Կամավորոթյուն. խանդավառության, նվրիումի մյուս նժարին` որոշակիության ու կայացումի ստույգ հեռանկար

ՀԿ-ները մտահոգ են
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները /ՔՀԿ/, որ որևէ դրամաշնորհային ծրագիր չեն իրականացնում, դադարում են հետաքրքրել կամավորներին էլ: ՀԿ ոլորտի համար այս խնդիրն իրոք առկա է և մտահոգիչ է ոչ միայն նրանց այսօրվա, այլև վաղվա օրվա, նրանց հաստատում – կայացումի համար: Հարցը 2 համատեքստում է. մեկ, որ ՀԿ – ների կենսունակությունը հիմնականում դրամաշնորհային է և մեծ հաշվով` դատապարտված, և` երկրորդ, որ կամավորության ինստիտուտն այս հարցում զարգացումի որևէ տեսանելի շարժ – արձանագրում չունի: Այսօր երիտասարդությանը` չհաշված փոքրաթիվ բացառություններ, կամավորությունը բառացիորեն չի հետաքրքրում, չասենք` հրապուրում: Ինչո՞ւ: Այս մտորումներով կիսվելու առիթը վերջերս, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ իրականացված ինտերակտիվ 2 փոքրիկ բեմադրությունների /»Գորիսի մամուլի ակումբի» նախաձեռնության շրջանակներում/ և նրանցում արծարծված խնդիրների շուրջ ծավալված քննարկմանը ներկա քաղաքի երիտասարդության մտածողության ու տրամադրվածության… բացահայտումն էր:
***
Հանդիպման նպատակը կամավորության խնդրի հետ ուղղակիորեն կապ չուներ: Այն պարզապես առաջացավ գործազրկության թեմայի քննարկումների ժամանակ: Ելույթներից կամ հենց տեղերից ռեպլիկ որպես, հնչում էին.
- Կամավո՜ր. չլելու են, շահագործեն, հետո ասեն` կներե´ք, ձեզ համար աշխատանք չունենք կամ` սպասեք` մի բան կմտածենք:
- Դասընթաց – սեմինարներին մեզ որպես գլխաքանակ կօգտագործեն, իրենց գործը գլուխ կբերեն, հետո մեզ չեն էլ հիշի:
- Մեզ միայն ձրի գործի ժամանակ են հիշում, կիրթ ձևով, քնքուշ ձայնով հրավիրում են, բայց հենց աշխատատեղ է լինում` ասպարեզ են գալիս թեկուզ ապաշնորհ, բայց… զարմիկ – բարեկամները:
- Մի մեծ դարս սերտիֆիկատներ ունեմ, բայց ո՞վ է դրանց բանի տեղ դնողը:
- Էդ սեմինարների վրա ժամանակ ծախսելու փոխարեն, ավելի լավ է մի ֆիրմայի օծանելիք ցրեմ, էլի իմ շամպունի փողը գոնե կվաստակեմ…
Եվ… Եվ նմանօրինակ շատ սրտնեղած… անկեղծացումներ հնչեցին: Բայց և լավատեսներ կային, անգամ` խանդավառ լավատեսներ: Օրինակ` Անին գոհունակությամբ փաստեց, որ այսօր ինքը աշխատանք ունի իր հասարակական կամավոր աշխատանքի արդյունքում: Գայանեն, Լորան էլ, նույն արձանագրմամբ, էլի լավատես էին: Արփինեն էլ իր մի մտահոգություն – զարմանքի մասին բարձրաձայնեց. «Ես ներառական կրթության ոլորտի կամավոր եմ: Ինձ հաճախ են հարցնում. մեջը փո՞ղ կա, որ անում ես»: Նոնան էլ իր կայացումը չէր տեսնում մեր «ճղճիմ» քաղաքում, նրան և իր ընկերներից շատերին կայացումը երևակվում էր առնվազն… երևաններում: Իսկ Բաբիկին, Գորիսը բնավ էլ այդպիսին չի թվում. «Պարտադիր չէ այսօր մեր քաղաքում միայն որպես մանկավարժ, լրագրող կամ տնտեսագետ կայանալ: Կարելի է և´ կոշկակար լինել, և´ վարսահարդար, և թատրոնի մարդ. կարևորն արածդ գործը սիրելն ու որպես մասնագետ պահանջարկված լինելն է»: Ցավալին այն է, որ երիտասարդության ճնշող մեծամասնությունը կա´մ լուռ էր, կա´մ անտարբեր ու հուսահատ արտահայտությամբ` հոգնած: «Մեր հոգնած քաղաքը». սա էլ Անահիտի որակումն էր: Իսկ Շուշանը պատրաստ չէ լրագրող դառնալ, որովհետև այն որպես մասնագիտություն մեր քաղաքում… գնահատված չէ ու ապրուստի հուսալի միջոց չէ բնավ:
Այո´, այսօրվա մեր քաղաքի, քաղաքում իրենց մնալու, աշխատանք գտնելու հարցում լավատեսները քիչ էին…Ինչո՞ւ: Որտե՞ղ փնտրել պատճառը: Որ…

- Որ բոլորը` անկախ նախասիրությունից ու կարողությունից, փորձում են լրացնել իներտ դժգոհողների առանց այն էլ ստվար բանա՞կը:
- Որ գերարագ մեր դարում համակարգչի ու անգլերենի իմացությունը երիտասարդներից շատերին «բոբո» է ներկայանում ու հրաշալի առիթ` իրենց ոչ նպատակամետ ու հետևողական լինելը քողարկելու, աշխատատեղ չլինելը շահարկելու համա՞ր:
- Որ, օրինակ, Գորիսի համալսարանը երբևէ չի ասում` ի վերջո, որտե՞ղ է աշխատանք գտնելու իմ այս ծով…թողարկումը /գուցե նրանցից շատերը մի լավ արհեստով իրենց ու իրենց գերդաստանը կկերակրեի՞ն/: Գուցե կամավորության նկատմամբ անվստահությունն էլ հենց այս` չիմացության, սեփական տեղի ու դիրքի չսևեռման համատեքստո՞ւմ փնտրել: Այո´, ճիշտ չիրազեկված, ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ կողմնորոշմամբ երիտասարդը բնական է, որ չպիտի իրեն…անտեղի վատնել ուզենա: Իհարկե, ճիշտ է և իրողություն է նաև այն, որ «բանիվի» համար «հացիվը»… կենսական նախապայման է…
***
ՀԳ Այս հարցերն անկասկած կկարգավորվեն, ավաղ, տևական ժամանակահատվածում, երբ մեկ սերունդ գոնե, իր մաշկի վրա զգա, որ միջոցները, ժամանակը, նյարդերը, առողջությունն ու հավատը շա՜տ -շա՜տ ափսոս են մի` հաճախ… նիրհելու կոչված դիպլոմի մատաղելու համար: Այդժամ ամենքն իրենց ճիշտ տեղում կլինեն, հուսահատների բանակը կփոքրանա, և հավատի գործակիցն էլ թափ կառնի: Ու կամավորության, հասարակական գործունեության հորիզոնում երիտասարդն իրեն անպայմա´ն կտեսնի: Կշահի հանրությունը: Քաղաքացիական հասարակություն ասվածն էլ միայն նորաոճ արտահայտություն որպես չի հնչի` մարմին, ձև ու բովանդակություն կներառի: Խանդավառության, նվիրումի մյուս նժարին էլ հակակշիռ կլինի` որոշակիության ու կայացումի ստույգ հեռանկարը:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև