Համաժողովներ – 2009
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ՔՇՊԱԾ) շրջանակներում

Յուրաքանչյուր գործունեության տեսակ ժամանակի որոշակի տիրույթում կարիք և անհրաժեշտություն ունի… ամփոփ ու համակ հետահայացի, ինքնագնահատումի, հանուրի… բազմակոորդինատ քննադատությանը ենթարկվելու, կարծիքները ունկնդրելու, բաղդատել-համեմատել-եզրահանգելու: Իսկ եթե գործունեությունն այդ ծավալվում է քաղաքացիական հասարակության ստեղծման, կայացման ու ամրակայման համատեքստում, եթե գործունեություն ծավալողը ՔՀԿ է, եթե ՔՀԿ-ի շահառուն հենց ինքը… ողջ հանրությունն է, եթե սատար լինողն էլ միջազգային ներկայանալի կառույց-ինստիտուտ է, ապա շատ հստակ, պարտավորեցնող ու մշտական վերահսկմամբ են «քարերը նետելու»  և դրանք «հավաքելու»  ժամանակները: Այո, հաշվետու պիտի լինես և´ քո, և´ շահառուների, և´ ամենատարբեր թիրախ խմբերի, և´ իշխանական սանդղակներում կանգնած մարդկանց, և´ գործընկերների մշտանորոգ խմբի, և´ … դոնորների առաջ: Եվ… խղճիդ առաջ` քո տիրույթում…

Այս առումով լուրջ ասելիք ունեին 4 տարի առաջ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից ՔՇՊԱԾ-ի շրջանակներում հաղթող ճանաչված և Հայաստանի 3 գոտիներում /հյուսիս, հարավ, կենտրոն/ հասարակական լայն գործունեություն իրականացրած 3 կազմակերպություններն էլ` ԳՈՒՄ ՀԿ-ն /Գորիս/, «ՀԿ կենտրոնը»  /Վանաձոր/, ՔԶՔՀՀ-ն /Երևան/:

Տվյալ տարածաշրջանների ՀԿ-ներին ծառայություններ մատուցած այս 3 ՀԿ-ներն էլ վերջերս համաժողովներ կազմակերպեցին` մասնակից-հրավիրյալների լայն սպեկտրով, կազմակերպչական աշխատանքների բազմապլան համակարգմամբ, թեմատիկ ընդգրկուն ներառմամբ:

«Կամք+»  -ի հերթական համարն այս հնարավորինս ամփոփ /տվյալ ՀԿ-ների ներկայացմամբ/ փորձում է պատմել այդ 3 համաժողովների մասին: Ծավալած գործունեության բովանդակային և սեկտորային թվացյալ գերնմանության մեջ անգամ, ինչպես համաժողովում էլ հստակ ուրվագծվեց, նրանցից յուրաքանչյուրն իր հատուկ ձեռագիրն ունի, աշխատանքների կազմակերպման իր ոճը: Եվ` արդյունքներն էլ առնվազն տարբեր… երանգներ ունեն: Համաժողովներն … առավել քան ցանկալի արձագանագրումներ ունեցան: Ամենակարևորը` ՔՀԿ-ն վաղուց արդեն վերացական, հանրությանն անհասկանալի… երևույթ լինելուց վերաճել է քաղաքացիական հասարակության զարգացումների նախանձախնդրի ու ջատագովի, հավատ ներշնչող մոդելի: ՔՀԿ-ն մի քանի մարդկանց փոքրիկ, երերուն, դրամաշնորհի պատրանքից կախ կառույցիկ լինելուց, փորձում է դառնալ ինքն իրեն հարգող, արժանապատիվ ժողովրդավարական կեցվածքով, հստակ ու նպատակամետ քաղաքացիական ինստիտուտ: Ինստիտուտներ, դեպի որոնց արդեն գալիս է ինքը` … Շահառուն, այսինքն` նրա տարածական, քամահրալից վերաբերմունքը աձստիճանաբար դրականորեն վերընձյուղվում է հստակ եզրագծերով… Հավատի: Եվ հետո. հենց իրենք` ՔՀԿ-ների մատույցներում կանգնած մարդիկ խորապես հասկացել են, որ ՔՀԿ-ն իսկապես մի լուրջ Ինստիտուտ է, որը պիտի կամ շատ պատվով ու ջանադրաբար ուսանել ու անցնել կամ պիտի… կողքի քաշվել` չստվերելու համար կառույցի բովանդակային ու բարոյական կուռ ատաղձը` կոչումն ի վերուստ: Եվ` այդպես էլ… կա: Համաժողովներն, իրոք, շատ ասելիք ունեին, շատ են ձեռքբերումները, շատ… չհասցրածի մեղանչումները, բայց արձանագրումները կոնկրետ էին, երևակված, հեռանկար-հորիզոններն էլ` հստակ…Եվ` խնդիրներ շատ…

Եվ որ ՔՀԿ ինստիտուտի անկյունաքարերն արդեն Հայաստանում ամուր ու կայուն են դրված, և որ պատերը բարձրանում են, հավաստում է և այն, որ այսօր արդեն բոլոր տարածաշրջաններում ստեղծվում են: ՔՀԿ-ների ՇՊ Ռեսուրս կենտրոններ` հավաստելու «Մեկ ձեռքը ծափ չի տա»  ասածվածքի ճշմարտացիությունը:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև