«Եթե ՀԿ-ն ծրագիր չի իրականացնում, ուրեմն աշխատակազմ չունի և կամավոր…»

ԳՈՒՄ ՀԿ – ի Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնին /ՇՊՌԿ/ անդամակցող ՀԿ – ների հետ հերթական հանդիպման ժամանակ ծրագրի համակարգող Աննա Ավետիսյանը, խոսելով ՇՊՌԿ – ի ծավալած գործունեության մասին, մասնավորաբար կանգ առավ մտահոգության առիթ մի խնդրի վրա: Նա նշեց, որ ՀԿ – ների ոչ վաղ անցյալի ակտիվությունը վերջին ժամանակներս զգալիորեն տեղի է տվել: Որպես փաստարկելի պատճառ նշելով դրամաշնորհային ծրագրերի համեմատական սակավությունը, նա ցավով նկատեց, որ իներտացել է ՀԿ – ների դրսևորումը, որ ՀԿ -ների անդամներն ու աշխատակազմերը ասպարեզում համարյա չեն երևակվում, որ ԳՈՒՄ ՀԿ – ի, որպես գործընկեր ու ծառայություն մատուցող կազմակերպության կազմակերպած դասընթացներին որոշ ՀԿ – ներ անվճար կազմակերպվող դասընթացների հրավերքներին մասնակից չեն ներկայացնում. «Ոչ վաղ անցյալի ակտիվ ՀԿ – ներից շատերը, որ ժողովրդավարության գործընթացներում ու հանրային քաղաքականության փոփոխության հարցում նշանակալի դերակատարություն ունեին, ասես ընդհատակ են անցել, չկան» : Նա հանդիպմանը ներկա ՀԿ – ների նախագահներին հորդորեց անկեղծ ու կառուցողական քննարկումների միջոցով փորձել օգտակար լինել միմյանց, որոնել ու գտնել պատճառներն ու համատեղ փորձել խնդրի կարգավորման ուղիներ որոնել: Նշվեց, որ ՀԿ – ներն իրենց քաղաքացիական ու հասարակական ճշմարիտ կեցվածքով պիտի կարողանան պահել, վերականգնել իրենց նկատմամբ ոչ միայն հանրության, շահառուների կոնկրետ խմբերի, այլև կամավորների վստահությունը:
«Երբ ՀԿ – ն դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո սկսում է սպասել նոր ծրագրի ու անգործության մատնվելով` ասպարեզից հետ է քաշվում, ապա նույն տրամաբանությամբ էլ նրա նկատմամբ տածվող վստահությունն է հանգում, և կամավորները նրան այլևս լուրջ չեն վերաբերվում» ,- Ա. Ավետիսյանը ՀԿ – ներին հորդորեց` անկախ դրամաշնորհային նախաձեռնություննից էլ կամ դրանք մրցունակ հայտի ձևաչափ տանելու համար, սերտորեն համագործակցել ԳՈՒՄ ՀԿ – ի մասնագետների հետ, օգտվել նրա առաջարկած անվճար խորհրդատվություններից, մատուցած դասընթացներից: Նա հիշեցրեց ինտերնետային կապից, ՇՊՌԿ – ի գրադարանից օգտվելու, «ԿԱՄՔ+»  թերթում նյութեր տպագրելու հնարավորությունների մասին: Զրույց ծավալվեց ՇՊՌԿ – ին անդամակցող ՀԿ -ների կայքի մասին, որտեղ ԳՈՒՄ – ը կունենա անվճար էջ, ուր ՀԿ – ները կարող են պատմել իրենց, իրենց ծավալած գործունեության մասին, հաջողակ պատմություններ ներկայացնել, խոսել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկություններով և այլն: ՇՊՌԿ – ի գործառույթների ու ՀԿ – ների համագործակցության ակտիվացման, կամավորների ներգրավման մեխանիզմների մասին լրջորեն խորհելու, կոնկրետ քայլեր ձեռնարկելու և հարակից այլ խնդիրների շուրջ ծավալված քննարկման ժամանակ հնչած կարծիքները` ստորև:
Ժիրայր Մարտիրոսյան – /  «Գորիսի ստեղծագործողների միություն»  ՀԿ-ի նախագահ/ – Ես չէի ասի, թե ՀԿ – ները դրամաշնորհից դրամաշնորհ են արթնանում: Մենք կոնկրետ, բազմաթիվ մրցույթների ենք արձագանքել, մեր անելիքները նախագծել: Այսինքն` ՀԿ – ն «քնած»  չէ, բայց թե անկեղծ լինեմ` մի կարգին արթուն էլ չէ, ու փաստ է, կարծում եմ` անհերքելի, որ եթե ՀԿ – ն ծրագիր չի իրականացնում, ուրեմն աշխատակազմ էլ չունի, չունի և կամավոր:
Սուսաննա Շահնազարյան – /»Գորիսի մամուլի ակումբ»  ՀԿ – ի նախագահ/ – Կարծում եմ` ժամանակն է և շատ իրատեսական եմ համարում, որ ՀԿ – ները միայնակ գործելու որդեգրած գործելակերպից անցնեն կոալիցիաներով մտահաղացումներ իրականացնելուն: Խոսքս մասնավորաբար վերաբերվում է նաև մեզ` ՇՊՌԿ – ին անդամակցող ՀԿ – ներիս: Եվ հետո, կարծում եմ, պիտի կարողանանք առիթներ ստեղծել դոնորների հետ հանդիպման, մտահաղացումների, կարողությունների ու հնարավորությունների ներկայացման համար:
Արթուր Վարդազարյան – /ԳՈՒՄ ՀԿ – ի շահերի պաշտպանության մասնագետ/ – ՀԿ – ները պիտի համագործակցեն ոչ թե ծրագրեր իրականացնելիս, այլ միշտ և ոչ թե պիտի սպասեն մրցույթային ծրագրերի առաջարկների, այլ համատեղ վեր հանեն խնդիրներ և հետո ներկայանան դոնորներին:
Ա. Տոռոզյանն /ԳՈՒՄ ՀԿ – գործադիր տնօրեն/ ամփոփելով հանդիպումը` մասնավորաբար ասաց. «Այն, որ ՀԿ – ների միչև մրցակցությունն իրոք մեծացել է, փաստ է, փաստ է և այն, որ համաշխարհային ճգնաժամով պայմանավորված` պակասել են ֆոնդերը: Կարծում եմ, որ եթե ՀԿ – ն իրոք քաղաքացիական հասարակության կառույց է, եթե նպատակը հանրային քաղաքականության մեջ դրական տեղաշարժ արձանագրելն է, ապա իր գոյությունն ու գործունեությունը չպիտի միայն դրամաշնորհով պայմանավորի ու հիշի, որ ոչ մի ջանք, ոչ մի սրտացավ ու տեղին արված գործ հենց այնպես չեն կորչում:
Վերջում Ա. Վարդազարյանը ներկա ՀԿ – ներին ներկայացրեց տեղական ու միջազգային կազմակերպությունների հայտարարած մրցույթների առաջարկ – հայտերից` հորդորելով նախապատվություն տալ համագործակցությանը:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև