«Վերջին երկու տարում Հայաստանում այսպիսի փայլուն պաշտպանություն չէր եղել»

Որքան էլ մասնակի բացառություններ լինեն, միևնույն է, յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի ոչ միայն գենետիկ կոդերի` նախախնամության կամոք իր մասնաբաժնի կրողն է, այլև այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, փոխադարձ հարգանքի, արժեքների գնահատման համակարգի, ի վերջո` սիրո անդրադարձն է: Երեխան շիվ է` ճկուն, ամորֆ, քնքուշ, որին բնավ հաճելի չեն… սառնամանիքը, հողմը, երաշտը, անողոք ձեռքը:
Արման Դաղունցը Խնձորեսկից է, մի ընտանիքից, որտեղ ավանդականն ու ազգայինը նորի ամրաններն են, որտեղ երեխայի նախասիրությունների հետ հաշվի են նստում ու անցավ ուղղորդում, որտեղ քաղաքի ու գյուղի սահմանը միայն աշխարհագրորեն է ուրվագծված, դեռ պլյուս` գյուղի «չխաչասերված» անաղարտությունը, պլյուս` խնձորեսկցու ինտելեկտուալ և, ինչու չէ, ենթագիտակցական զգոնությունը:

Եվ էլի մի պլյուս` համատարած ստեղծարար աշխատասիրությունը:

«Արմանը, վաղ մանկությունից սկսած, ֆուտբոլով էր ապրում: Բավական էր երկրորդ տղան, և «թիմը» պատրաստ էր: Այդ նախասիրությունը մասնագիտություն դարձնելուն ես խանգարեցի այնքանով, որ նրան փոխանցեցի համոզմունքս (գուցե մասնագիտության բերումո՞վ էր, չգիտեմ). եթե մարդն օժտված է մաթեմատիկական մտածողությամբ, անալիտիկ դատողությամբ, պիտի զարգացնի այն: Մանավանդ տղան` տղամարդը»,–պատմում է Արմանի մայրը` Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը: «Իսկ այդ հարցում իմ հայրական օգնությունն այն է, որ բոլոր այն մրցումներին, որոնց մասնակցում էր Խնձորեսկի թիմը, անպայմանորեն ապահովում էի Արմանի մասնակցությունը: Ֆուտբոլը Արմանի կյանքի ամենավառ գույնն է»,–զրույցին հավելում է հայրը` մասնագիտությամբ զոոտեխնիկ Սասուն Դաղունցը:

Իսկ Արմանը զուսպ, անթաքույց ժպտում էր:
Իսկ մենք, հիրավի, հարգալից հիացումով պատմենք, որ 1995թ. գյուղի միջնակարգը ոսկե մեդալով ավարտելուց հետո Արմանը բարձր միավորներով ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսներ, դրամաշրջա-նառություն և վարկ բաժինը, 2000–ին` գերազանցության դիպլոմով ավարտել այն, իսկ այս տարվա հոկտեմբերին (նույն բուհի ասպիրանտուրան ավարտելուց հետո) «Ապահովագրական շուկայի հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով փայլուն կերպով պաշտպանել է թեկնածուական թեզը (գիտ. ղեկ.` տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Կ.Հ. Աբգարյան):
Պաշտպանության ընթացքի ձայներիզի բոլոր հիացական կարծիքներից առավել մտապահելին մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Խոջաբեկյանի ամփոփումն էր. «Այսպիսի փայլուն պաշտպանություն վերջին երկու տարում Հայաստանում չէր եղել»: Իսկ Արմանի հետ ունեցած զրույցից հետաքրքիրն այն էր երևի, որ «Որ՞ն էր պաշտպանության ամենահետաքրքիր պահը» հարցին ի պատասխան` նա, առանց երկար մտածելու, պատասխանեց. «Երբ ինձ ներկայացնելիս ասվեց` ծնվել է Խնձորեսկ գյուղում…»:
2002թ. հունվարից Արմանը, որպես առաջատար մասնագետ, աշխատում է ֆինանսների նախարարության ապահովագրական վարչությունում, հոկտեմբերից գործնական աշխատանք է պարապում ֆինանսներ և վարկ բաժնում, հունվարից դասախոսություններ կկարդա:
Արմանի եղբայրը` Վահրամը, ուսանում է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում, քույրը` Սոնան, Երևանի պետական բժշկական համալսարանի բուժֆակի երկրորդ կուրսի ուսանողուհի է:
Դաղունցների բարեկիրթ ու հյուրընկալ օջախում մեր զրույցից ամենաանմոռացն էլ այն էր երևի, որ ընդամենը 25 տարեկան գիտությունների թեկնածու Արմանը, որ առիթը բաց չի թողնում թեկուզ մի քանի ժամով տուն գալու, ամենից երկար նստում է այն սեղանի առջև, որտեղ պլաստիլինից, դեռևս տարրական դասարանների իր պատրաստած` 18 թիմերի 18×11 ֆուտբոլիստներն են,
որտեղ չավարտված մանկությունն է…

"Համայնք" ամսագիր


Կարդացեք նաև