Մայրենիի կանչին ականջալուր-Մենք հայ ենք, ուր էլ որ լինենք… /Սանկտ Պետերբուրգ-Տվեր. կիրակնօրյա դպրոցներ/

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոց /Մեզ թղթակցում են/ Մեր  հայրենիքի և ժողովրդի մեծությունը պետք է չափել ո’չ թե Հայաստանի օրվա անձուկ սահմաններով, այլ` հայ մտքի և արվեստի ազդեցության հորիզոններով: Պատմականորեն  մերն է այն ամենը, ինչը հայն է տվել աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարերում էլ և երկրագնդի որ կետի վրա էլ լինի կմնա սեփականությունը` հայ ոգու: Գարեգին Նժդեհ

Վերջերս Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցում  հյուրընկալվեցին Տվեր քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան նորաբաց կիրակնօրյա դպրոցի սաները` Ռուսաստանի հայերի միության Տվերի ներկայացուցչության նախագահի, դպրոցի տնօրինության և մանկավարժական կոլեկտիվի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր ուսումնասիրել դպրոցում իրականացվող ուսումնական ծրագրերը, դասապրոցեսի վարման մեթոդիկան և առհասարակ դպրոցի առօրյան:

սփյուռք, կիրակնօրյա դպրոցներՀյուրերն արժանացան ջերմ ընդունելության հոգևոր թեմի և դպրոցի տնօրինության կողմից: Դպրոցի օրակարգին համաձայն` օրը սկսվեց աղոթքով և հայրապետական մաղթերգով: Հնչեց ՀՀ հիմնը: Այնուհետև Տեր Արշակ քահանա Նազարյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց տվերցիների այցելությունը: Մասնավորապես, նշեց. ՙԴպրոցի հիմնումը հրաշալի գաղափար է, իսկ օտար ափերում ուսուցիչների գործունեությունն` առաքյալների աշխատանք է: Հայ ժողովրդին միավորում են մեր ազգային իղձերն ու հայրենիքի ճակատագիրը: Մեր բոլոր մտքերն, ապրումներն, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու լուռ քննարկումներն, ընդհանուր առմամբ, ունեն մեկ նպատակ` տեսնել հայրենիքն ավելի հզոր, ավելի գեղեցիկ ու բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախմբված, ավելի կուռ ու կազմակերպված՚:

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանն իր հերթին հյուրերին ներկայացրեց դպրոցի գործունեության ուղղությունները: Իր խոսքում չափազանց կարևորելով միջհամայնքային համագործակցությունը՝ ավելացրեց. ՙՕտար ափերում մենք բախվում ենք բազում խնդիրների և մարտահրավերների: Յուրաքանչյուր նոր սերունդ հայախոս պահելու, հայրենիքին մոտ պահելու, պարզապես հայ պահելու հրամայականը կա: Մեր լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր գոյության հիմնասյունը, ազգային միաբանության կարևոր գրավականը: Ուստի, ձեր գործունեության թիրախ դարձրեք լեզվի ուսուցման, փոխանցման և պահպանության խնդիրները՚:

Հանդիսավոր ընդունելությունից հետո, երբ հնչեց դասարան ուղեկցող զանգը, ժամանած հյուրերը, խմբերի բաժանված, դասեր լսեցին բոլոր ուսուցիչների /Ռուզաննա Կուրղինյան, Մարիա Ներսիսյան, Սուսաննա Գաբրիելյան, Ջուլիետա Անդրեասյան, Ամալյա Սահակյան, Շուշան Խռոյան, Բելլա Ավագյան, Աննա Բաղրամյան, Տաթևիկ Սաղաթելյան, Աննա Հովհաննիսյան/ մոտ: Դասերն այնքան հետաքրքիր էին, որ աշակերտները հոժարակամ ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին ընթացող դասերին:

Դասերին զուգահեռ անցկացվեց նաև փոքրիկ համաժողով Պետերբուրգի և Տվերի հայկական համայնքների ներկայացուցիչների, 2 դպրոցների տնօրենների և Պետերբուրգի դպրոցի ծնողների մասնակցությամբ: Համաժողովը վարեց էր Ռուսաստանի հայերի միության Տվերի ներկայացուցչության նախագահ Սեյրան Քոչկանյանը: Քննարկվեցին պետերբուրգյան դպրոցի ստեղծման, անցած ճանապարհին վերաբերող հարցեր, ինչը հյուրերի դիտարկմամբ լավագույն փորձ կհանդիսանա Տվերի դպրոցի կայացման գործընթացում:

ՙՀայոց եկեղեցու պատմության՚ դասաժամին պարապող ուսուցչուհի Լիլիթ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Սանկտ Պետերբուգի ՙԿրոնի պատմության թանգարան՚: Վերջինս թվով 3-րդ դասաժամն էր, ինչը կենտրոնի 7-րդ դասարանի աշակերտների համար անցկացվում էր թանգարանում: Օրվա թեման էր ՙՍրբերի ոսկյա հանդերձանքները՚, որը ներկայացվեց մասնակիցներին ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ: Մեր աշակերտներից ոչ պակաս հետաքրքրությամբ նաև հյուրընկալված 10 աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին ներկայացված թեմայի քննարկումներին, նշումներ կատարում իրենց նոթատետրերում: Նրանց համար թանգարանային այցը նորություն և հետաքրքիր երևույթ էր: Վերջում աշակերտների կողմից լրացվեցին թանգարանային այցի արդյունավետության գնահատման հարցաթերթիկներ:

Սանկտ Պետերբուրգ Տվեր  կիրակնօրյա դպրոցՎերադառնալով դպրոց և միանալով մյուսներին` թե’ տեղացիները և թե’ հյուրընկալվածներն առիթ ունեցան վայելելու դպրոցի 2-րդ դասարանի հրաշամանուկների ներկայացրած ՙՈսկե Աշուն՚ մրգահանդեսը, որը կազմակերպվել էր դասվար Թագուհի Օհանյանի և երաժշտության ուսուցչուհի Բելլա Ավագյանի ջանքերով: Միջոցառումը բացեց Տեր Արշակ քահանա Նազարյանը: Աշնան բազմերանգ տերևներով հանդերձավորված փոքրիկներն, իսկապես, ոսկեգունել էին դահլիճը` հանդիսատեսին պարգևելով աշնան երանգների հոգեպարար ջերմություն: Նրանք իրենց երգով ու ասմունքով ներկայացնում էին հայկական քաղցրահամ մրգերը, հայոց երկիրը` կարծես դրանով ներկաներին շնորհելով հայրենիքի քաղցրությունն ու ջերմությունը, վերադարձնելով դեպի մեր ակունքները: Ծնողներն էլ իրենց հերթին մանուկների ներկայացրած անուշահամ մրգերով հյուրասիրեցին ողջ դահլիճին` ևս մեկ անգամ փաստելով` մենք հայ ենք, ուր էլ որ լինենք… Մրգահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետրբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանը, Տվերի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Գոհար Հովականյանը: Իրենց ասմունքներում հայրենիքը գովերգեցին Տվերի դպրոցի 2 աշակերտներ:

Հարկ է նշել, որ Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է: Ուստի խորին երախտագիտության ու բարձր գնահատանքի են արժանի հայ եկեղեցին, սփյուռքահայ կառույցներն ու կրթօջախներն ապրեցնող հոգևորականակնները, մանկավարժները բարերարներն ու մտավորականները, ովքեր մեծ նվիրումի, զոհողությունների ու տքնանքի գնով հայ սերնդին են ավանդում քաղցրահունչ մայրենին, պահպանում ու զարգացնում հայ մշակույթը:

Այսպիսով` օրն ամփոփվեց Տվերից ժամանած հյուրերի` Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի մեկօրյա առօրյայով, ինչը հիմնվեց փորձի ուսումնասիրման ու փոխանակման վրա, և արժանացավ բարձր գնահատականի: Մեկօրյա այցը փոխշահավետ համագործակցության սկիզբը դրեց հայրենակից դպրոցների միջև: Պետերբուրգյան դպրոցը փոխադարձ հրավերք ստացավ Տվերի դպրոցից:

Շուշան Խռոյան

Լիլիթ Մկրտչյան

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի մանկավարժներ

/Շնորհակալություն սիրելի Լիլիթին՝ Հայրենիքի հետ կապն ամուր պահելու, ամենուր հայուհի ու…Լիլիթ մնալու, և այս նյութն իմ կայքին տրամադրելու համար-Լենա Հովսեփյան/


Կարդացեք նաև