Բրիտանական խորհրդի նոյեմբեր ամսվա էլեկտրոնային տեղեկագիրը

Բրիտանական դեսպանատուն, տեղեկատվություն,մցույթներ

Բրիտանական Չիվնինգ կրթաթոշակներ 2012-2013
Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանասավորում է ՄԹ-ի Արտաքին գործերի և համագործակցության  երկրների նախարարությունը և համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը` ներառյալ ապրելու և միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`
  • հակամարտությունների կանխարգելում և լուծում,
  • հանրային ոլորտի զարգացում` Եվրամիության և այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
  • ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել մեր կայքը:

Na/Ne award

Մենք հայտարարել ենք «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են «Նա/Նե»  լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:

Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ, BMI ավիաընկերության և ATV հեռուստաընկերության աջակցությամբ:

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը և դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել մեր կայքը:

«Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ

«Նա/Նե»  ամենամյա 4-րդ մրցույթի հաղթողներից մեկին կարող եք ընտրել հենց Դուք: Առաջին անգամ մրցույթի շրջանակում կազմակերպվում է հանրային քվեարկում: Հատուկ այս նպատակով մենք ստեղծել ենք  «Նա/Նե» բլոգը, ուր տեղադրում ենք 2011 թվականի մրցույթին ներկայացված բոլոր նյութերը:

Այցելելով մեր բլոգը` Դուք կարող եք քվեարկել Ձեր նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Առավելագույն Like ստացած նյութը «Նա/Նե»  մրցանակաբաշխության ընթացքում կստանա հատուկ մրցանակ:
Եղեք ակտիվ, այցելեք «Նա/Նե»  բլոգը և քվեարկեք: Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքն ու ընտրությունը:
Լավագույն դասապլան Չարլզ Դիկենսի գրական ժառանգության վերաբերյալ
Ստելլա Սարգսյանը հաղթել էր «Լավագույն դասապլան» մրցույթի ընթացքում
Ինչպե՞ս ներկայացնել Չարլզ Դիկենսի ժառանգությունը և ինչպե՞ս հետաքրքրել աշակերտներին` բացահայտելու գրողի զարմանահրաշ գրական աշխարհը:

Անանիա Շիրակացի ճեմարանի անգլերեն լեզվի ուսուցչուհի Ստելլա Սարգսյանը մշակել է դասպլան, որն էլ հաղթել էր «Լավագույն դասապլան» մրցույթի ընթացքում: Բրիտանական խորհուրդը և Կրթության ազգային ինստիտուտն Ուսուցիչների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարել էին մրցույթ: Ուսուցիչները պետք է ներկայացնեին Դիկենսի գրական ժառանգությանը նվիրված ինտերակտիվ և ստեղծարար դասապլան:

Ստելլա Սարգսյանը պատրաստվում է իր դասը վարել փետրվարի 7-ին` մեծ գրողի ծննդյան օրը: «Դասաժամին ուսանողները հնարավորություն կունենան զարգացնելու խոսակցական և գրավոր անգլերենի իրենց հմտությունները: Նրանք կկարդան նոր տեքստեր»,-ասաց Ստելլա Սարգսյանը:

Մենք պատրաստ ենք դասպլանը տրամադրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են վարել դասաժամ Չարլզ Դիկենսի գրական ստեղծագործությունների վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար Լիլիթ Բեքարյանի հետ Lilit.Bekaryan@britishcouncil.am հասցեով:

Ուսուցանի՛ր բառակապակցություններ և ոչ թե բառեր
Լեո Սելիվան
Անգլերենի ուսուցիչ և Բրիտանական խորհրդի TeachingEnglish կայքի նյութերի հեղինակներից Լեո Սելիվանն առաջին անգամ է Հայաստանում: Ավելի քանի ութ տարի աշխատում է Բրիտանական խորհրդում և հասցրել է անգլերեն ուսուցանել աշխարհի տարբեր անկյուններում և այժմ Իսրայելից Հայաստան է ժամանել երկօրյա դասընթաց վարելու նպատակով:

Բրիտանական խորհուրդը Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 14-ին և 15-ին կազմակերպել էր դասընթաց 54 ուսուցչի համար: Իսրայելից ժամանած մասնագետը հայ ուսուցիչներին էր փոխանցել բառակապակցությունների ուսուցման նոր հմտություններ և գիտելիքներ:

«Իմ խորհուրդն է բառակապակցություններն ուսանել ոչ թե որպես առանձին բառեր, այլ ամբողջության մեջ: Կարևոր է նաև օրինակներ բերել երկար բացատրությունների փոխարեն: Եվ բնավ էլ պարտադիր չէ, որ դասի ընթացքում մեծամասամբ ուսուցիչը խոսի: Ընդհակառակը հարկավոր է, որպեսզի աշակերտը խոսի»,-ասում է Լեո Սելիվանը:

Ինտերակտիվ պարապմունքների ընթացքում Լեոյի առաջարկած խաղերը և ուսուցման մեթոդներն ուղղված էին բառակապացությունների ուսուցման դյուրացմանը:

«Իր մեթոդներն ու առաջարկներն իսկապես հետաքրքրական էին և ուսուցողական: Սիրով մասնակցեցի այս դասըթնացին»,-նշեց մասնակիցներից Արմինե Գաթրջյանը:

Նոր փորձառություն, նոր ընկերներ, նոր ծրագրեր

Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի մասնակիցները հոկտեմբերի 24-ից-27-ը մասնակցել են Առաջնորդության զարգացմանը նվիրված աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Ստամբուլում Բիենալեի ընթացքում: Ծրագրի հայ մասնակիցներից Նարեկ Բախտամյանը պատմում է իր փորձառության մասին:

Ծրագրի հայ մասնակիցներից Նարեկ Բախտամյանը
Ստամբուլում Բրիտանական խորհրդի Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի շրջանակում, իսկապես, հետաքրքիր մասնակիցներ էին հավաքվել: Հիանալի էր հանդիպել նման պայծառ և նոր գաղափարներով լի մարդկանց հետ աշխարհի տարբեր անկյուններից և նրանց հետ կիսվել փորձով ու գաղափարներով:

Օգտակար էր տեսնել, թե ինչպես են առավել զարգացած երկրներն արդեն հաղթահարել այն խնդիրները, որոնց մենք դեռևս բախվում ենք: Մենք հանդիպել ենք նաև Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի այլ տարիների մասնակիցների, Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Երգչախումբ կազմելու և հանդես գալու փորձառությունը ծրագրի հետաքրքրական և ոգեշնչող մասն էր: Սկզբում կարծում էի, որ մասնակիցներն այնքան էլ չեն ցանկանա միանալ, բայց վերջում բոլորը, կարծես թե, սպասում էին հենց երգչախմբում հանդես գալու դասընթացին: Այդ դասընթացները մեզ օգնեցին առավել լավ ճանաչելու և ընկերանալու միմյանց:

Շնորհակալ եմ Բրիտանական խորհրդին, բոլոր մասնակիցներին, փորձագետներին և բոլոր նրանց, ովքեր հնարավորություն տվեցին մեր այցը Ստամբուլ դարձնել հիշարժան և գրավիչ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելել մեր կայքը:

Դեկտեմբեր` մրցույթների ամիս
«Լոնդոն 2012. դեպի կամքի հաղթանակ» լուսանկարների առցանց ցուցադրություն և մրցույթների շարք

Դեկտեմբերի երեքին` հաշմանդամների միջազգային օրը, հետևեք ֆեյսբուքյան մեր էջին: Սամսունգ ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ մենք մեկնարկում ենք «Լոնդոն 2012. դեպի կամքի հաղթանակ» լուսանկարների առցանց ցուցադրություն և մրցույթների շարք:

2012 թվականի Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ հայ հաշմանդամ մարզիկների լուսանկարներն առանձին ցուցադրությամբ կներկայացվեն Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում: Լուսանկարների ներքո կտեղադրվեն մարզիկների մասին պատմություններ, որոնց հիման վրա կկազմվեն հարցեր: Որոշ հարցեր նվիրված կլինեն Հայաստանում Պարալիմպիկ շարժմանը:

Մարզիկներից յուրաքանչյուրի պատմությունը հետաքրքրական է և յուրահատուկ: Նրանց պատմությունների հիման վրա կազմված հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում Դուք հնարավորություն կստանաք շահելու Սամսունգ ապրանքանիշի լուսանկարչական ապարատ:

Հարցերի պատասխանները հարկավոր է ուղարկել մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 17.00Lusine.Ghukasyan@britishcouncil.am հասցեին` նշելով անուն ազգանունը և կոնտակտային տվյալները, իսկ թեմա տողում գրելով London 2012: Մեկից ավելի ճիշտ պատասխանների դեպքում հաղթողը կորոշվի վիճակահանության արդյունքում: Միացեք ֆեյսբուքյան մեր էջին և հետևեք թարմացումներին:

Լուսանկարեք Բրիտանական խորհրդի տարբերանշանի Ձեր տարբերակը և արժանացեք մրցանակի

2012 թվականին մենք կնշենք Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարին: Տասը տարվա ընթացքում հազարավոր մարդիկ մասնակցել են մեր ծրագրերին և միջոցառումներին` դառնալով Բրիտանական խորհրդի գործունեության կարևորագույն գնահատողն ու քննադատը:

Եթե մասնակցել եք մեր ծրագրերին, այցելել մեր կազմակերպած մշակութային միջոցառումներին, եղել մեր գրասենյակի հյուրը կամ պարզապես լսել եք Բրիտանական խորհրդի գործունեության մասին, ապա այս մրցույթը ճիշտ Ձեզ համար է:

Ձեզ ծանո՞թ է չորս շրջանակներից բաղկացած մեր տարբերանշանը: Գիտեք, թե ի՞նչ են խորհրդանշում չորս շրջանակները: Ուրեմն ճիշտ ժամանակն է գործի անցնել: Փնտրեք Ձեր միջավայրում, շրջապատում չորս շրջանակներ, որոնք նման կլինեն մեր տարբերանշանին: Լուսանկարեք և ուղարկեք Arevik.Badalyan@britishcouncil.amհասցեին դեկտեմբերի 10-ից մինչև 20-ը` նշելով անուն ազգանունը, տարիքը, մասնագիտությունը և կոնտակտային տվյալները:  Լուսանկարները կտեղադրվենֆեյսբուքյան մեր էջում, իսկ ամենաշատ հավանություն ստացած լուսանկարների հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Մրցույթը բաց է բոլորի համար: Լուսանկարները կարող են արված լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչական ապարատով:

Մրցույթին ներկայացված լուսանկարներն այնուհետև կօգտագործվեն Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարին նշանավորող միջոցառումների հրատարակչական նյութերում:

Չեն ընդունվի այն լուսանկարները, որոնք կտարածեն ատելության կամ վիրավորական մտքեր և չեն համապատասխանի մրցույթի գաղափարին:

Գնահատվում և խրախուսվում է Անգլերեն լեզվի ուսուցման նորարարությունները

Cambridge ESOL-ի հովանավորությամբ կազմակերպվող ELTons մրցույթը միակն է, որ խրախուսում է Անգլերեն լեզվի ուսուցման նորարարությունները:

Այս տարի հայտարարվել է հինգ անվանակարգ`

  • նորարար մոտեցում դասընթաց կազմելիս
  • կրթական ռեսուրսների նորարություն
  • ուսուցանող ռեսուրսների նորարարություն
  • թվային նորարություն
  • տեղական նորարություն
Հայտարարվել է նաև Macmillan կրթական մրցանակ նորարար գրելու համար, որը բաց է բոլոր այն անգլերեն լեզվի ուսուցանող հեղինակների համար, ովքեր ունեն չհրատարակված աշխատանքներ: Հաղթողը կստանա £1,000 և հնարավորություն տպագրելու իր աշխատանքը:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի երկուսը: Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 23-ին Լոնդոնում մրցանակաբաշխության ընթացքում:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել  ELTons մրցույթի կայքը:
Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ, հաճախորդներ և ընկերներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ից մեր գրասենյակը կտեղափոխվի: Մեր նոր հասցեն է Ալեք Մանուկյան 9, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն: Մենք կվերսկսենք մեր աշխատանքը դեկտեմբերի 21-ին: Այս ընթացքում, խնդրում ենք, կապ հաստատել էլեկտրոնային հասցեի միջոցով:

Հարգելի հաճախորդներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի մեկից IELTS քննության վճարը կկազմի57,200 AMD կամ 140 EUR: Ուշացած գրանցման վճարը կլինի 71,500 AMD կամ 170 EUR, իսկ փոփոխման կամ անվավեր ճանաչմանը` 15,000 AMD կամ 50 EUR:

Առաջիկա միջոցառումներ
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Բրիտանական խորհուրդը կազմակերպում է գինու կույր համտեսում: Միջոցառումը նպատակ ունի բարձրացնելու կույր մարդկանց խնդիրների հանդեպ հասարակության ուշադրություն:

Երբ` 2 դեկտեմբերի
Որտեղ` «The club» ակումբ

Բրիտանական խորհուրդը «Արմավիրի Զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ հայտարարում է «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի երրորդ փուլն Արմավիրի մարզում:

Երբ` Ճշտվում է
Որտեղ` Արմավիր

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող  հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում: Այցելելով մեր կայքը` դուք կարող եք հավելյալ տեղեկություն ստանալ կազմակերպության դիրքորոշման, ինչպես նաև Հայաստանում և ողջ աշխարհում հավասարությանն ու բազմազանությանն ուղղված մեր ծրագրերի մասին:

Գիտակցելով, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա`մենք նպատակ ունենք նվազեցնել այն` կանխելով արտանետումները և շարունակաբար բարելավելով մեր բնապահպանական գործունեությունը: Դուք կարող եք հավելյալ տեղեկություն ստանալ Բրիտանական խորհրդի կանաչ քաղաքականության վերաբերյալ` այցելելով մեր կայքը:

Մենք ուրախ ենք ստանալու Ձեր կարծիքը և դիտողությունները մեր աշխատանքի վերաբերյալ:Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կարծիքը, խնդրում ենք գրել մեզ կամ այցելել մեր կայքը:

britishcouncil.am


Կարդացեք նաև