Սանկտ Պետերբուրգի Կենտրոնացված գրադարանային ցանցի թիվ 10 մասնաճյուղում…Հայաստանն էր

/Մեզ թղթակցում են/Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Կենտրոնացված գրադարանային ցանցի թիվ 10 մասնաճյուղում գրադարանի պատասխանատու Օլգա Վիկտորովնա Օզերովայի ջանքերով կազմակերպվեց հայաստանյան թեմայով հանդիպում տեղի Ալեքսանդր Նևսկու անվան թիվ 138 հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Նշյալ թեմայով հանդիպումն իրականացվեց հանդուրժողականությանը նվիրված միջոցառումների շրջանակում, որի նպատակն է՝ ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ հարևան ժողովուրդների միջև, սերմանել հարգանք դեպի նրանց մշակույթը, արվեստն ու ինքնությունը: Իմ Հայրենիքը ոչ հայ դպրոցականներին ներկայացնելը ինձ համար հաճելի հնարավորություն լինելուց զատ, նաև շատ պարտավորեցնող ու պատասխանատու գործ էր: Թեմաներն էին՝ “Քրիստոնեության մուտքը Հայաստան”, “Հայ Առաքելական եկեղեցու կազմավորումը”, “Գրերի գյուտը և հայկական մշակույթի ձևավորումը”, “Հայաստանը մեր օրերում”, “Հայկական համայնքը Սանկտ Պետերբուրգում”, “Եկեղեցին որպես հայապահպանման կաևորագույն օղակ”: Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմական տեսարժան վայրերին,  հայկականություն ամփոփող, ոգեղեն խորհրդանիշերին ու իրերին (հայկական տառեր, դրոշ, գերբ, ազգային հագուստ, նռան գավաթ, լավաշ, դուդուկ և այլն)՝ ներկայացված սլայդների և գրադարանում ձևավորված հայկական անկյունների միջոցով: Մասնակիցների հարցերն ու քննարկումը վկայեցին, որ հնարավորինս հաջողվել էր լսարանին հաղորդել հայկական շունչ, սերմանել հարգանք դեպի հայ ժողովուրդն ու նրա անցած դժվարին ուղին, դեպի հայոց պատմությունը, մշակույթն ու արվեստը:

Լիլիթ Մկրտչյան

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի մանկավարժ


Կարդացեք նաև