Այսօր արագությունը…մոլորյալներ է բուծում

գիրք, նվիրելՈչ վաղ անցյալում կար… «լճացման» կոչվող, շատ հարցերում շա՜տ-շա՜տ երանելի մի ժամանակ, երբ մարդիկ իրար գիրք էին նվիրում, բացվող առաջին էջին խնամքով մակագրում էին, ամիս, ամսաթիվ էին վավերացնում ու նվիրում: Եվ՝ դա բարոյապես շատ թանկ նվեր էր, մարդը շոյվում էր… Էն ժամանակվա… աշխույժ գրապահարանն էլ էր ուրախանում…

Գիրքը կենդանի, խոսուն արժեք էր՝ հա՛ տալիս էր, հղկում էր, մշակում, հուշում էր ու ուղղորդում, զարմացնում էր ու զայրացնում, էության վրա մանրաշտրիխներ էր տանում…

Արժեք էր:

Արժեք էր, որովհետև այդ արժեքի գիտակցումը կար:

Իսկ այսօր գրադարակների լեթարգիական անդորրը խախտում է միայն… լռությունը…

Այսօր գիրք չեն նվիրում:

Այսօր մարմնի հոգսերն են հոգում…

Կարդացող չկա…

Հոգու  սով չկա՝ «կուշտ» են:

Այսօր արագությունը մոլորյալներ է բուծում՝ արագ, կարճ, սեղմ…

Անհոգի…

Օֆիսային…

Անգլախոս…

Գիրք նվիրում էին…

Հոգին տաք էր…

Իսկ այսօր ժամանակը խելակորույս տեղից պոկվել ու ցնորել է մարդկանց. գիրքը ժամանակ է, իսկ ժամանակ… չկա. պիտի սուրալ, հասցնել, մխրճվել, չհապաղել…

Արագությունների մարաթոնում համակարգիչը միանձնյա առաջատար է:

Հրաշք բան է այն,  բայց հոգու տուն հյուր գալու սովորություն… չունի…

Պաղ է՝ ԳՐՔԱՀՈՏ չունի՜…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև