Գենային գլուխկոտրուկ

կակտուս, մանուշակ, գենՊարզվում է, որ «գեն» ասվածը քեզնից անկախ, իր քեֆին տվածով ելնող-եկող-հառնող իրողություն է… Քեզ չի հարցնում՝ ուզո՞ւմ ես դու ինձ, թե՝ չէ, մնա՞մ զավակիդ մեջ ու ինձ համար բոլ-բոլ տեղ անեմ, խորը-խորը շնչեմ, թե՝ կողքովն անգամ չանցնեմ… Գալիս են գեներ՝ գուցե հարյուրավոր տարիների հեռվից, արյանդ… քունջ ու պուճախներից ու, էլի իրենց քեֆին, փունջ կազմելով՝ դառնում կերպ ու կերպարանք, էություն ու… «խարակտեր». է՛լ վարդ ու կակտուս, է՛լ մանուշակ ու … իշածաղիկ, է՛լ խորդենի ու…Դե՛, տղա ես՝ գլուխ հանիր ու միանշանակ ասա՝ իմն ես ու՝ վերջ…

Ուզես, թե՝ չէ, դա՛ է իրողությունը, ու դու պիտի կարողանաս այդ տարօրինակ սինթեզ-գլուխկոտրուկից գլուխ հանել, քո տիեզերական սերը բերել, դրանց արանքներովը անցկացնել այնպես, որ չհրկիզվես կամ էլեկտրահարվես, կամ՝ գորովանքից չհալվես. սա էլ՝ ցանկությունների տիրույթից…

Մի խոսքով՝ էս ի՞նչ ես դու կյանք, ի՞նչ ռեբուսներ ես առաջադրում ու ի՞նչ հավասարումներ՝ բյուր անհայտներով, որոնք իսկի լուծում էլ չունեն. իրողություն են, ու դու պիտի ասես՝ տե՛ր եմ…

/Էս կակտուսն ու մանուշակը ինձ հլու՝ մնում էին. բայց չիմացա էդպես էլ՝ համատեղելի՞ էին…/…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև