«Անդերասան թատրոն չի՛ լինում»

Թատրոնը «Համայնքի» թուլություն–թեմաներից է: Այդպես է, որովհետև որքան էլ քաղաքակրթության տեխնիկական նորամուծությունները հորդեն–մագնիսեն, որքան էլ բանական չափի զգացողությունը խժռած տեսաֆիլմերը բազմոցին կպցնեն մեծերին ու երեխաներին, որքան էլ աշխարհիկ հաճույքները տարրալուծեն ազգային զգացողությունները, միևնույն է` թատրոնը, որպես արվեստների թագուհի, բոլորովին ուրիշ սարսուռով դյութում–կանչում է, և միայն միտքն այն մասին, որ գորիսեցիներս թատրոն կարող է չունենանք, երկյուղահարում է: Թատրոնը ազգային դիմագիծ է, մշակութային քաղաքականություն է և քաղաքականություն է ամենաընդհանրական իմաստով:

Թատրոնը Գորիսում այսօր էլ կա: Կա` համայնքային իշխանության ենթակայության կարգավիճակով, ռեժիսորի մինուճար հաստիքով. անդերասան: Պայմանագիրը կապվում է, որոշակի գումար տրվում է նախապես, մնացյալը` գործն ավարտելուց հետո: Բայց թատրոնը կինո չէ, որ որքան էլ` ծախսա–աշխատատար, մի անգամ դաջվի ժապավենին և վերջ: Թատրոնը կենդանի արվեստ է` կենդանի խաղ: Իսկ որպես չարիքի փոքրագույն` «շնորհ»  արված պայմանագրով թատրոնը, պարզապես, հոգին ի վերջո չի ավանդում. պայմանագրային… հոգեվարք է ապրում: Ինչ զարմանաս, երբ այսօր մայրաքաղաքային որևէ դերասանի մտքով, որքան էլ նա աշխատանք չունենա, չի անցնում գալ Գորիս: Գա` ի՞նչ ակնկալիքով, երբ թատրոնի ռեժիսորի աշխատավարձը («մշակութասեր»  ավագանու վավերացմամբ) 8 հազար դրամ է: Տեղացիները… թևում են: Մհերը` Լևոնյան` շնորհալի դերասանն այն, գնաց, Կորյունն էլ` Մկրտչյան, գնաց, Շանթը` Հովհաննիսյան, որքա՞ն կդիմանա: Ազգասիրությունն ու թատրոնասիրությունը լավ բաներ են, բայց որքան կարելի է տոկալ արժանապատվության ջլերը փորձարկող մսաղացում, որքան կարելի է կարողությունների ու վաստակի միջև ակամա հավասարության նշան դնել: Եվ բարոյապես ոչնչացվում են ոչ միայն մասնագիտական` դերասանական կրթություն ունեցողները: Իսկ նրանք, որ թատրոնի կենսագրության հյուսքում են` Ռոզա Գյուրջյանը, Արմո Միքայելյանը, Սեյրան Մկրտչյանը, Խուրշուդյան Արգամը, Ճատունց Գայանեն, Էլմիրա Ալեքսանյանը…

ԽՈՐՀՐԴԱԾՈՒՄ Է ՍԵՐԺԻԿ ՍԱՅՈՒՆՑԸ` ԹԱՏՐՈՆԻ ՌԵԺԻՍՈՐԸ

Որքան էլ բյուջետային, ֆինանսական լեզվով ու հավաստիացումներով պայմանագիրը արդարացվի, միևնույն է, թատրոնը հիմնարկ–ձեռնարկություն չէ, կամ, ինչպես տիկին Ռոզան է ասում, ֆերմա չէ, որ պայմանագրային հիմունքներով պահվի: Թատրոնը պիտի սկսվի մուտքից էլ շատ առաջ` աֆիշաներով, ելումուտով, որը պիտի ծովանա, ալիք տա ներսում` բեմում, դահլիճում, կուլիսների հետևում… Թատրոնում պահ անգամ պարապ չպիտի լինեն ադմինիստրատորն ու դերձակը, հյուսն–դեկորատորն ու վարսահարդարը, ռեկվիզիտորն ու բուտաֆորիստը, նկարիչն ու …. դերասանը: Սա որպես հուշ դարձած թատրոնից մի երանելի պատառիկ: Այսօր թատրոնը` որպես կառույց, որպես կենդանի մարմին, այլևս չկա: Ինչ–ինչ ինտերվալներով մի կերպ «կենդանացնում»  ենք, մի կերպ բեմ հանում. մեկ–երկու բեմադրություն, ներկայացում, և թատրոնը կրկին պաղում–սառում է. հայթայթված դերասանները գնում են աշխատանք, բախտ ու փող փնտրելու, և էլի մնում ենք «կոտրած տաշտակի»  առջև` թատրոնի հաստիքային, «ստեղծագործական»  կոլեկտիվով` տնօրեն, ռեժիսոր, հավաքարար, հաշվապահ, պահակներ: Եվ` ոչ մի դերասան: Այդպիսի հաստիք չկա: Պայմանագիր կլինի` կգան, կպրծնի` կգնան: Հաճախ է լինում, որ մեկ ներկայացումից հետո, հանկարծ դպրոցական «դերասանուհին» , որ մեր թատրոնի պարագայում գտածո էր, երկու ոտքը մի մաշիկում դրած, հրաժարվում է էլ խաղալ (տա՞նը կողմ չեն, պարապու՞մ է, ի՞նչ կա…): Դե, ե՛կ ու նորին որոնիր, այդքա՜ն աշխատանք թափիր, իսկ մյուսնե՞րը, կսպասե՞ն այդքան. վերջ` ձախողումը պատրաստ է: Ումի՞ց նեղանաս, ու՞մ բողոքես, ի՞նչ անես: Ե՛վ թատրոնի պարագայում մի կոշտ, բայց ճշմարիտ աքսիոմ կա. պիտի տաս, որ պահանջես, թե չէ խանդավառության բոցը այս սառնաշունչ օրերում շատ արագ է մարում: Բոլոր ժամանակներում էլ թատրոնը պահելու ելքը միակն է եղել. դերասանական կայուն կազմ, բավարար միջոցներ, ասել է` երկրի հոգածություն ու խանդաղատանք: Թե չէ, կրկնում եմ` թատրոնը դիտել որպես հիմնարկ, «ֆերմա» , ուրեմն` վերջ. ոգին էլ կմեռնի, մարմինն էլ: Երևի հենց այդպես էլ է, թե չէ երկրի վարչապետներից էլ շատ թատրոնի տնօրեններ չէին փոխվի կամ գուցե իշխող կարծիք կա, որ տնօրենի մեղքո՞վ է թատրոնը հոգեվարք ապրում: Ի՞նչ կարող է անել տնօրենը: Վերաբերմունքը թատրոնի նկատմամբ տաք իշխանական պիտի լինի` պետական քաղաքականության մակարդակներում: Չնայած էլի, որպես բարակ խողովակով եկող թթվածին, պայմանագիրն է փրկում, փրկում է այնքանով, որ թատրոնը ի վերջո հոգին չավանդի, որ հավաքարար–պահակների հետ… ռեժիսորը արդարացվի: «Համայնքին» հետաքրքիր էր, թե Գորիսի թատրոնը ինչպես է երևում դրսից` այն մարդու աչքերով, որ տարիներ շարունակ, որպես գլխավոր ռեժիսոր (ընդմիջումներով` մոտ 6 տարի), աշխատել է թատրոնում, որի օրոք մայրաքաղաքից երիտասարդ ու տաղանդավոր դերասանների մի բույլ էր հրավիրվել (Արմեն Բայաթյան, Կարինե Ջանջուղազյան, Մովսես Գեորգիսյան, Ռուզան Համբարձումյան, Մարինե Պետրոսյան, Արսեն Մկրտչյան, Պատվական Հարությունյան, Նարինե Աղաջանյան և այլոք), որի օրոք բեմադրությունները հաջորդում էին մեկը մյուսին, որի օրոք տոմս ձեռք բերելը բնավ դյուրին գործ չէր, որի օրոք տեղացի շնորհալի դերասաններն էլ այդ քուրայում թրծվում ու հավասար բեմ էին ելնում. թատրոնում եռք էր…

Խոսում, մտորում, հորդորում է սիրված դերասան, արվեստի վաստակավոր գործիչ, մայրաքաղաքի «Ագուլիս»  տիկնիկային թատրոն–ստուդիայի հիմնադիր–ղեկավար ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ

Գորիսը ինձ համար շատ հետաքրքիր, թանկ հիշողությունների քաղաք է: Գորիսեցիները ինքնակերպ, լուրջ, խոհուն, արժանապատիվ մարդիկ են: Շնորհակալ եմ ինձ ընձեռած այս հնարավորության համար, հետաքրքրված եմ ձեր ամսագրով. Գորիսն այնժամ էլ մշակութային քաղաք էր, ես էլ հաճախ էի հյուրընկալում լրագրողներին, որոնց հետ զրույցը միշտ հետաքրքիր էր ստացվում. ասելիքն էլ շատ էր, ծրագրերն էլ, սպասումն էլ…

Ավա՜ղ, այսօր ես ոգեւորությամբ չպիտի խոսեմ, ես էլ մտահոգ, շատ մտահոգ եմ Գորիսի թատրոնի համար, ոչ այնքան այն բանի համար, որ աշխատում են պայմանագրով (դա աշխարհի փորձից է), այլ այն բանի համար, որ իշխանությունները` մարզային, ձգձգում են թատրոնի վախճանը. չեն ուզում մեղքը իրենց ուսերին բարդել: Ընդամենը: Ես երկնքից չեմ, էս երկրից եմ, թատրոնի հետ է տարիքս առաջանում, ես գիտեմ, որ մեր օրերում պայմանագիրն էլ հեշտ գործ չէ, բայց գիտեմ, պատկերացնում եմ, որ մի քանի դերասանի հաստիք պահելը այդչափ դժվար, անկարելի գործ չէ. ձեւեր կան, անկասկած: Դա «ներքին խոհանոցի»  հարց է գուցե, բայց հավատացեք` անօրինություն չէ: Պարզապես կրկնեմ` պիտի շա՜տ ցանկանալ: Գիտեք պակա՞ս դերասաններ ունեք: Որքա՜ն շնորհալի, թատրոնին որքա՜ն պետք մարդ է Կորյունը: Չպահեցիք: Երեւան է եկել: Մեկ-մեկ տեսնում եմ էկրաններին: Ի՞նչ է անում այդ տղան, ինչու՞ չի կայանում: Որովհետեւ նա ուղնուծուծով Գորիսը, իր թատրոնը սիրող, իր հանդիսատեսին կապված մարդ է: Եվ հետո` Երեւանում էլ սկուտեղի վրա չեն մատուցում… Պահեք ձեր շնորհալիներին: Ինչպես կարող եմ խորին հարգանքով չհիշել իսկապես առաջացած տարիքով, բեմի նվիրյալ Ռոզային` Գյուրջյան: Կամ Արմոյին: Պահեք նրանց: Գիտեք ուրիշ թատրոններում երկնքի՞ց են իջած: Որքա՜ն շնորհալի է իմ լավ բարեկամ Սերժիկը` Սայունց, որքա՜ն նուրբ ու ճկուն է նրա զգացողությու-նը: Դրսինը միշտ քաղցր է երեւում, հանճարե՜ղ, ցանկալի՜: Ձերն էլ ամուր, առողջ կորիզ է, պահեք: Եթե դրսինը 300 դոլարով էլ չի գալիս, ձերը դրա կեսով, կեսի կեսով պահեք: Թող Սյունիքի, քաղաքի ղեկավարները խորապես հավատան ինձ, որ թատրոն սպանելը մեղք է, խղճին, հոգուն, սրտին թառող մեղք: Հե՞շտ է այսօր հանդիսատեսին թատրոն բերելը. հացի խնդիր կա՜, գրավչություններ կա՜ն: Բայց ձերոնք, կեցցեն, հանդիսատեսին դեռ ձգում-բերում են…

Լենա Հովսեփյան

"Համայնք" ամսագիր


Կարդացեք նաև