Պատմվածքի մրցույթ. մրցանակը` «Ուլիսես»

«Դպրոցական» բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների 15-18 տարիքային խմբի աշակերտները: Թեմայի սահմանափակում չկա: Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, 3-18 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ միջավայրում: Սիրելի դպրոցականներ, հատուկ ընդգծվում է, որ սա շարադրությունների մրցույթ չէ: Պետք է գրել պատմվածքներ: Մրցույթը մեկնարկում է մարտի 9-ից: Պատմվածքները բլոգին ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: Մրցույթը կամփոփվի սեպտեմբերին: Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Այն արժե 25 000 դրամ: Գիրքը «Դպրոցական» բլոգի պատմվածքների մրցույթին նվիրել է թարգմանիչը և մակագրել մրցույթի հաղթողին: «Ուլիսեսի» մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ: Լինելու են նաև այլ մրցանակներ. դրանք բոլորը ժամանակակից գրողների գրքեր են. Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան: Կլինեն նաև գրքեր Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական հրատարակությունից, ինչպես նաև արտասահմանյան գրականության ամսագրեր: Լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում: Բոլոր մրցանակակիրները կստանան «Դպրոցական» բլոգի հավաստագիր: Պատմվածքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով:

hetq.am


Կարդացեք նաև