Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնը 1տարեկան է

Այդ ժպիտներ…Աշխարհի ժպիտներն էին

Սահմանափակ հնարավորություններով երեխաների Ցերեկային խնամքի կենտրոնի առաջին տարելիցին նվիրված հանդիսույթի սկսվելուն դեռ ժամանակ կար ու զրույցս ծավալվեց երեխաների, նրանց ծնողների, կենտրոնի աշխատակիցների հետ: Ես գիտեի, որ խոսակցությունը հեշտ ու…թեթև չի լինի, որովհետև որքան էլ, դատելով տիրող մթնոլորտից, օրը խոստանում էր հանդիսավոր լինել, միևնույն է, բակում` երկար ու զուգահեռ շարքերով նստած, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նվեր-մայկաներով երեխաների դեմքերին մի անթաքույց մտայնություն-խեղճություն, իսկ ծնողների զսպված հոգոցների ու նաև անթաքույց, ընձյուղվող հավատի հանրագումարում` մի նոր, մի նորի սպասում կար…

«Եթե երեխան ի ծնե կամ կյանքի ընթացքում ձեռք բերած առողջական լուրջ խնդիր ունի` լինի դա մտավոր թե ֆիզիկական, ապա և՛ նրա, և՛ ծնողի համար միանգամից սկսվում ու ողջ կյանքի համար դաժանորեն պարագծվում է մի փակ շրջան, որից դուրս ու…ներս, ցավոք, բոլորովին ուրիշ աշխարհներ են: Մեր` հայ իրականության մեջ, սահմանափակ հնարավորություններով երեխայի շփումը…առողջ հասարակության հետ /դեռ չասենք` ինտեգրումը/, ցավոք, չնայած և՛ պետության, և՛ առանձին կազմակերպությունների զգալի ջանքերին, շարունակում է…խնդիր մնալ: Այդպես էր և՛ Գորիսում: Այս կենտրոնի ստեղծմամբ, կարծում եմ, որակապես մի նոր մոտեցման սկիզբ է դրված: Այստեղ իրականացվող մշտական բժշկական զննում-հսկողությունից, մյուս ծառայություններից էլ ավելի կարևորն այն է, որ չնայած դանդաղ, բայց քայլ-քայլ հաղթահարվում է երեխաներ-հասարակություն անջրպետը, նոր ընկերական միջավայր ու մարդկային նոր հարաբերություններ են ձևավորվում: Այս մեկ տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են թե՛ կենտրոնի երեխաները, թե՛ նրանց ծնողները»,- իր դիտարկումներով կիսվեց կենտրոնի բժիշկ Լևոն Հարությունյանը:- « 2 օրինակ բերեմ միայն. Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնի մասնագետների մի խումբ /տնօրեն` Խաչանուշ Հակոբյան/ ժամանեց կենտրոն ու հետազոտության ենթարկեց շահառուների թվով 70 ծնողների, կենտրոնում հյուրընկալվել ու բոլոր երեխաների զննել են նաև ֆրանսիացի բժիշկներ Ժաքլին Շատնուն ու Միշել Էվնոն:Նրանք երեխաների համար բերել էին նաև բազմազան նվերներ, հոգացել էին 2 երեխայի վիրահատության ծախսերը: Իսկ այսօր Երևանի «Նաիրի»բժշկական կենտրոնի ոսկրաբանության մասնաճյուղի մասնագետները` տնօրեն, պրոֆեսոր Արշակ Միրզոյանի գլխավորությամբ, կզննեն բոլոր երեխաներին և, անկասկած, նրանցից ոմանք, «Նաիրի»բժշկական կենտրոնի բարեգործական հիմնադրամի սատարմամբ, անվճար բժշկական օգնության, գուցե նաև վիրահատության կհրավիրվեն կենտրոն: Սա, բնականաբար, դեռ բոլորը չէ: Իսկ կենտրոնի ծնող,13-ամյա Անահիտ Խաչատրյանի մայրը` Թամարա Մկրտչյանն ինքը միացավ մեր խոսակցությանը և, հուզմունքը հազիվ զսպելով, ասաց. «Հաշմանդամ երեխա ունեցող ծնողի /դեռ չասենք` հաշմանդամ ծնողի/ համար բարդույթների շղթան անելուն կծիկի է նման, որի ծայրը գտնելու ուժ ու…հավատ /չասենք` լավատեսություն/ նա չունի, ավելին` ինքը, համարյա որպես օրինաչափություն, մեն-մենակ է իր բազմազան ու բազմաբնույթ խնդիր-ցավ- հոգսերի հետ. ցավալի «վերքն»իր…մաշկի վրա է: Այս կենտրոնի հենց միայն գաղափարը մեր երեխաների ու մեզ համար փրկարար օղակ էր ասես. ճակատագրի քմայքով… ոչ լիարժեք առողջ մեր երեխաները ոչ միայն այցելության, զբաղվածության ու իրենց նկատմամբ տածվող հոգածության կոնկրետ վայր ունեցան, այլև աստիճանաբար հայտնվում են պետական մարմիների, հանրապետական ու միջազգային շատ կառույցների ուշադրությունների ու գործնական աջակցությունների շրջանակներում: Կենտրոնի բացման ու գործունեության հետ ծայրահեղ հուսահատությունս տեղի տվեց. իմ երեխան օր-օրի թոթափում է կաշկանդվածության կարծրատիպը, մարդանց հետ շփման բարդույթը, ու նրա բուժման հույսը նորից սկսել է…չմարել: Մեր տագնապները կփարատվեն, և հույսը մեզ չի լքի, եթե կենտրոնը պետական աջակցություն ունենա ու շարունակական լինի, թե չէ մեր երեխաներն ավելի ծանր կացության մեջ կհայտնվեն ու էլ ավելի ..կմեկուսանան: «Սա էլ է մեր տունը, այստեղ ես շատ քույրիկներ ու եղբայրներ ունեմ, ես շատ զբաղմունքներ ունեմ, այստեղ ես չեմ տխրում, այստեղ օրը շուտ է ավարտվում»,- ասաց անուշիկ ժպիտով 11-ամյա Ռոզան: Իսկ խոշոր ու խոհուն աչքերով Արամիկը, շախմատի խաղատախտակից հայացքը կիսաշրջելով, հավելեց. « Հիմա ես ուրախ եմ պառկում քնելու, որովհետև առավոտյան գալու եմ էստեղ, շաբաթ-կիրակի օրերին էլ, ինչ արած, համբերում եմ»…

…Հետո սկսվեց Ցերեկային խնամքի կենտրոնի տարեդարձի հանդիսույթը, ու սկսվեց այն Գորիսի սուրբ Գևորգ Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Հակոբի օրհնության խոսքով ու տերունական աղոթքով` երեխաների ու բոլոր ներկաների հետ վանկարկմամբ: Հրավիրվածների թվում էին և կենտրոնին ու երեխաներին ուղղված ջերմ ու պետական աջակցության հասունացած անհրաժեշտության մասին խոսքեր ասացին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի փոխմարզպետ Արա Դոլունցը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան, Վորլդ Վիժնի, Գյումրիի Երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի, Հայ առաքելական եկեղեցու, Հայ ավետարանչական ընկերակցության, մարզային ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ կենտրոնի երեխաների համար բազում նվեր-անակնկալներով էին ներկայացել…Համերգային մասի հիմնական կատարողները հենց կենտրոնի երեխաներն էին. ներկայանալու ու դրսևորվելու, ինքնաարտահայտվելու ի՜նչ հախուռն ճիգ ու ցանկություն կար նրանց փոքրիկ ելույթներում …Նրանց միացան նաև քաղաքի փոքրիկների տարբեր համույթներ, ինքնագործ խմբեր, անհատ կատարողներ: Երեխաներին լիաթոք ծիծաղելու առիթ պարգևեցին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանները` սիրելի հեքիաթների սիրելի հերոսների…աշխույժով…Կենտրոնի բարեկամ, « Թամարա» պաղպաղակի ֆիրմայի տնօրենի ուղակած պաղպաղակների կես հումոր-կես լուրջ աճուրդ-ակցիայից գոյացած փոքրիկ գումարն էլ երեխաների սննդի համար էր: Վերջում ամփոփիչ ու կենտրոնի բոլոր-բոլոր բարեկամներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց և հովանավորներին շնորհակալագրեր հանձնեց «Սյունիքի նախադպրոցականներ»ՀԿ-ի նախագահ, կենտրոնի տնօրեն Սաիդա Ադունցը: Նա չառանձնացնելով ոչ մեկին, այնուամենայնիվ, փաստեց, որ կենտրոնը գործում է և մասնագետներով ու աշխատակիցներով համալրված է շնորհիվ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, որն արդեն ամիսներ շարունակ հոգում է կենտրոնի թվով 9 աշխատակիցների աշխատավարձը: Նա մասնավորաբար ասաց. .»Մտահոգությունս այն է, որ հիմնադրամի ֆինանսական աջակցության ավարտից հետո խնդիրներ կառաջանան: Հուսով ենք, որ կառավարությունն ականջալուր կլինի մեր խնդրանքին, միջոցներ կգտնի` սատարելու մեր կենտրոնի գործունեությունը: Միայն այդ դեպքում ու մեր լավ բարեկամների հետ, մենք կկարողանանք Գորիսից ու մերձակա 2 գյուղերից /Քարահունջ,Վերիշեն/ կենտրոն հաճախող ու հաշվառված /շատ ընտանիքներում դեռ շատ դժվար է հաղթահարվում հասարակությունից մեկուսի մնալու բարդույթը/ թվով առայժմ 100 երեխաներին ու նրանց մերձավորներին հուսախաբ չանել: Հիմա էլ` մեր բարեկամների սատարմամբ, փորձում ենք երեխաների ընտանիքներին գործնական աջակցություն ցուցաբերել, օրինակ` Վորլդ Վիժնի ` կենտրոնին տրամադրած կարի մեքենաներով փոքրիկ արտադրամասում աշխատում են կանայք` կենտրոնի երեխաների ընտանիքներից: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին նրանց կհերթափոխեն հենց իրենք` երեխաները: Փորձում ենք միջոցներ որոնել երեխաների սննդի հարցը գոնե մասամբ հոգալու համար. այդ դեպքում նրանք կենտրոնում ավելի երկար կկարողանան մնալ: Ի դեպ նշեմ, որ կենտրոնում աշխատում են մոտ 15 կամավորներ, հիմնականում` երիտասարդներ»:

Հանդիսույթի ավարտից հետո էլ` մինչ ուշ երեկո, շարունակվում էր կենտրոնի երեխաների զննումը «Նաիրի»բժշկական կենտրոնի ոսկրաբանության մասնաճյուղի մասնագետների կողմից: Մի փոքր ժամանակ հայցելով` խնդրեցինք պրոֆեսոր Արշակ Միրզոյանի կարծիքը.»Այս կենտրոնի ծավալած գործունեությամբ ես հիացած ու շատ գոհացած եմ, այսօրվա նրանց ժպիտն ու ծիծաղը դա…աշխարհի ժպիտն էր, նրանց նայելով ես զգում էի, որ հեռու-հեռվից հառնում են նրանց հույսն ու հավատը: Միջոցառումը և ամենն այդ ինձ լիցքավորեցին: Ավա՜ղ, մենք բոլորին չէ, որ կարող ենք լիարժեք օգնել, նրանց խնդիրները հաճախ շատ լուրջ են, ու մենք էլ…Աստված չենք: Առաջիկայում 2 երեխա մեր կենտրոնում կկվիրահատվեն և լիահույս ենք, որ վիրահատությունները ցանկալի ելքեր կունենան: Մի քանիսին էլ հերթագրել ենք: Ամենն այս կարվի անվճար` մեր կենտրոնի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ամենալուրջ դիտարկումս այն է, որ Գորիսում վերականգնողական կենտրոն ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է.չէ՞ որ բուժումը կամ վիրահատությունը, անգամ` շատ հաջող ելքերով, բնավ էլ դեռ խնդրի վերջնական լուծումը չեն: Հետվիրահատական համալիր որքա՜ն կազդուրիչ ու վերականգնող բուժումներ պետք է իրականացվեն… Սա, իրոք, խնդրիր է, որի ուղղությամբ լրջորեն, շատ լրջորեն պիտի մտածել»:

…Որքա՜ն պարտավորեցնող էր ու` է, նրանց այդ`այդ օրը …գտնված , պրոֆեսոր Միրզոյանի ձևակերպմամբ` «աշխարհի ժպիտը», որն այնքա՜ն աղերսներ ունի մեր` բոլորիս խղճի ու բարոյականության հետ. չէ՞ որ ոչ մեկն այս աշխարհում իր ծնվելու ու առողջության պատվիրատուն չէ: Առավել ևս` երաշխավորը…

"Սյունյաց երկիր" թերթ


Կարդացեք նաև