«Համակարգիչ գնելու համար ծնողը փող ունի, բայց …»

Հիշողություններս երբեմնի թատրոնի շենքում /ներկայիս հյուրանոցի տեղում/ հանգրվանած իմ դպրոցից են. յուրաքանչյուր ուսումնական օրը սկսվում էր մեր դպրոցի բակում. ողջ աշակերտությունը /ուսուցիչներից էլ/` սպորտի նվիրյալ, երջանկահիշատակ Զաքար Խոջաբաղյանի մարզական հրահանգներով տողանի էր /մի քանի շարքերով/ կանգնում: Ամեն ուսումնական առավոտ առաջին դասաժամը հաջորդում էր լիցքային վարժություններին: Հիմա, երևի, փափկասուն ծնողները կասեին` բա ո՞նց` քրտնած մայկայո՞վ: Բայց այդ քրտնած մայկաներով սերնդի «մեղքով» էր, որ կլոր տարին քաղաքի զբոսայգու մարզադաշտը եռում էր մրցումներից ու զբոսայգին պարագծող ճաղերի արանքից նրանց նայելու հնարավորությունն անգամ երանություն էր թվում: Ինչևէ: Հիշողությանս մեջ միշտ թարմ այս պատկերը նորեն պարզորոշ ներկայացավ, երբ առիթ ունեցա ամենաընդհանուր գծերով ներկայացնելու մերօրյա գորիսյան մանկապատանեկան սպորտը:

Ցանկացած հայ մարզիկի հաջողությունից ազգովին ցնծում ենք, բայց մի մեկուսի հոգոց էլ հանում ենք, անկասկած, երբ մարզիկների ծննդավայրերի ցուցակում Գորիսը համարյա երբեք չի շոշափվում: Արդյո՞ք այդպես է, թե ՞ մենք ենք պակաս ուշադիր ու հետաքրքրված, սպորտային կա՞մքն է պակասում, թե՞ սոցիալականը հասցրել է այստեղ էլ իր կնիքը թողնել: Գուցե մեկնություններից առաջ նպատակահարմար է լսել ոլորտում աշխատող մասնագետների՞ն: «Աշխատող» բառիս համար որպես հայ կին նեղվեցի, որովհետև ընտանիք կերակրող այրերն այդ 19000–ից մինչ, լավագույն դեպքում` 40000 աշխատավարձ են ստանում: Այս մասին նշեցի, որովհետև շարադրանքիս սկզբում…հայրենասիրաբար մտհագոհ էի, որ հայտնի մարզիկների ծննդավայրերի թվում Գորիսը համարյա չի նշվում…Դեռ ավելին, համայնքային իշխանության պատասխանատուներն էլ սառնասրտորեն արձանագրեցին, որ առաջիկայում բյուջեն առավել տկար կլինի, բայց աշխատավարձի այդ թվերն ամեն կերպ կջանան չվնասել: «Մխիթարական» էր…

***

Սերյան Պետրոսյան /Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն/ – Նախ` ամփոփ մեր մասին. նախապատրաստական /9-12 տարեկան/ և ուսումնամարզական /12-16 տարեկան/ 15 խմբերում /ֆուտբոլ, բասկետբոլ, ծանրամարտ, ըմբշամարտ, թեթև ատլետիկա / ներգրավված են թվով 209 աշակերտներ: Նրանց հետ աշխատում են 9 մարզիչներ: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Գորիս- 95» թիմով /մարզիչ` Արարատ Ավանեսյան/ մասնակցում ենք պատանիների ՀՀ առաջնությանը: Անցած տարի վատ ցուցանիշներ չունեցանք: Այս տարվա խաղաշրջանը նոր է մեկնարկել: Թիմը նորմալ մարզավիճակում է: Անցած տարի ֆուտբոլի մեր թիմը /97–98թթ ծնվ./ 7 թիմերի մեջ գրավեց 1-ին տեղը /մարզիչ` Վրեժ Դավթյան/` արժանանալով ՀՀ Սյունիքի մարզպետի սահմանած գավաթին: Մեր սաներից Կարեն Հովսեփյանը /մարզիչ` Տիգրան Աղաբեկյան/ ՀՀ ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ է, նույն մարզչի սան Ռոբերտ Լենդրոշյանը Բուդապեշտում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է 5-րդ պատվավոր տեղը, ֆուտբոլիստներից Գևորգ Սուջոյանը /մարզիչ` Ա. Ավանեսյան/ հրավիրվել ու հիմա ներկայացնում է «Գանձասար» ֆուտբոլային ակումբը: Հաճախումները հիմնականում նորմալ են, պարապմունքները կանոնավոր ընթանում են, մասնագետների հետ կապված լուրջ խնդիր չունենք: Մեր նախկին ֆուտբոլիստներից մեզ շատ է օգնում է Անուշավան Ղազարյանը: Այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ 16 տարին լրացած երեխան, մեր մարզադպրոցն ավարտելուց հետո, այլևսոչ մի կառույց չի ներկայացնում: Ճիշտ է, թե շարունակի սիրողական ձևով հաճախել մեզ մոտ, մենք , բնականաբար, արգելք չենք լինի, բայց թիմի կազմում մենք չենք կարող նրան ներառել ու որևէ մրցաշարի տանել: Ու ամենացավալի հետևանքը, որի մասին կուզեի բարձրաձայնել. մարզիկի պատրաստվածության մակարդակն ու սպորտային վարկանիշը ցանկալի դրական տեղաշարժ կարող են արձանագրել միայն այն դեպքում, եթե նա մասնակցում է հանրապետական նշանակության, համապատասխան ֆեդերացիաների կազմակերպած մրցաշարերին: Այդ պարագայում է միայն, որ նա ունենում է անձնական քարտ ու ոչ միայն ներկայանում է սպորտային աշխարհին, այլև նրա տվյալները հայտնվում են ինտերնետային համապատասխան կայքերում` հետաքրքրված կառույցներին ու մարդկանց դառնում հասանելի: Իսկ մեր երեխաներն այդ հնարավորությունից ինքնին զրկվում են: Մարզվում, պարապվում են, մարզիչներն ահռելի ջանքեր են թափում, բայց արդյունքում, 16 տարեկանից հետո, կամ, թողնելով սպորտը, մի զբաղմունք են գտնում կամ էլ եթե շատ շնորհալի են, իրենց կյանքն առանց մեծ սպորտի չեն պատկերացնում ու, իհարկե, եթե ընտանիքն էլ ուզում է ու հնարավորությունն էլ փոքրիշատե ներում է, թողնում են մեր քաղաքը, հանրապետությունը…Նման օրինակներ շատ ունենք: Ցավալի է իրոք, որ նման դեպքերում հեռվից ենք վայելում մեր ու նրանց աշխատանքի պտուղները…Այսօր մեր քաղաքում տիպային մարզաբազա ունենալու խնդիրը կա, բայց դա չէ սպորտի ոչ վառ պատկերի պատճառը: 30 տարի առաջ վերանորոգված ըմբշամարտի դահլիճով էլ գոհացած ենք, ֆուտբոլի մարզադաշտը` ֆեդերացիայի տեսուչների գնահատմամբ, համայնքային իշխանության, մեր մարզիկների ու մարզիչների անդուլ ջանքեր շնորհիվ էլ, վատ վիճակում չէ: Տարվա տաք եղանակներին այն մեզ համար նաև թեթևատլետիկական ասպարեզ է, բասկետբոլի պարապմունքների համար էլ իրենց մարզադահլիճներն են տրամադրում քաղաքի թիվ 3 և 6 , ծարնամարտի համար` թիվ 1 հատուկ դպրոցները: Դպրոցի սաներից յուրաքանչյուրն ունի բուժկանխարգելիչ զննումների հաշվառման թերթիկ. նրանք անվճար հետազոտվում են:

Մի մեծ, առանձին խոսակցության նյութ է ծնողների իներտացած վերաբերմունքը սպորտի նկատմամբ, աղջիկների քիչ ներգրավվածությունը /209-ից ընդամենը 30-նն են աղջիկներ, զբաղված են բասկետբոլով/, սոցիալական վիճակի ծանր հետևանքներն են առկա, գործարարները ոչ մի վերաբերմունք չունեն` առանձին դեպքերը չհաշված, հանրապետական ֆեդերացիաների համար մարզային սպորտը խորթ զավակի կարգավիճակում է հիմնականում, քաղաքային իշխանությունն էլ երևի անում է կարելվույնս` մեզ հատկացնելով տարեկան 11 մլն դրամ գումար: Երկու տարի է, ինչ 1,5 մլն դրամ էլ հատկացվում է «Գորիս-95» թիմին` առաջնությանը մասնակցելու համար:  :

Ֆուտբոլի մարզիչ Արարատ Ավանեսյանը ցավով նշեց, որ փոխվել է հասարակության վերաբերմունքը, որ զգացնել է տալիս երեխաների թերսնված լինելը. որ ծնողները գերադասում են առավել… ժամանակակից ու հեռանկարային վաստակով զբաղմունք-մասնագիտություները, ավա՜ղ` մոռանալով հայտնի իմաստությունը առողջ հոգու առողջ մարմնի մեջ լինելու մասին: Ֆուտբոլի մարզիչ Վրեժ Դավթյանի մտահոգությունը մասնավորապես հանրապետական համապատասխան կառույցների մայրաքաղաքամետ ուշադրության մասին էր: Մարզադպրոցի ուսումնական մասի վարիչ Ապրես Ղազարյանը, խոսք ուզեց ուղղել ծնողներին. «Ոչ հեշտ մեր պայմաններում ուժ գտեք ձեր մեջ ու ամենից առաջ կարևորեք ձեր տղաների` որպես ուժեղ տղամարդ մեծանալը. հետևեք, որ նրանք սպորտի…կողքով չանցնեն»:

Արթուր Ասլանյանը /մարզային ենթակայության Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն/ փաստեց, որ 4 տարի առաջ ստեղծված իրենց հաստատությունում 200-ից ավելի երեխաներ/ 9-12 և 12-16 տարիքային խմբերի բաժանված/  5 մարզաձևերից /ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ըմբշամարտ, ձեռքի գնդակ/ ներգրավված են 20 խմբերում, ունեն միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադահլիճ/ թիվ 1 դպրոցի մարզադահլիճին կից/: «Շինուհայրում ունենք ըմբշամարտի, Խնածախում վոլեյբոլի խմբեր: Դպրոցում զբաղված են թվով 8 մարզիչներ` ամսական մոտավորապես 30000-35000 դրամ աշխատավարձով: Պարապմունքներն ընթանում են նորմալ: Հաջողությունների եզրերն արդեն սկսում են քիչ-քիչ ուրվագծվել»,- նկատում է տնօրենը: Որքան հասկացանք զրույցից, խնդիրները համարյա նույնն են, ինչ քաղաքի մյուս մարզադպրոցում. «Ամենալուրջ խնդիրը հասարկության վերաբերմունքի մեջ է`անկախ դրանք ծնող պատճառներից»,- գտնում է Ա. Ասլանյանը:- Ծնողը պիտի կարևորի գոնե այն փաստը, որ իր երեխան փողոցից կտրվում է, կամային ու ֆիզիկական որակներ է ձեռք բերում, զբաղվածությունը նպաստում է նրա ժամանակի ճիշտ կառավարմանը: Լուրջ աշխատանք ենք տանում մարզիչ-ծնող կապի ուժեղացման ուղղությամբ, բայց առայժմ քիչ բան է հաջողվում. հետպատերազմական բարդություններով, սոցիալական վիճակով պայմանավորված դժվար կացությունների կնիքը դեռ առկա է ծնողների վերաբերմունքում, հասկանում եմ` հացի խնդիրը որ լուծվի, գուցե շատ բան փոխվի, բայց սերունդն այս չպիտի տուժի: Գիտե՞ք որն է ցավալին` համակարգիչ գնելու համար ծնողը փող ունի, բայց սպորտային համազգեստ ձեռք բերելու կամ գնդակ գնելու հարցում…լուրջ դժվարանում է: Մեկ էլ, ըստ իս, մի կարևոր նկատառում էլ ունեմ` պիտի աշխատել բակային սպորտի երբեմնի աշխուժության վերագտնման ուղղությամբ»:

Մեր քաղաքի մարզաշխարհի երախտավորներից Սաշիկ Գրիգորյանը կարոտով հիշում է.«Երբ տասնամյակներ առաջ մեր բասկետբոլի թիմը մարզվում էր, ամեն մեկը մի գնդակ էր վարում, իսկ հիմա, երբ մեկ-մեկ գնում-նայում եմ, շատ եմ տխրում, երբ հաճախ ստիպված են լինում մի խաղի ընթացքում նույն գնդակը մի քանի անգամ փչել… Մի քիչ էլ մարզիչների աշխատասիրությունն իմ սրտով չէ, բայց էդ աշխատավարձերով…» :

Գորիսի համայնքային իշխանության մշակույթի և սպորտի գծով առաջատար մասնագետ Երվանդ Հակոբջանյանը խոսելով ամեն տարի կազմակերպվող ազգային մարզաձևերի փառատոնի, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի ամենամյա առաջնությունների մասին, մի անկեղծ կարոտով ասաց.«Երանությամբ եմ հիշում մանկությանս տարիներին մեր փողոցի բնակիչների զայրույթը պատուհանների շրխկոցով կոտրվող ապակիների համար, այգում կամ տանիքում հայտնված գնդակի` բազում խոստումների դիմաց վերադարձնելը, երբեմն էլ` դանակով մեջից կես անելը…Ամեն փողոց ամեն մարզաձևից սիրողական մի թիմ կարող էր հանել, իսկ հիմա…»:

ՀԳ

Գուցե մեր զավակների արդիական մասնագիտություններից ու ակնկալվող լավ աշխատավարձերից առաջ կարևորենք այդ աշխատավարձերը ստացողի առողջ մարմինը, որ վայելքն էլ լինի… առողջ: Իսկ պայմաններ մեր քաղաքում, փառք Աստծո, պարզվում է, որ կան, նվիրյալներ էլ, ողջն էլ արվում է անվճար: Մնում է ժամանակ գտնեք առողջ եզրահանգումների համար…

"Բան ու Գործ" թերթ


Կարդացեք նաև