Նվիրատվության հասցեն էր` Գորիս, թիվ 2 միջնակարգ դպրոց

ՀՌԱԿ սոցիալ-տնտեսական ծրագիրը կենսագործվում է

Խորհրդանշական էր գուցե, որ մայիսի 5-ին քաղաքի`  հարուստ ավանդույթներով, ուսման բարձր առաջադիմությամբ կայուն վարկանիշ ունեցող թիվ 2 միջնակարգ դպրոցի տարեգրության մեջ նոր, ցանկալի արձանագրում եղավ.  ՀՌԱԿ փոխատենապետ, «Ազգ» օրաթերթի գործադիր տնօրեն Հարություն Առաքելյանը կուսակցության եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության ծրագրով դպրոցին, որպես նվիրատվություն, հանձնեց չորս Pentium-4 համակարգիչ, տպող սարք, հեռահաղորդակցությունն ու ինտերնետային կապն ապահովող սարքավորումների ամբողջությունը։ «Բարձր տեխնոլոգիաների փոփոխման ու զարգացման արդի տեմպերը հավաստում են, որ այլեւս ուսուցման նախկին մեթոդներով ու միջոցներով անհնար է աշակերտի լայն մտահորիզոնի ու համակողմանի իմացության ապահովումը։ Անկասկած, նույն պայմաններում նա մի քանի քայլ, գումարած հոգեբանական ճնշվածությունը, իրեն հետ է զգալու համակարգչային իմացությամբ իր հասակակցից։ Իսկ մեր օրերում մակարդակների տարբերության կրճատումը բնավ հեշտ գործ չէ։ Այնպես որ, մենք խորապես երախտապարտ ենք ե՛ւ մշտանորոգ հայանպաստ գործունեությամբ ավանդական Ռամկավար Ազատական կուսակցությանը, ե՛ւ Ռուսաստանի հայերի միությանը`  հեռավոր մեր մարզին այսօրինակ ուշադրության արժանացնելու համար», «Ազգի» հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցը։

Նվիրատվության հանձնման արարողությանը մասնակցում էր նույն դպրոցի ոսկե մեդալակիր շրջանավարտ, ՀՊՃՀ-ի Գորիսի կրթահամալիրի տնօրեն, կուսակցության Սյունիքի շրջանակի ատենապետ, կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Յուրա Սաֆարյանը։ Զրույցի ժամանակ նա մասնավորաբար նկատեց. «Ճիշտ է, ժամանակ, տասնամյակներ են անցել, փոփոխվել են կոլեկտիվն ու դպրոցը, բայց միեւնույն է, ողջ կյանքում եզակի քաղցր հիշողություն է մնում քեզ կրթած դպրոցը։ Ես ուրախ եմ ե՛ւ մեր դպրոցի, ե՛ւ ծրագրում ներառված բոլոր դպրոցների համար։ Այսօր համակարգչային իմացությունը հրամայական է։ Հրամայական է եւ ազգային դպրոցի ու համաշխարհային քաղաքակրթության ազգանպաստ ինտեգրումը։ Իսկ այդ գործընթացի ամենաառանցքային գործոնը հեռահաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների մատչելիությունն է`  սկսած դպրոցից»։

"ԱԶԳ" օրաթերթ


Կարդացեք նաև