Սյունիքը մրցույթին շատ ակտիվ մասնակցեց

«Կամք+»-ի խմբագրատանը հյուր էր «Այբ» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Հարցազրույցը նրա` Սյունիք կատարած այցի առիթ` «Կենգուրու-2009»-Մաթեմատիկան բոլորի համար մրցույթի շրջանակներում էր:

- Որպես մուտք` ո՞րն է ձեր ամենաընդհանրական տպավորությունը:

- Այս տարի Հայաստանում բացառիկ մասնակցություն էր, բացառիկ էր նաև աշխարհի մասշտաբով, 50 մասնակից երկրների բնակչության թվաքանակի համեմատ: Հայաստանը երկրորդն էր Սլովենիայից հետո: Մինչև հիմա /1994թ.-ից է իրականացվում այս մրցույթը/ 11 երկիր է կարողացել այդ շեմին հասնել: Իսկ շատ երկրներում այդչափ ակտիվություն չի նկատվում, օրինակ ԱՄՆ-ում տարեկան ընդամենը 6-7 հազար երեխա է մասնակցում մրցույթին:

- Իսկ դա ավելի շատ բացատրելի է մեր ազգային նկարագրո՞վ, ինտելեկտուալ պոտենցիալո՞վ, թե՞ ավելի շատ կազմակերպչական կանոնավորությամբ:

- Ունենք դպրոցներ, որոնք ի սկզբանե հրաժարվում են, բայց երեխաների ճնշումից հետո դպրոցներից զանգում են մեզ, խնդրում են գրանցել. պարզվում է, որ բավականին մեծ թվով երեխաներ ուզում են մասնակցել: Հաջորդը, այո, կազմակերպչական կողմն է. «Այբ» կրթական հիմնադրամը շատ մեծ բանակ է ընդգրկել կազմակերպչական աշխատանքները իրականացնելու համար` մարզային համակարգողներ, դպրոցի պատասխանատուներ, որոնց դպրոցներն են նշանակում:

- Ինչպիսի՞ն են ձեր արձանագրած միտումները:

- Զգացնել էր տալիս այն, որ երեխաները տեստային համակարգին այնքան էլ լավ ծանոթ չէին: Ունեինք երեխաներ, որոնք խաղում էին ասես: Դա հիմնականում փոքրերի մոտ էր նկատվում /3-4-րդ դասարանցիներ/, որոնք երբևէ տեստային աշխատանք չէին կատարել:

- Կան դպրոցներում «5» ստացող երեխաներ` ակադեմիական թվացյալ լուրջ գիտելիքներով, բայց նրանք հիմնականում օլիմպիադաներում հաջողություններ չեն արձանագրում. արդյոք, դուք կտարբերակեի՞ք… օլիմպիադայի երեխային:

- Նախ` «Կենգուրուն» օլիմպիադա չէ, մրցույթ է: Օլիմպիադան ունենում է փուլեր. դպրոցական, քաղաքային, մարզային, և հանրապետական օլիմպիադա է հասնում այն երեխան, որն ունի շատ բարձր գիտելիքներ: Իսկ «Կենգուրուն» միակ մրցույթն է, որ նախատեսված է բոլորի համար, խնդիրները կազմված են այնպես, որ լինեն և’ շատ հեշտ, և’ դժվար խնդիրներ, որոնցից գլուխ հանելու համար պետք է բացառիկ ունակություն-տրամաբանություն ունենալ: Այստեղից էլ` մրցանակների բաշխման ձևը. բոլորը պետք է ստանան իրենց հուշանվերը` անկախ արդյունքներից: Չպետք է լինի երեխա, որը մի խնդիր գոնե լուծած չլինի, մյուս կողմից էլ` մենք պետք է կարողանանք հաջողություն արձանագրել, գտնել բացառիկ օժտվածներին: Օրինակ` 30000 հոգուց 8-րդ դասարանցի Էռնա Պետրոսյանը բացառիկ արդյունք ցույց տվեց: Նա ամռանը գլխավոր մրցանակը կվայելի. կմեկնի Եվրոպա հանգստանալու: Գորիսից էլ ունենք մեկ երեխա, որը կմասնակցի լրացուցիչ մրցույթին:

- Գորիսում կա՞ր ամենամեծ անակնկալը…

- Նախ` նորից այն մասին, որ Սյունիքը, իրոք, մրցույթին շատ ակտիվ մասնակցեց. բավականին մեծ էր երեխաների թիվը: Պիտի ասեմ, որ դա հիմնականում Սևադա Խոջաբաղյանի նվիրված ու հետևողական աշխատանքի արդյունքն էր: Նա կարողացավ ինֆորմացիան ճիշտ տեղ հասցնել, որը շատ կարևոր է առաջին անգամ այսպիսի մրցույթի մասին որոշում կայացնողների համար: Այս մրցույթը տարբերվում է մյուսներից նրանով, որ երեխան ֆինանսական ներդում է ունենում մրցույթին մասնակցելու համար. 970 դրամ է վճարում: Եվ եթե ծնողը վճարել է, դա նշանակում է, որ արդեն իսկ կարևորել է մրցույթի դերն ու նշանակությունը:

- Իսկ «Կենգուրուն» որպես կենդանի, որպես բառ, մրցույթի հետ ի՞նչ աղերսներ ունի:

- Թե կատակով` ենթադրելի է, որ կենգուրուն մաթեմատիկա բոլորից շատ սիրող կենդանին է: Բայց, ավելի լուրջ, ասեմ, որ գաղափարը ծնվել է ավստրալիացի մի ուսուցչի մոտ. 80-ական թվականներին նա մտածեց, թե ինչպես անի, որ մաթեմատիկան ավելի գրավիչ դարձնի երեխաների համար: Ընտրեց տրամաբանական, հետաքրքրաշարժ խաղեր: Հետագայում ֆրանսիացիները /1991թ./ այդ սկզբունքները փորձեցին իրենց երկրում, ու այն շատ մեծ արձագանք ունեցավ:1994թ. գրանցեցին միջազգային ասոցիացիան. մրցույթը սկսեց տարածվել աշխարհով մեկ: 2008թ. 5 միլիոնից ավելի երեխա է մասնակցել մոտ 50 երկրում. այն ամենամեծ դպրոցական մրցույթն է աշխարհում:

- Մրցույթի ընթացքում կա՞ր տխրելու, խորհելու լուրջ առիթ:

- Այո, ինչքան կոչ էինք անում, որ արտագրումներ, հուշումներ չլինեն, բայց արձանագրվել են այդպիսի դեպքեր: Արդյունքում մենք ստիպված եղանք 1350 երեխայի աշխատանք պարզապես որակազրկել: Ունենք դեպքեր, երբ ուսուցիչը պարզապես թելադրել է, երեխաները գրել են. 10-15 հոգի բառացիորեն նույն բանն էին գրել:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև