Շերամ. ուրույն մի աշխարհ

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցՄեզ թղթակցում են-Ս/թ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի երաժշտության ուսուցիչներ Բելլա Ավագյանի ու Աննա Բաղրամյանի համատեղ ուժերով կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ յուրօրինակ մի ցերեկույթ` նվիրված մեծ բանաստեղծ-երգիչ Գուսան Շերամի /Գրիգոր Տալյան, 1857-1938թթ./ հիշատակին:

Ցերեկույթը բացեց Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, որը Տերունական աղոթքով և ներկաներին ուղեկցեց դեպի շերամական երգի բնաշխարհ… մի ուրույն աշխարհ, ուր գերիշխում է փիլիսոփայական գաղափարներով առլեցուն աշուղական երգի լիրիկան ու մեղեդայնությունը, Շերամի` մեզ ավանդած ստեղծագործական հարուստ ժառանգությունը…

Սցենարի հեղինակ Բելլա Ավագյանը յուրովի վարպետությամբ վարեց միջոցառումը` հմտորեն ներկայացնելով Աշուղի անցած կենսագրական ուղին, աշուղական արվեստի բնօրրանը` 19-րդ դարի Ալեքսանդրապոլը, ներկայիս` Գյումրին, ինչով կարողացավ կլանել հանդիսատեսի համակ ուշադրությունը, նրա մտքի թելը կապել օրվա թեմային:

Շերամի հանճարեղ երգերը հնչեցին կենտրոնի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների և սաների անզուգական կատարումներով: ՙԱմեն առավոտ՚, ՙԴու իմ մուսան ես՚, ՙՔեզանից մաս չունեմ՚ ստեղծագործությունները, հնչած դպրոցի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանի հիանալի կատարմամբ, յուրովի ծաղկունք ու հայկական շուք բերեցին դահլիճ:

Անշուշտ, հարկ է նշել, որ նման միջոցառումներին պարգևած հոգեթով ակնթարթներն են ապրեցնում հայկական մշակույթն ու արվեստը` հոգու խորքում մեզ պահելով հայ, մեր մատաղ սերնդին տալով հայեցի դաստիարակություն հայրենիքից հեռու, բայց հայրենիի հոգում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ տարածաշրջանի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Նշան աբեղա Պետրոսյանն` իր շնորհակալական ուղերձը հղելով կազմակերպիչներին, դպրոցի տնօրինությանը, սաներին և հանդիսատեսին, որոնց համատեղ ջանքերով կայացավ աշուղական երգի տոնը: Նա հույս հայտնեց, որ նման համերգները ավանդական շարունակություն կունենան ու կնպաստեն հայապահպանման նվիրական գործին: Վերջում առաջարկեց հաջորդ համերգներից մեկը նվիրել հոգևոր երգերին` շարականներին:

Լիլիթ Մկրտչյան

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի մանկավարժ


Կարդացեք նաև