Մնալ էության բնո՞ւմ, թե՞ ջանալ անգլախոս, պստլիկ ու պլաստիկ երևալ…

էություն ինչ անելԵրբեմնի՝ արտաշխարհի ու արտարժեքների հետ հիմնականում զուգահեռված մեր երկիրը հանկարծ, իր ակամա ճոթռված սահմանների,ց հանդուրժեց (այլընտրանքը բացառված էր) օտար, ուրիշ քաղաքակրթությունների ու… քաղաքակիրթ նկրտումների (դրսում որքա՜ն երկար էին սպասել գերերանելի այդ պահին) հախուռն հոսք-լավան…..

Է՛լ ինտեգրումի պսպղուն դյութանք, է́լ անգլերենի թագադրման… կենսական հրամայական, է́լ օտարամոլության ինտենսիվ ազդող վիրուս-հակումներ, է́լ հասարակական գործառույթների՝ ոմանց համար հին ու հնացած, մեզ համար՝ նոր ու չփորձարկված մեխանիզմներ՝ «ժողովրդավարություն» ու «քաղաքացիական հասարակություն»… բանալի-բառերով, է́լ թղթավարության՝ անհամության չափ խելագարեցնող մարաթոն (ազգայինի ու անալիտիկ մտածողության սեռազատման հակակշիռներով), է́լ զարմանազան շոուների այլածին խաչասերումներ…

Այդպես է. երբ որևէ հող դեռևս նպաստավոր չէ որևէ… աճի համար, օգնության են հասնում արհեստական խթանիչները, և արդյունքում, ցավոք, ոչ բավարար ամրության կամ ծպտված միտումի գերճկունության պարագայում, շոշափելի դառնալուն սկսում է հավակնել գենետիկական խեղաթյուրման տեսլականը:

Եվ ամենն այս այն պարագայում, երբ դեռ կենսունակ էր ազգայինով ու ավանդականով միջնաթելված էթնիկ ողջ նկարագիրը՝ տեսակը՝ ծննդից մինչ կայացում, մինչ… Ակամա, անգրել (իբր) պայմանը… լավայից առաջ մունջ  գուժեց. ուզո՞ւմ ես հացիդ խնդիրը լուծել, բարի ́, իմացիր չխոժոռվել և կոդավորված ժպտալ (սինխրոն ծիծաղել, դեմքիդ միմիկաներ գծագրել): Իմացիր քեզ ու քո ԵՍԸ լռելյայն պարտակել և գործարար կոչվող գործատուին ներկայանալ այն տեսքով, այն նկարագրով, ինչը հաճո է նրան՝ հնարավորինս ոչ միայն փոքրիկ, այլև պստլիկ ու պլաստիկ երևալու շպարված ճիգերով: Իմացիր՝ հակառակ պարագայում՝ կենսականորեն անհրաժեշտ արժանապատիվ մինիմումդ վտանգված է…

Հիմա՝ խնդիրը. իսկ ի՞նչ անել, երբ ինքդ քեզ պարտակել չես կարող, երբ սինխրոն ժպտալը ուժերիցդ վեր է՝ երբ նյութդ կեղծ դեֆորմացիաներից կարող է ինքն իրեն…չտեղավորել՝ տրաքել…

Իսկապես, ի՞նչ անել, երբ 2 հարկերի արանքում անհուսալիորեն կանգնած-լռված-մնացած վերելակի պես ելքը չի երևում, երբ… վերելակավար չկա, երբ ելքը իսկի էլ քեզանով չի պայմանավորված… Թե ելք չգտնվի, դրսի լուծում հո կա ու կա՝ կտրել ճոպանը՝ հե՜րն էլ անիծած:

Ի՞նչ անել…

Նյութդ մուտանտե՞լ…

Ձևերը սերտե՞լ սինխրոն ժպտալու, ուժեղների քիմքահաճո՞ն…կլոնելու…

Թե՞ մնալ ի վերուստ քեզ ամրագրված կերպի մեջ: Մնա՞լ: Մնաս, որ հետո չդատապարտվես սեփական ԱՏՅԱՆԻԴ կայացրած դաժան դատավճռով. այն է՝ է՞, դո́ւ, դո՞ւ էլ չդիմացար…

Հենց այս պահին, գուցե, մարդկային մի տեսակ, որ, առանց մարմնի ցավը զգալու կամ չկարևորելով այն, տեղավորվում է ամեն կաղապարում, շեղբերան հեգնեց՝ դե́, խելո́ք, երկմտո՞ւմ ես, ուրեմն սկզբունքդ… կեր, սկզբունքիցդ հագուստ ձևիր, սկզբունքովդ, քո իսկ ասած, կենսականորեն անհրաժեշտ արժանապատիվ մինիմումդ ապահովիր, սկզբունքդ դիր սերունդներիդ համար կառուցվող շենքում՝ որպես անկյունաքար…

Եվ դեռ, ընդհանուր հայտարարի բերելով ու ավելացնելով մի գերժամանակակից բարիեր, կասի էլ՝ քո (եթե կարողանաս էլ) կոդավորված ժպիտին սպասող էլ չկա՜, ժամկետանց դաստիարակության… խարան կա, բարետեսության ու տարիքի վաղեմության ժամկետը կա՜…

Էս մոլորակի իմացականի ամենամեծ (տիեզերքի հետ աղերսներ ունեցող) առեղծվածը՝ Շեքսպիրը, հորդորում էր. «Հույսդ դիր քո արժանիքին»: Ճանաչե՞նք մեր արժանիքը և զուր, խատուտիկային ջանքեր չգործադրե՞նք. քամին իր թևին հեշտորեն առնում է թեթևների՞ն… Բայց ախր իրական, չքողարկած կշիռդ էլ ոմանց բուկ է խցանում՝ շնչափող քարկապում, ու մի կերպ՝ հազալով, քեզ արտանետում- ազատագրվում են…

Մնանք մեր էության բնո՞ւմ… Մեզ պահողը միշտ և էլի մեր բո՞ւյնն է լինելու… Բայց ախր եվրապատուհաններով մեր բներն էլ… հեքիաթ-հիշողություններով ու ցայսօր էլ հարմարավետ վառարան ու թախտ են մահացու հեգնելով արտամղում:

Մեր կորպորատիվ մտածողությո՞ւնը… ջրենք: Ախր դա էլ ջրելով չի:

Ի՞նչ, ի վերջո, մի բա՞ն է միակ ճշմարիտը՝ սեփական ԱՏՅԱՆԻԴ դատավճի՞ռը: Իսկապես, չէ՞ որ շուկա-խոհանոց-ստամոքս ճանապարհի ինտենսիվությունն ու կալորիականությունը գալիքի որևէ ծիրում չի արտածվելու: Բայց, ախր, նեղսրտած ստամոքսն էլ կենսունակ բանականության արտածմանը դալկություն չի՞ նետի…

Ի՞նչ անել:

Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր այս պարագայում առեղծվածային Մեծն անգլիացին… Է՜հ, շոուների այս խառնիճաղանջում ականջ դնողն ո՞վ է: Առեղծվածայինն ի՞նչ է ողորկ հաճույքների հորձանուտում: Սկզբունքս ո՞րն է համասկզբունք մարաթոնում:

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև