«…Երեխայակենտրոն ասվածի էությունն ամենևին այն չէ, որ ուսուցիչը ստորադասվում է»

Մերօրյա դպրոցը ներառած մեծամասշտաբ հարցերի, նորացումների ու դրանց ադապտացիաների, երեխայակենտրոն դպրոցի շուրջ «Կամք+»-ի հետ իր նկատառում-դիտարկումներն է կիսում ՀՀ կրթության և գիտության  նախարար պարոն Սպարտակ Սեյրանյանը:

1.Պրն նախարար, ժամանակակից աշխարհի գերզարգացումներից /և՛պլյուս, և՛ մինուս/, կրթական պատեհ ու անպատեհ… բարեփոխումներից մշտապես դեֆորմացիաների ենթարկվող դպրոցում չի՞ վտանգվում աշակերտ-երեխա հարթությունը: Եվ այս ֆոնին` ի՞նչ դիտարկումներ ունեք «Երեխայակենտրոն դպրոց» ասվածի մասին: Ինչպե՞ս է Ձեզ ներկայանում դրա իրատեսական և արդիական լինելը մերօրյա հայ դպրոցում:

-Այն, որ մեր դպրոցում ու հանրակրթական համակարգում ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ունենք, գաղտնիք չէ ոչ մեկի ու նաեւ ինձ համար: Սակայն դրանց լուծման այլ ուղիներ, քան բարեփոխումներ իրականացնելը, գոյություն չունեն: Չեմ կիսում այն կարծիքը կամ մոտեցումը, որ այն, ինչ ունեինք խորհրդային դպրոցում, գերազանց էր, եւ դրանից հետո եկած զարգացումների արդյունքում դպրոցը մշտապես դեֆորմացվում է: Մեր կրթական ներկա համակարգում առկա ամենալուրջ խնդիրներից մեկն էլ, թերեւս, հենց այն է, որ ուսուցիչների մի ստվար բանակ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այսօր չի ցանկանում կամ գուցե չի կարող հրաժարվել արդեն հնացած կարծրատիպերից, որոնք ոչ մի կերպ այսօրվա իրականության հետ համատեղելի չեն: Նույն «Երեխայակենտրոն դպրոց» ասվածը շատ մանկավարժներ, ցավոք, ընդունում են որպես սեփական անձը կամ արժանապատվությունը վիրավորող, ուսուցչին ստորադասող մոտեցում: Այնինչ երեխայակենտրոն ասվածի էությունն ամենեւին այն չէ, որ ուսուցիչը ստորադասվում է: Խնդիրն այն է, որ դպրոցում իր արժանապատիվ տեղն ու դերն ունեցող ուսուցիչն աշակերտներին ոչ միայն ընկալի եւ նրանց հետ աշխատի դասարանի համընդհանուրի շրջանակում, այլ իր մեթոդներն ընտրելիս հաշվի առնի աշակերտի անհատականությունը, առանձին վերցրած նրա ունակություններն ու կարողությունները: Մոտեցում, որը մենք չափազանց կարեւորում ենք, եւ, որպես սկզբունք, այն ընկած է մեր բարեփոխումների հիմքում: Պատահական չէ, որ առարկայական բոլոր նոր ծրագրերն ու չափորոշիչները մշակվում են եռամակարդակ սկզբունքով գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների նվազագույն, միջին եւ բարձր մակարդակի պահանջներով: Մենք այսօր ակնկալում ենք, որ, ի թիվս բազմաթիվ այլ արժանիքների, դպրոցը մեզ, տա որպես մարդ ու քաղաքացի, եւ, որ կարեւոր է, նաեւ անհատ, որոշակի հատկանիշներ, արժեքներ կրող շրջանավարտ: Մերօրյա հայ դպրոցի խնդիրը սա է, ու պետք է ընդունել, որ ժամանակակից աշխարհի զարգացումներում մեր տեղն ու դերն ունենալու համար այլընտրանք չունենք: Ինչպե՞ս պետք է հասնենք դրան. միանշանակ` ունակ լինելով ընկալելու նորը, իհարկե, չկրտրվելով մեր արմատներից, չմոռանալով մեր ինքնությունը:

2. Միջազգային բազմաբնույթ ծրագիր-նախաձեռնությունների, արևմտյան փորձի հեղեղին դիմահար դպրոցում խոցելի լինելուց որքանո՞վ է պաշտպանված հայ երեխան` որպես անհատականություն: Թե՞ այս ամենը հեշտ ինտեգրելի է հայ կերպին ու մտածողությանը:

-Պաշտպանված է ճիշտ այնքանով, որքանով այդ հեղեղներն ընկալելու, գնահատելու եւ անհրաժեշտ չափով կամ ձեւով մատուցելու ունակ ենք մենք` ավագներս, որ նրանց կողքին ենք ու պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք որպես ծնող, մանկավարժ, ինչո՞ւ չէ, նաեւ որպես շատ պատասխանատու այս համակարգը ղեկավարող պաշտոնյա:

3. Նոր տեխնոլոգիաների հախուռն զարգացումներին, մեծ հաշվով, հայ երեխաների անհասանելիությունից, հոգևորի ու նյութականի, ցանկալիի ու հնարավորի անհամատեղելիությունից առաջացած հուսահատությունը սերնդի վրա դրոշմ չի՞ թողնի:

-Չեմ կարծում, որ ժամանակակից տեխնոլոգիաները մեծ հաշվով հայ երեխաների համար անհասանելի են: Կենցաղային մակարդակում գուցե ինչ-ինչ խնդիրներ կան, սակայն ուսուցման գործընթացում վերջին տարիներին որոշակի առաջընթաց մեզանում նկատվում է, եւ այդ ուղղությամբ քայլերը շարունակվում են: Խոսքը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը դպրոցներում: Համակարգչային սարքավորումներով ապահովվածության առումով վիճակը բարվոք է, եւ համալրման ծրագիրը շարունակվում է: Շարունակվում է նաեւ աշխատանքը դպրոցական ցանցի ընդլայնման եւ այլ ուղղություններով: Այս տարվանից մարզերում աշխատելու է մեր շարժական ինտերնետային համակարգչային կայանը: Այսինքն` երեխաներին այդ ամենը հասանելի է եւ հասնելի է լինելու անկախ նրանց ընտանիքի նյութական վիճակից:

4. Որքան էլ հավասարությունից խոսենք, միևնույն է` Երևանը` քաղաքամայր, մնում է Երևան, մնացյալը` մարզեր: Նույն տրամաբանությամբ էլ երևանցին… Ո՞վ է այսօր մարզի երեխան:

- Դա միանշանակ ընդունելի սահմանազատում չէ: Մեր մարզերում բնակվող երեխաներն այսօր մայրաքաղաքի իրենց տարեկիցներին շատ հարցերում չեն զիջում, եթե չասենք, որ գերազանցում են: Հատկապես վերջին տարիներին զանազան օլիմպիադաներում կամ քննական գործընթացներում մարզերի երեխաները շատ ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան մայրաքաղաքաբնակները: Ի դեպ, այստեղ կարծում եմ, ինչ-որ առումով դրական դերակատարում ունի նաեւ ժամանցի տարբեր աղբյուրների, այդ թվում` տեխնոլոգիաների առումով սահմանափակ լինելու հանգամանքը: Սակայն ցանկանում եմ նշել նաեւ, որ կառավարությունն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում մարզերի զարգացման խնդրին, և մշակման ու իրականացման փուլում են մի շարք ծրագրեր:

5. Սյունիքի մարզ, կրթություն. այս մեծ համատեքստում որո՞նք են Ձեր, որպես նախարարի, ամենաէական արձանագրումները և ինչպիսի՞ն է իրատեսական նորացումների տեսլականը: Ինչպիսի՞ն են ձեզ ներկայանում հայ դպրոցը, հայ աշակերտն ու հայ երեխան, ասենք, 10 տարի հետո:

- Սյունիքը մեր հանրապետության այն մարզերից է, որն ունի հեռավոր լեռնային գյուղական բնակավայրեր, ու որտեղ ունենք դժվարին պայմաններում դպրոց պահող մանկավարժներ, ում աշխատանքը գնահատանքի արժանի է: Միաժամանակ` Սյունիքն ամենաշատ թերկոմպլեկտավորված դասարաններ ունեցող մարզն է, որտեղ երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններում ուսուցումը կազմակերպելու առումով մենք ունենք որոշակի խնդիրներ: Ասեմ, որ ուսուցման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս նման դեպքերում եւս բավականին արդյունավետ կրթական գործընթաց կազմակերպել, եւ մենք մտածում ենք այդ ուղղությամբ, թե ինչպես կարելի է այդ մեթոդները հասանելի դարձնել գործող ուսուցիչներին, ինչպես նաեւ պատրաստել դրանց տիրապետող նոր կադրեր:

Իհարկե, այս մարզը կրթական ավանդույթների առումով դարերի հարուստ պատմություն ունի եւ այն հանդիսացել է մեր կրթական կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ սյունեցիները միշտ աչքի են ընկել կրթության հանդեպ հատուկ վերաբերմունքով եւ լավ ընդունակություններով: Սյունքի մարզը նաեւ հենց այն մարզերից է, որը դպրոցական օլիմպիադաների արդյունքով մշտապես առաջին եռյակում է, եւ ես կարծում եմ, որ եթե ոչ ավելի լավ, ապա առնվազն այդպես կլինի նաև հետագայում:

Իսկ մեր դպրոցի ապագան ես տեսնում եմ ավելի բարեկարգ ու կահավորված, բովանդակային առումով` թարմացված ու համալրված, ուսուցչական համակազմի առումով` առավել ակտիվ ու գործուն: Կարծում եմ` նշյալ ուղղություններով այժմ արդեն իրականացվող աշխատանքները մեզ բոլորիս նման լավատեսության իրատեսական հիմքեր են տալիս:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև