Կիրակնօրյա ընթերցումներ. Ակսել Բակունցի Աղոթքը

Ակսել Բակունցի ԱղոթքըՄիայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:
Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և հույս ու հանգրվանս: Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ: Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, և նրանց հոգուց, — որոնք աղոթել չգիտեն, աղոթքի են պապակ:
Տե՛ր, հզոր ես և կարող…
Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի: Տե՛ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, և շեները ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են: Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը:
Հեռացրո՛ւ, հեռացրու, հեռացրու…
Խաղաղություն տո՛ւր երկրին, թող ծաղիկները բույր տան, թող առաջվա պես առուները կարկաչեն, և աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթեն Քեզ:
Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ: Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ, — Երկրի գրկում՝ պառկելու:
Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, և արցունքից մեր աչքերը կուրացան: Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները և հոգիները ամայի, ավերակ դարձրեց:
Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, և կարոտը հոգուս մեջ — հեռացա նրանից: Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից…Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի:
Տե՛ր, չէ՞ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր…
Աղերսանքս ընդունի՛ր:
Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր:
Այնքան շատ են Հերդաները:
Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար:
Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող: Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան: Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ:
Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ…թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:
Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չ՜է, Տեր:
Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:
Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:
Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է… asekose.am


Կարդացեք նաև