Հակակոռուպցիոն ներկայացուցչություն Սյունիքում

Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ գործող Տարածաշրջանային զարգացման կենտրոն-Թրանսփարենսի ինտերնեշնլ հայաստանյան մասնաճյուղի  հիմնած (2002 թ.) հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնը, որ նպատակ է հետապնդում բարձրացնելու հասարակության իրազեկությունը կոռուպցիայի դեմ պայքարում եւ քաջալերելու նրա մասնակցությունը, օրերս ներկայացուցչություն բացեց նաեւ Սյունիքում (Գորիսում)։ Համագործակցության հուշագիրը ստորագրվել է «Գորիսի ուսուցիչների միություն» ՀԿ-ի (նախագահ` Արտաշես Տոռոզյան) հետ։ Կենտրոնը, բացի համապատասխան գրականության տրամադրումից, ծրագրել է կազմակերպել հակակոռուպցիոն քարոզարշավներ, կրթական եւ վերապատրաստման գործընթացներ, հանրային քննարկումներ եւ այլն։

Կենտրոնի առաջին միջոցառումը ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի քննարկումն էր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացվեցին ծրագրի վերաբերյալ հասարակական կարծիքի եւ ուսումնասիրության արդյունքները։

Հակակոռուպցիոն թեմայով Գորիսի դպրոցներում (9-10-րդ դասարաններ) նախօրոք անցկացված շարադրության մրցույթի արդյունքների ամփոփումն ու լավագույն տասնյակի ներկայացումը (շարադրությունների ընթերցմամբ) ցավալիորեն փաստեցին, որ պատանիներն ու աղջիկները, մեղմ ասած, մթամած հավատ ունեն, եւ կոռուպցիան նրանց կարծրապատնեշ է ներկայանում, որովհետեւ… «Որովհետեւ մարդն ի ծնե մեղսագործ է» (10-րդ դաս., աշակերտուհի)։

Ներկայացուցչության բացման շնորհանդեսին մասնակցում էր հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնի ծրագրերի պատասխանատու, տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։

Սյունիքի ներկայացուցչության աշխատանքները կհամակարգի Արտաշես Տոռոզյանը։

"ԱԶԳ" օրաթերթ


Կարդացեք նաև