Այնուհանդերձ, ճշմարտությունը մեկն է` ցանկալի արդյունքն այնտեղ է, ուր … գիտելիքն է

Քննաշրջան – 2009-ի քննարկում-տարակարծությունները բազմաբնույթ ու տարաբևեռ էին, բայց թեժ բանավեճերի առանցքում հիմնականում թեստերն էին: Հոլովվում էին թե´ թեստերի անհամապատասխանությունը դպրոցական ուսումնական ծրագրերին, թե´ դրանց պատուհաս դարձած երկձևությունները, թե´ անհերքելի` պարզից էլ պարզ սխալները, թե´… Մի խոսքով, ինչպես ամեն նոր, այս թեստերն էլ հանրային հոլովույթի լայն թեմա դարձան: «ԿԱՄՔ+»-ն ակամա հյուրընկալել էր այս տարվա դիմորդներից չորսին` (նրանք եկել էին ԳՈՒՄ ՀԿ -ի Ռեսուրս կենտրոնի գրադարանից օգտվելու):

Հասմիկ Բախշյան /թիվ 2 միջն. դպրոցի շրջանավարտ/:

- Կարծում եմ, որ թեմատիկ ու բովանդակային առումներով թեստերը ուսումնական ծրագրերից շատ շեղված չէին, պարզապես բարդ էին կազմված: Քննասենյակում տիրող մթնոլորտն էլ անհարկի խիստ էր: Ըստ իս, մի ծայրահեղ, լարող խստություն կար: Օրինակ, փորձեցի հարց ուղղել ձևաթուղթը լրացնելու մասին, հետևեց սառն ու հատու պատասխանը. ՙԹեստերի մասին` ոչ մի հարց»: Եվ` վերջ: Կարծում եմ` հետագայում արժե նկատի ունենալ այն իրողությունը, որ անկողմնակալությունն ու անաչառությունը ոչ մի կապ չունեն առանց այն էլ հուզված դիմորդին մի ավելորդ անգամ լարող ցուցադրական խստության հետ:

Սարիբեկ Լալազարյան /թիվ 1 միջն. դպրոցի շրջանավարտ/:

- Թե թեստերի բարդությունից խոսենք, ես կառանձնացնեի միայն հայոց լեզվի քննությունը: Նոր այս քննակարգից ինձ ամենաշատը գոհացրեց պատմության քննությունը. ստուգվեց և գնահատվեց ոչ թե պատմական անցքերի ու իրադարձությունների` դասագրքերի` տառը տառին նման շարադրանքը, այլ` կոնկրետ իմացությունը:

Դավիթ Քյարունց /թիվ 6 միջն. դպրոցի շրջանավարտ/:

Ինձ շատ բան չգոհացրեց. հստակ չէին հարցերի ձևակերպումները. ավելի բարդ էին, քան կարելի էր սպասել, պատմության թեստերը ոչ ծրագրային հարցեր էին ներառում, թեստերը տառասխալներով էին, որը, կարծում եմ, աններելի բացթողում-անփութություն էր: Դպրոցում համակարգային լուրջ փոփոխություն է պետք, այնպես և այնչափ, որ լիովին վերանա դպրոցից դուրս պարապելու անհրաժեշտությունը: Նշեմ երկու փոքրիկ թվացող խնդիր, որ ինձ վրա կոնկրետ շատ ազդեց. ինձ մոտ նստած մի տղայի թեստը ուշացրին, նա էլ սկսեց անհանգստությունից գրիչով սեղանին կտկտացնել, ու դա ինձ նյարդայնացրեց: Սեղանը, որի վրա պիտի գրեի, ջարդված էր… 3 ժամ ստիպված էի աշխատել այդ ճռռոցի… նվագակցությամբ: Բայց, այս ամենով հանդերձ, ես ինքս ինձ համար նորից մի ճշմարտություն արձանագրեցի` թե կա գիտելիք, անպայման կա արդյունք: Այ, այս առումով, մեծ հաշվով` ես դժգոհ չմնացի:

Նաիրի Նարինյան /ԳՊՀ-ի հենակետային վարժարանի շրջանավարտ/:

- Ես ժամանակի սղություն զգացի առանձնապես մաթեմատիկայի քննության ժամանակ. առաջադրանքների զուտ ծավալը շատ դժվար էր տեղավորել ժամանակի այդ միջակայքում:

Եվ հետո մի նկատառում էլ. կարծում եմ, որ դասագրքերը պետք է հեղինակեն ոչ թե գիտնական-ակադեմիկոսները, այլ դպրոցին ամեն առումով մերձ կանգնած մարդիկ` ուսուցիչները: Ակադեմիական գերխտությամբ գիտելիքը մեկ այլ բան է, աշակերտին, երեխային հասու նյութը` մեկ այլ բան:

ՀԳ Երբ «ԿԱՄՔ+»-ը պատրաստ էր տպագրության, իմացանք, որ նրանք արդեն ուսանողներ են. տղաներն ընդունվել են ԵՊՀ, Հասմիկը` ԳՊՀ: Շնորհավորում ենք:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև