Ֆրիդրիխ Նիցշե. “Վասն նոր կուռքի”

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: Ավերիչներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում բազմաց համար և դրանք պետություն են կոչում: Նրանք սուր և հարյուր ցանկություն են կախում նրանցից:
Ուր դեռ ժողովուրդ գոյություն ունի`այնտեղ պետությանը չի հասկանում նա և ատում է նրան որպես չար մի հայացք և բարքերի ու իրավունքների դեմ գործված հանցանք:
Այս նշանն եմ ես ձեզ տալիս, ամեն մի ժողովուրդ չարի և բարու իր լեզվով է խոսում բարքերի և իրավունքների մեջ: Սակայն պետությունը ստում է բոլոր լեզուներով չարի և բարու, և ինչ էլ որ խոսի` ստում է նա, ու ինչ էլ որ անի` գողացել է նա: Նրա մեջ կեղծ է ամեն ինչ. գողացված ատամներով է կծում նա` կծանը: Կեղծ է նույնիսկ փորոտիքը նրա:
Չարի և բարու լեզվաշփոթ` այս նշանն եմ տալիս ես ձեզ, հանց պետության նշան: Արդարև, կամք առ մահ` սա է իմաստն այդ նշանի: Արդարև, մահվան քարոզիչներին է պետությունը նշան անում:
Բյուր-բյուրավորներն են ծնվում, պետությունը հորինված է ավելորդների համար: Հապա նայեք` ինչպես է նա իրեն գրավում նրանց` բյուր-բյուրավորներին: Ինչպես է կլլում, ծամում ու որոճում նրանց: «Երկրի երեսին չիք ոչինչ ինձնից մեծ, ես եմ կարգավորող մատն Աստծո»,- այսպես է ճիվաղը մռնչում: Եվ լոկ երկարականջներն ու կարճատեսները չեն, որ ծնկի են իջնում:
Ախ, ձեր մեջ էլ, մեծ հոգիներ, նույնիսկ ձեր մեջ է նա փսփսում մռայլ սուտն իր: Ախ, նա ջոկում է սրտերը հարուստ, որոնք սիրով շռայլում են իրենց: Այո, նա ձեզ է ջոկում, դուք հաղթողներդ հին աստծո: Հոգնեցիք դուք պայքարելիս, և արդ հոգնությունը ձեր այդ նոր կուռքին է ծառայում: Հերոսներ ու պատվավորներ է կամենում նա իր շուրջ շարել, կուռքը այդ նոր: Նա բարի խղճի արեգակի տակ է սիրում իրեն արևին տալ, հրեշն այդ պաղ: Ամեն ինչ նա ուզում է ՁԵԶ տալ, եթե ԴՈՒՔ պաշտեք նրան,- կուռքը այդ նոր: Այսպես գնում է նա իր համար ձեր առաքինությունների փայլը և հայացքը հպարտ ձեր աչքերի: Նա ձեր խայծով կամենում է հրապուրել բյուր-բյուրավորներին Այո, դժոխային արվեստի մի գործ է ահա հայտնաբերված, մահվան մի ձի, որ զնգզնգում է աստվածային պատիվների հեծելասարքով: Այո, մահն է արդ հայտնաբերված բազմաց համար, որ ինքն իրեն որպես կյանք է փառաբանում, արդարև, ինչ սրտառուչ ծառայություն մահվան բոլոր քարոզիչների համար:
Ես պետություն եմ կոչում, ուր բոլորը` լավ թե վատ, թույն են խմում, պետություն, ուր բոլորը` լավ թե վատ, կորցնում են իրենց, պետություն, ուր դանդաղ ինքնասպանությունը բոլորի «կյանք» է կոչվում…

hovikcharkhchyan.wordpress.com


Կարդացեք նաև