Խնձորեսկ: «Արիության դաս»: Հերթական՝ 16-րդը…

«Արիության դաս» էր: Հերթական՝ 16-րդը…Լրագրությո՛ւնդ էլ ժամանակի հետ հասունանում և ասելիքիդ միջուկին վերապահում է… առաջին ձայնի իրավունք: Սկսում ես երևույթներին, իրադարձություններին նայել ոչ որպես դեպքերի ու ժամանակների հերթագայության, մարդկանց ու դեմքերի հերթական արարի, այլ՝ որպես խորհուրդի: Օրինակ՝ որտեղի՞ց է սնունդ առնում իսկական ու իրական հայրենասիրության երակը…

Այս մտածումները մտքերս ի մի բերեցին, երբ նստեցի զգացածիս մասին գրելու… Ապրիլի 14-ին Խնձորեսկում էի: Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում: «Արիության դաս» էր: Հերթական՝ 16-րդը… Ասեմ, որ միշտ էլ այս գյուղում ու այս դպրոցում ակնկալել եմ տեսնել մի բնորոշ՝ խնձորեսկյան ինքնություն…

Ածականներից խուսափելով՝ տեղի տամ. դա ապրեցնող սարսուռ էր, դա ընդամենը միջոցառում չէր, դաս չէր… Դա ուղերձ էր, դա խոնարհում էր, դա ապրողաց ապրելու վճռականությունն էր, ու նահատակվածների՝ հառնելու խորհուրդը, նրանց լուսապսակված մշտաներկայությունն էր… Դա ապրելո՛ւ ապրիլն էր… Առանցքում 2016-ի ապրիլի 2-ն էր՝ խնձորեսկյան անկոտրում ոգու ֆոնին…

Բեմում… զինվոր-դպրոցականներն էին, ապրիլյան այդ ծանրագույն օրերի հերոսներն էին, բարձրաստիճան զինվորականներ էին, երկխոսություն-զրույց էր, պատում էր ու վերհուշ, խնկարկում էր ու երդում, պահանջ էր ու հորդոր… Ու՝  ապրելու անհերքելի կամք էր… Խոսք էր, երգ էր, ասմունք էր, խոսուն տեսաֆիլմեր էին, ուղերձներ էին. խոնարհում էր ու երդում… Հիացական ելույթներ էին… Հպարտությունը արագ ցամաքեցնում էր  աչքերիդ… տեղի տալը… Ու մի հարց միանգամից պատասխանով է ծնվում. «Այս դպրոցում հայրենասիրությունը գաղափարից ոգու… միտք է ու ուղեղ, կենսաձև է, աշխարհի հետ առնչվելու կերպ է, զգոնության հրամայական է… Հայրենասիրությունն այստեղ այլևս դպրոցականների արյան ավիշում է, որը սահմաններին դառնում է… աներեր զինվոր»…

Մի հարց էլ… պատասխանով բացվեց. այս գյուղի, այս պատմական ու հաղթական ժողովրդի լինելության կռվանն իրենց արմատներին ամուր կառչած լինելն է, իրենց տոհմածառերի հետ ունեցած խարիսխ-առնչությունն է, ոչինչ ու ոչ ոքի չմոռանալն է… Մի երիցս ամրագրված ճշմարտություն է՛լ ոսկետառվեց. դպրո՛ցն է մեր ազգի լինելության ողնաշարը… Եվ՝ Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան մրջնակարգ դպրոցն էլ՝ այդ թվում: Եվ՝ առաջնագծում… Եվ այս դպրոցում, և ա՛յդ օրն էլ,  չկար տնօրենի, ուսուցիչների ու աշակերտների տարբերակում. բոլորը մեկ էին՝ խնձորեսկցի անհատներ էին՝ մի կուռ ծառի ջիլ ճյուղեր… Ես անուններ չվկայակոչեցի. այդ օրը և միշտ Խնձորեսկում զինվո՛ր են բոլորը… Օրն էլ գարնանային էր, տաք քամին հուշում էր, որ ձմեռներն են… գարուն ծոցվորում…

Լենա Հովսեփյան

Լուսանկարները՝ Անուշ Ավետիսյանի


Կարդացեք նաև