես. չէ՞ որ կյանքում հաճախ ու հաջողությամբ է գործում բումերանգի անգրել օրենքը՝ ստանում ես այն, ինչը դիմացինիդ ես հղում՝ խոսքով, թե՞…

Հավատում եմ, որ փեսացուի փոխարեն, դար առաջ, հարսնախոսին նրա փափախն ուղարկելուց մինչ այսօր, մինչ sms, Skype, Facebook,… մեծ հաշվով, շատ բան չի փոխվել…

Հավատում եմ, որ նոր տեխնոլոգիաներն ընդամենը օգնության են եկել…բարեկիրթ մարդկանց…

Շուշան Օհանյան

mediamax.am


Կարդացեք նաև