«Ամենաթանկը… մորիցս հետո` արժանապատվությունը»

Գորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Կոմունիստական ջլուտ համակարգը ոչ վաղ անցյալում էր: 10-15 տարի առաջ էր: Միանգամայն ուրիշ երկիր էր. կուսակցությունը մեկն էր, գաղափարախոսությունը` հստակ աքսիոմված, քաղաքական հավատամքը  բանաձև էր`  ժամացույցի ճշտությամբ աշխատող վեր ու  ենթակառուցվածքներով: Յուրաքանչյուր ձեռնահաս ու ոչ անբան մարդ աշխատանք ուներ`  ավանս–աշխատավարձի` ծննդյան օրվա պես հաստատուն օրացույցով: Աշխատավարձ կանոնավոր, 13–րդ աշխատավարձ, պարգևատրություններ, հանգստյան տների ուղեգրեր, բարենորոգ բնակարանի  բանալիներ, մեքենայի, բնակարանի հերթագրումներ…

Անկատար չէր բնավ համակարգը. պինդ աքցաններ էլ կային, կանոնված լինելու ակամա, անգրել պարտադրանք էլ կար, ծով հարստության «ջրի գնին»  հավասար վատնում էլ կար, ետկուլիսային, մերօրյա խոսքով`  մաֆիոզներ էլ կային, բայց որքան էլ այսօր «դարի ոգիների»   քիմքը չշոյի` մարդը այս օրերի զուգահեռումներում պաշտպանված էր, հացը օրախնդիր չէր, հայ կանայք ազգովի հացթուխներ չէին, բժշկականն ու իրավաբանականը (էն օրերի ստվերը չհաշված) հավաքարարի ու բեռնակրի տաղանդավոր երեխային էլ հասու էին (ի՜նչ ուսման վճար, ի՜նչ դեզ–դեզ դոլարներ…):  Մի խոսքով, էն օրերից էս օրը տխուր է երևակվում, շատ տխուր` չհաշված լապտերիկային առկայծումները (ոմանց ա՛չքը լույս)…

«Համայնքի» հյուրն է երբեմնի քաղաքի, երբեմնի արտադրական կոմբինատի դիրեկտոր («տնօրենը»  նորօրյա տիտղոս է), Գորիսի անհատների քարտեզի երևակվող դեմքերից մեկը` Գուրգեն Սարգսյանը (Գոմենը):

Ընկ. Սարգսյան, ի՞նչ են ձեզ համար այսօրը, երեկը, վաղը…

Ինձ փորձում եմ գտնել 3 ժամանակներում էլ. երեկը ապրածս ողջ կյանքն է, այսօրը երեկվա վերապրումն է, ընդգծումներն են` կարմիր, կապույտ, սև գրիչներով, ամենաթանկ մարդկանց հետ միայնակ… երկխոսությունս է: Չնայած միշտ էլ լույսը տեսնող մարդ եմ, բայց վաղը, ոնց խոնավ ապակուց, լավ չեմ տեսնում. ինձ վախեցնում է այն, որ մարդը, սովորական մահկանացուն (պարզվում է` ոչ սովորականն էլ) պաշտպանված չէ (չնայած հա¯ իրավունքից են խոսում), որ մարդուն, թոշակի գնալուց հետո, հաստ ռետինով ջնջում են, որ չսեփականաշնորհված  բան է՛լ չեմ հիշում, որ երկրի, ապրածդ բնակավայրի «կարուսելը»  մի ուղղություն ունի. հակառակ նստելու փորձ արեցիր, կասեն` վտիտ էր, չդիմացավ…

Ո՞րն է էս կյանքի ամենահաստատ բանը:

Բնության օրենքները:

Իսկ ամենատխու՞րը:

Մենակությունը:

Ամենաթանկը…

Մորիցս հետո` արժանապատվությունը:

Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել:

Անհամ մարդը` տղամարդը ի նկատի ունեմ, մեկ էլ մոլորված, քշված կամ քիթը կախ` «Կյուրսի թոխպի»  նման կինը: Մարդ արարածը` կին լինի թե տղամարդ, մի քիչ, գոնե, իրեն սիրել պիտի տա, խոսքի աղն էլ տեղը պիտի լինի: Ցավալի է, երբ հաճախ մռայլությունը նույնացնում են պարկեշտության, «տապզիությունը» ` համեստության հետ:

Հետո էլ` ամիսը 40 անգամ փոփոխվող օրենքները, ուժեղների օգտին աշխատող սահմանադրությունը,  երկրին դեռ մի օգուտ չտված բազմակուսակցությունը… Մեր քաղաքի` նոր բանկին մատաղած կինոն…

Նախախնամություն, Աստծո կամք, օրինաչափություն,  պատահականություն… Այս ամենի մասին ի՞նչ է բանաձևել ձեր ապրած կյանքը:

Շատ բան: Այն, որ Աստված կա, դատաստան կա, որ եթե  ճակատագրով որոշված է` խելքը, զգուշավորությունը անզոր բաներ են:

Տպավորությունս է, որ կյանքը ձեզ դառը օրինակներ է հրամցրել:

Իմ պարագայում դառը էն բանը չէ. անհասկանալի, անմեկնելի, գուցե…

Ես 3 տարեկան եմ եղել, երբ հորս հեծած ձին, ոլորանից դուրս թռած մի ագռավից խրտնելով, գլորվել է ձորը: Հայրս փրկվելու հնար չի ունեցել:

14,16 տարեկան քույրերս` Սիրանույշն ու Օվսաննան էլ գյուղամերձ մի ձորի պռնկից բոխի են հավաքելիս լինում ու էլի…

Մայրս` Խաննանան, որ մինչ այսօր իմ տեսած ամենագեղեցիկ կինն էր, ամառվա մի շոգ օր, դոշլուկը (գոգնոց) դամբուլով լիքը, գնում  է կալվորի մոտ: Ոնց է պատահում` մղնածակից ցած է ընկնում, մեջքը կոտրում ու գամվում անկողնուն: Ես մորս վերջին` 5–րդ տղան էի: Այդ ժամանակ սովորում էի Գորիսի մանկավարժական ուսումնարանում: Ուսումս կիսատ թողեցի, ետ եկա գյուղ, որ մորս խնամեմ: Էլի գութան գնացի, մաճ բռնեցի…          Ի դեպ, ասեմ, որ մայրս ինձ շատ հասուն տարիքում է (համարյա 50–ին մոտ) ունեցել: Երբ, մինչ ծնվելս, գյուղացի կանայք հանդիմանել են, ասել է` գուցե հենց էս մեկն է ինձ պահելու…

Բայց դուք հասցրել եք խիտ, հարուստ աշխատանքային կենսագրություն ունենալ:

Գիտե՞ք, մարդու կյանքը կարճ է,  ճիշտ է, բայց թե մտքիդ նպատակ ունենաս ու ինքդ էլ մինչև կեսօր քնողներից չլինես և, իհարկե, ինչպես ժողովուրդն է ասում` նեստումդ էլ լինի` կհասցնես: Դու՛ պիտի կարողանաս ժամանակը ղեկավարել: Ես 12 տարեկանից մաճ եմ բռնել: Հետո`հողվոր, բրիգադիր, ֆերմայի վարիչ, կոլտնտեսության նախագահ, կրի գործարանի դիրեկտոր… Հեռակա գյուղինստիտուտ: Հետո, ի վերջո, կոմբինատ:

Ո՞ր սկզբունքին կյանքում  երբևէ չեք դավաճանել:

Կարգապահությունը թիվ մեկն էր:

Ձեր ղեկավարած կոմբինատը (1959-91թթ.), իհարկե, այն տարիներին, մի միկրոքաղաք էր: Դա ՍՍՀՄ–ի՞ շնորհքն էր, Հայաստանի՞, մեր քաղաքի՞, ձե՞ր…

Բոլորի` էն մեծ տերությունից սկսած մինչ միավոր մարդը: Տեղը տեղին երկիր էր: Էսօրվա երկրում յուղը մեկ–երկուսն են ուտում, թանը` ժողովուրդը: Էն երկիրը առողջ, պինդ մարմնի պես էր. «ասեղով»  մի տեղը ծակեիր, «ուղեղը»  հաղորդություն էր ստանում:

Տեղական արդյունաբերության մինիստրության ենթակայության կոմբինատը 26 ձեռնարկություն, 3400 աշխատող ուներ, ձգվում էր Եղեգնաձորի Շատին գյուղից մինչ Ագարակ. 7 շրջան:  Մասնաճյուղեր կային Գորիսի 8 գյուղերում: Բացի թեթև արդյունաբերությունից` քարհանք, ավազահանք, կրի գործարան, թիթեղագործություն, փայտամշակում, մետաղամշակում: Պատկերացնու՞մ եք, այն տարիներին 800 ռուբլի աշխատավարձ ստացողներ կային: Ներկա սերնդին հավատ չի ներշնչի, թե վիճակագրություն փաստենք. իր կառուցած շենքերով կոմբինատը 170 ընտանիքի բնակարանային հարց է լուծել, հարյուրավոր բանվորների հանգստյան տների ուղեգրեր է տրվել, 34 մարդ իր արժեքով ավտոմեքենա է ձեռք բերել: Իսկապես միկրոքաղաք` իր բուժկետով, ատամնաբուժարանով,  բաղնիքով, հիգիենայի սենյակով, ճաշարանով, խնայդրամարկղով, խաղասենյակով, ընթերցասրահով` տասնյակ թերթ–ամսագրով, կինոցուցադրման սրահով, ինքնագործ խմբերով… Էքսկուրսիաներ, օժանդակ` մեղվաբուծական տնտեսություն (120 փեթակ)… Եվ այդ ահռելի տնտեսությունը ծիծաղելի գնով սեփականաշնորհվեց: Մեզ է հայտնի, թե ի՜նչ գնով և ի՜նչ դժվարությամբ էինք մեքենաներ ձեռք բերում (վալյուտայով) Հնդկաստանից, Ճապոնիայից, Բուլղարիայից: Մի ողջ սերնդի, էպոխայի արած–դրածի, ստեղծածի նկատմամբ ծաղր էր էդ սեփականաշնորհումը: Բարբարոսություն էր… Միայն մեր տոնածառի արտադրամասը տարեկան որքա՜ն եղևնի էր փրկում. թողնես էկոլոգիական աղետից խոսեն:

Եվ…

Մոլորություն կլինի կարծել, թե առանձին անհատներս ինչ–որ լուրջ բան կարող ենք փոխել: Չէ՛: Ժամանակի հարց է: Անցյալն ու այն հասարակարգն էլ թերթված էջեր են:

Հետո…

Սիրում եմ ամեն օր  զգալ Գորիսը, հազար տարվա ընկերներիս հետ օրը կարճել, տանը կենդանի պահել հիշողությունը տան օջախի` չթուլանալ: Ինձ փնտրում, գտնում–չեմ գտնում որդիներիս մեջ, հեռվից թեկուզ ապրում եմ նրանց հետ` խորհրդի արժեքը չկորցրած հոր և վստահելի ընկերոջ լիազորություններով: Հեռուն ինչքան էլ ձգի, տանդ քեզ աներեր պահող մի ուժ կա` տանդ ոգու զորությունը…

Կարդում եմ: Եվ պատկերացրեք` շատ: 1800 կտոր եզակի գրականություն ունեմ: Այս տարիքում գիրքը… ոնց որ օրագիրդ` գրած ու չգրած էջերը թերթես:

Լենա Հովսեփյան

ՀԳ – Զրույցի վերջում նա  գրպանից, շատ թերթված լինելը խնամքով փրկած «վիրակապերով» , մի գիրք («Էֆիմերտե» ) հանեց. «Սա իմ սեղանի գրքերից է: Ես ռեալ մարդ եմ, հավատում եմ գիտությանը, բայց սա բնության մարգարեական գիտությունն է: Թերթեք` թե հետաքրքրի» : Ու այն խնամքով պահելու հորդորն  էլ նրբորեն տեղ հասցրեց: Որոշեցինք այդ գրքից մի էջով էլ ընթերցողին ներկայանալ:

"Համայնք" ամսագիր


Կարդացեք նաև