Քահրեզները` որպես տեղաբնակների կենսակերպի հիմք – երաշխիքներ

-Պրն Տոռոզյան, ի սկզբանե կրթության ասպարեզում և ՀԿ սեկտոր-ինստիտուտում գերակշիռ չափով գործունեություն ծավալած ձեր ՀԿ-ն նախաձեռնություն է սկսել իրականացնել բոլորովին նոր մի ոլորտում` Սյունիքի մարզի Մեղրիի ենթամարզի Ալվանք և Շվանիձոր համայնքների քահրեզների մաքրում, պահպանում և շահագործում: Այս ամենը, անկասկած, նախապատմություն ունի:

- Չնայած ճիշտ է ձեր նկատառումը մինչ այժմ մեր ծավալած գործունեության ուղղվածությունների մասին, բայց ես հակված չեմ մտածելու, թե ՀԿ-ն իր … «շրջանակից» դուրս չի կարող ծավալվել: Թե´ ՀԿ-ների, թե´ քաղաքացիական բոլոր ինստիտուտների նպատակ-առաքելությունները մեկ կիզակետ ունեն` մեր երկրի քաղաքացի-շահառուի կյանքի, գործունեության ու կայացումի ողջ այս շղթային հնարավոր չափով նպաստ բերել: Կարծում եմ` նշածս բոլոր կառույցների ճշմարիտ արածը տեղավորելի է այս տիրույթ-համատեքստում: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս. մեր այս նախաձեռնության առանցքում մարդու նորմալ գոյության և կենսագործունեության կարևոր երաշխիքներից… կարևորագույնն է խմելու ջուրը: Իսկ մեր ընտրած տարածքում խմելու ջրի… տեխնոլոգիաները մեկ այլ` ոչ սովորական ենթակառուցվածքներ ունեն. ներկայացնեմ` քահրեզներ…

Նախաձեռնության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն նպատակ ունի նշյալ 2 գյուղական համայնքներում ձևավորել խմելու ջրի պահպանման խորհուրդներ` համայնքաբնակների ակտիվ ու թափանցիկ մասնակցությամբ, աջակցել ձևավորված խորհուրդների զարգացմանը` տրամադրելով դասընթացներ ու խորհրդատվություններ, օգնել խորհուրդներին` մշակելու ջրի պահպանության երկարաժամկետ մեխանիզմներ: Ի վերջո` նպաստել բնակչության վերաբերմունքի փոփոխությանը` իրազեկությանն ուղղված մի շարք միջոց-գործողություններով:

Ալվանք և Շվանիձոր գյուղերը Մեղրիի ենթամարզում են` հարակից Իրանի սահմանին: Միասին մոտ 700 բնակիչ ունեն: Խորհրդային Միության և նրա տնտեսական համակարգի փլուզումից ջրամատակարարման հետ, ինչպես ամենուր, լուրջ խնդիրներ առաջացան` տեղի տվեցին խաթարված ռեսուրսներն ու համակարգի ապակենտրոնացումը:

Ստորգետնյա ջրակուտակման և ջրամատակարարման համակարգերը` քահրեզները, որ նշյալ տարածքների բնակչության կենսական հիմք-երաշխիքներն են ու առանց այն էլ… արտահոսող բնակչությամբ գյուղերի դատարկվելը կանխող պատվարները, ծայրագույնս լուրջ ուշադրության, հոգածության, ասել է` պահպանության, կառուցման, շահագործման կարիք ունեն: Գետերից, տեղումներից, ստորգետնյա ջրերից սնվող քահրեզները ենթակա են օգտագործման և ֆունկցիոնալ են միայն այն դեպքում, երբ սարքին է ողջ համակարգն իր դժվար խնամելի ու պահպանելի ենթակառուցվածքով, եթե այն պարբերաբար մաքրվում և ճիշտ ու սրտացավորեն պահպանվում է:

- Հայտնի է, որ, մասնավորաբար, այդ գործով բարի կամքի տեր մարդիկ ու կառույցներ են զբաղվել, դրվատանքի արժանի գործ արել: Բայց ծրագրերը, որ կյանք ունեն մի ոչ տևական ժամանակահատվածում, ավարտվում են, իսկ խնդիրները հաճախ կիսալուծված են մնում կամ լավագույն դեպքում` նորից հառնում: Այս պարագայում իրատեսակա՞ն է, ինչպես ասում են, ձեր բռնած գործի շարունակականության մասին խոսելը:

- Այստեղ տեղին է ցիտել ծրագրի նպատակից մի միտք. «Նախագծի հստակ նպատակներն են` վերականգնել և վերակառուցել Ալվանք և Շվանիձոր գյուղերի ստորգետնյա ջրամատակարարման համակարգերը և տեղում մշակել ու զարգացնել անհրաժեշտ պայմաններ համակարգի շարունակականության պահպանման համար»: Առաջիկայում, կարծում եմ, ավելի մանրամասն ծավալվելու առիթներ դեռ կունենանք, ասեմ միայն, որ Իրանից հրավիրված մասնագետների օգնությամբ տեղում կպատրաստվեն ու կվերապատրաստվեն տեղացի մասնագետները: Իսկ մասնագետ, հմուտ և նվիրյալ քանքյան` քահրեզ մաքրող ունենալը, խնդրի կարգավորման ու լուծման կարևորագույն երաշխիքներից է: Իսկ քահրեզների ճիշտ պահպանության և շահագործման խնդիրները, պարզվում է, այնքա՜ն շատ, այնքա՜ն նուրբ և, խոստովանեմ, այնքա՜ն … հեշտ լուծելի չեն: Սա իրապես լուրջ գործ է` աշխատանքի մեծ ծավալներով, որոնց լուծման թիվ մեկ խթանը կա և պիտի լինի համայնքների բնակիչների շահագրգռվածությունն ու, ինչպես ասում են, գործից հասկանալը: Իրազեկման և համայնքի ակտիվ, շատ դինամիկ ներգրավման վրա էլ աշխատում ենք: Եվ առկա են առաջին ցանկալի արդյունքները:

Փորձեմ հպանցիկ ամփոփել: Չէ՞, ավելի լավ է ասեմ, որ շարունակականության մասին կցանկանայի ավելի կոնկրետ խոսել ծրագրի ավարտին` կոնկրետ գործ-արձանագրումներով…

- Ի՞նչ եք կարծում, որն է, այնուամենայնիվ, ձեր ասած, գործ-արձանագրումներից… առաջինը:

- Համայնքների հավատ-համոզմունքը, որ գյուղի հիմնախնդրի հետ իրենք միայնակ ու անօգնական չեն:

Մեկնարկի համար գուցե բավարարվենք այսքանո՞վ:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև