Մի՛ լսեք… խելոքներին

Աստղիկ Գալստյան, Մեծ Հայրենական, ԳորիսԱհագին… խելոքներ խորհուրդ են տալիս դուրս… սկել անցյալից, չծանրացնել մեզ տրված… կարճ կյանքն ու նայել՝ …հառա՜ջ…
Բայց անցյալո՛ւմ են մեր ոգեղեն ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ, որոնց հետ անցկացրած վայելք-ակնթարթներն անգամ մեր ներկայի դոշին ու մեր գալիքի ճակատին… սեպագրելու են մեր ապրածի իմաստը…
Այսօրն ինձ համար վայե՜լք էր. անցյալիս ՏԱՔ գրկում էի…
Այդ ջերմությունը՝ իմ մի ՄԱՍՈՒՆՔԻ ձեռքերի ափերի, աշխարհի հետ երկա՜ր… զրուցած քուլա-քուլա վարսերով… պաշտպանված խորագնա հայացքի, արյունս կոդավորած հավերժ ինքնահղելու է իմ տեսակին. ակս մաքո՛ւր է մնալու…
Ու ես երջանիկ եմ. ես՝ արդե՛ն տատս, նորեն վայելեցի իմ ուսուցչուհու՝ 97-ամյա (սատանի ականջը՝ խուլ) Աստղիկ Գալստյանի՝ ՄԵ՜Ծ ԱՆՀԱՏԻ (մեծ տատի, մայրիկի, քաղաքացու, մանկավարժի, մեծ Հայրենականի մասնակից վետերանի. ինքնատիպ մարդու) մերձությունը…
Եվ՝ ընդամենը… կես դար անց…

Նա միշտ մտապահված է իր ձիգ, հավաք ու անսահման կոկիկ կեցվածքով, անալիտիկ միտք-հայացքով, ուսուցիչների ու աշակերտների հետ հարաբերումի անճիգ կանոնավորությամբ… Նրան ոչ միայն շատ հարգում էին, այլև՝ անսահման սիրում… Նա անդավաճան ՏԵՍԱԿ էր… Եվ՝ է՛. մեր հանդիպումը փաստեց…

Հիշողությանս արտոնումով՝ շատ ինքնատիպ անհատ էր նաև ընկ. Գալստյանի ամուսինը՝ Զաքար Խոջաբաղյանը: Նրան հիշում եմ որպես ձիգ, ատլետիկ կառուցվածքով, շատ խիտ ու թավ հոնքերով մարդու, որն ուներ ներազդելու մեծ օժտվածություն: Նա, էն ժամանակվա լեզվով՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր՝ ֆիզղեկ: Էսօրվա թարմությամբ եմ հիշում  ամեն առավոտ ողջ դպրոցի աշակերտական կոլեկտիվի 15-րոպեանոց «ֆիզզարյադկան». ողջ աշակերտությունը, մեկ մարդու նման, տողանի էր կանգնում Ճել Ավան բիձայի տան ու «յոթնամյակը» (մեր դպրոցը այդպես էր միշտ հիշատակվում) ներսից պարագծող տարածքում: Ականջներումս, ասես, արձագանքվում է նրա «րա՛զ», «դը՛վա», «տրի՛», «չը՛տիր»-ին… Հետո իմացա, որ նրա միտքն էլ շատ մեծ շառավիղ է ունեցել… Նա էլ մի այլ, մի մեծ խոսակցության տիրույթ կարող է դառնալ…

Եվ պատահականության հետ արդեն հե՜չ աղերս չունի այն, որ նրանց սերունդը շարունակում է օրհնյալ ԸՆՁՅՈՒՂՆԵՐՈՎ է՛լ կենսունակ ու բերրի դարձնել ՕՋԱԽԻ հայեցիության, խոհեմության ու բարձր ինտելեկտի ԾԱՌԸ…

Դա մի այլ ըմբոշխնում է՝ քա՜ղցր, կարոտ-թանձրույթի… հովտո՜ւմ..
Մի՛ լսեք… խելոքներին կամ հապաղումների համար պատճառներ մի մոգոնեք. պարզապես վեր կացեք ու գնացեք…
Ժամանակն իր… նոթատետրում մեր որոշումներին սպասելու տող երբեք չի՛ ունենում…
Գնացեք անցյալի… ՃՐԱԳՆԵՐԻ կանչով…
Այնտեղ ձեր ոգու մաքրագործումի քուրան է՝ տա՜ք գորովանքով…
Փա՜ռք քեզ, ՏԵ՛Ր…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև