Դեպ դպրոց, դպրոցի միջով. ամենքիս համար: Եվ`մտորումներ

Հետահայաց` նորօրյա հատումով

Ցանկացած նոր արժեհամակարգ, որի մուտքն առկա է, կա´մ ակամա է ստացվում, կա´մ ժամանակներն են ածանցում, կա´մ ինքնին է… պարտադրվում, կարիք ունի ինքնահաստատման` մի քանի գրել և անգրել թեստերի միջոցով անցնելու, «լակմուսների» … զգոնությամբ փորձարկվելու, ընդունում-համադրում-մերժումների դաշտը մաքրագործելով անցնելու, կա´մ… պաղել-լռվել-մնալու… Մի խոսքով` բազում «կամ» -եր և անցումներ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին` շղթայականի օրենք-տրամաբանությամբ, բերում է նոր… փորձադաշտեր…

Նորանկախ մեր երկիրը բոլորովին վերջերս է (պատմության ժամանակային… արշինով) հասարակարգի կացութակերպի լրջագույն փոփոխություն ապրել: Ու փոփոխությունն այդ իր հետ, ցունամիի պես, տարափ բերեց` տնտեսավարումից մինչ քաղաքական բուրգ, գաղափարական այլափոխումներից մինչ բարոյական… սրբագրումներ: Ու… Ու` դիմանալ էր հարկավոր. մեխանիկականին համազոր ցնցումից մինչ գաղափարախոսական շիլա-շփոթի տեղատարափ… Կոշտ` դրխկալեն հատում-բախումներ եղան. ժամանակի նվազագույն, սահմանափակ միջակայքը չկարողացավ, զորու չեղավ տեղավորելու համարյա տարածական… նորացումները: Մեծ Հայրենականի վերջին դողդոջ մոհիկաններով դեռևս իրեն… երեխա զգացող, բայց արդեն ավագ սերունդն ավանդականի ու բարոյականի իր` բնավ էլ ոչ ամորֆ պատկերացումներին ստիպված էր ինտեգրել գերձայնային արագությամբ խուժած եվրոպական… պիտակներով նոր-նորացումները: Դաժան, իսկապես կոշտ ու հեշտ չներհոսող համադրում էր: Ունեցածի տեղը նորն ամբողջովին տեղավորելուն ո´չ կողմ էին, ո´չ պատրաստ, ո´չ էլ` զորու: Նորը դիֆուզելու համար էլ իրենց` հենքային նյութն էր հաճախ շատ խիտ, «անհյուրընկալ» … Բայց, ուզես թե չուզես, նորն իր արդարացումների հաղթարշավով, ժամանակների ինքնաարդարացում-կնիքով գալու էր: Ու եկավ… Ու իր համար անհապաղ տեղ թափուրել… պահանջեց: Ինքն այցետոմս-այցեքարտով էր` արդիականի… անկյունակնիքով: Ու հակասություն-բախման նմանվողն ընդամենը քաղաքականությունների միջով նա´և անցնող ու… անցած նորի մուտքն էր: Մուտքն էր ու հետն էլ «ավանգարդային»  բառերի մի փունջ` դեմոկրատիա, ժողովրդավարություն, թափանցիկություն, հրապարակայնություն…

Նորը դպրոցից ներս սահեց

Ու այս նորն առաջին հերթին դպրոցի պատերից ներս սահեց: Սահեց ոչ վաղ անցյալի խորհրդային դպրոցից ներս: Դպրոց, որն ինքնին էլ փառավոր ուղի էր անցել ու փառավոր ավանդույթներ ուներ: Մեծ «շկոլա»  էր անկասկած` և թերացումներով: Այնտեղ ու այնժամ էլ աշակերտը… բանտված չէր. նա պիոներ էր, կոմերիտական, սկաուտ, ազատ աշակերտ, բայց նոր օրերի հետ, նոր հանգամանք-իրողությունների թելադրանք-պարտադրանքով եկան «ժողովրդավար ու թափանցիկ դպրոց» , «աշակերտական ինքնավարություն»  և նմանօրինակ ձևակերպումները: Եկան: Եկան ոչ թե էվրիկայի այցեքարտով կամ հեղաշրջման… առաքելությամբ, այլ արևմտյան հանդերձով ու ձևակերպումների առատությամբ: Նոր հռչակագրեր, միջազգային նոր պայմանագիր-համաձայնագրեր, նոր անդամակցությունների փեշերից կախ պարտավորվածություններ… Իրականում ոչ թե գործնական ու իրական նորացումներն էին շատ, հախուռն ու անհաղթահարելի, այլ նոր տերմին-ձևակերպումների հեղեղից կաթվածահարություններ արձանագրվեցին: Այս տիրույթում հայտնված դպրոցն էլ, ողջ կրթահամակարգն էլ մե´րթ պարալիզվեց ասես, մե´րթ կոստան-նստանի պես տարուբերվեց, մե´րթ ինքնաօսլայումով… հառնեց… Բայց որ «պատվաստանյութեր»  շատ ընդունեց (ուզած-չուզած) փաստ էր, ու փաստ էր էլի, որ փորձում է օգտակար-կիրառելին պահելով ու խոտանից ազատվելով` ազգային հենքին ներմիահյուս նորացումներին հնարավորինս անցավ ադապտանալ…

Կանոնադրությունները` ուղեցույցների հստակմամբ

Այս ոչ փոքր ներածական ասե՞մ, մուտքի՞ ասեմ խոսքս հենց այն իրական ֆոնի վրա կիրարկվող գործառույթներից մեկի մասին է, որն իրականացնում է ԳՈՒՄ ՀԿ-ն` իր «Թափանցիկ ու հաշվետու դպրոց»  նախաձեռնության շրջանակներում: Դպրոց, դպրոցական, մանկավարժական, ծնողական խորհուրդներ, դրանց գործունեությունը կանոնակարգող կանոնադրություններ, դրանք մատչելի ու հասանելի դարձնող ուղեցույցներ, կիրարկում-արձանագրումներ, դիտարկումների փաթեթ…

Ոչինչ ասես նոր չէ. նոր են մոտեցումները. ժամանակները հրամայականներ ունեն, և դրանք իրատեսականի ատաղձով են: Ուղղակի մեկ գերխնդիր կա. դրսի… ընդունելին, փորձարկվածը պիտի ճիշտ տեղին ու ժամանակին պրոյեկտել ու ֆոն-հարթությունն անպայման պիտի որ ազգային նկարագրի…կտավը լինի: Չէ՞ որ համամարդկային արժեքները պարտադրանք չեն, դրանք գործընթաց-զարգացում-արդյունք են: Այն մեծ հաշվով` մեծ արձանագրում է… Եվ ողջ կրթահամակարգում էլ… Պարզապես չպիտի երկնչել դինամիկ փոփոխություններից, նոր մոտեցում-փորձարկումներից, չէ՞ որ առավել լավն ու ճիշտը ստանալու համար պիտի համեմատել ու համադրել, պիտի ընտրել, իսկ մինչ այդ պիտի փորձ կուտակել ու արձանագրումներ ունենալ` առավելագույնս խնայելով դպրոցն ու դպրոցի մարդուն` աշակերտից մինչև տնօրեն, մինչ ծնող ու… հասարակարգ…

Ու պիտի ընդունել նոր ժամանակների նոր հրամայականների անխուսափելիությունը` բոլոր գլոբալ երևույթներին համընթաց (չգիտես` ասես` ցավոք, թե` ի ուրախություն մեզ), գլոբալ են նաև նորացումների… արագացումները…

Բայց, կոնկրետ այս պարագայում, որ հետաքրքիր ու ողջունելի է շատ, նախաձեռնության արդյունավետության մասին վկայող փաստարկում-արձանագրումները բազմաթիվ են. ի շնորհիվ ուղեցույցների` կանոնադրությունները (մանկավարժական, ծնողական, աշակերտական) շատ ավելի հեշտ կիրարկելի, դինամիկ ու հասանելի են դարձել:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև