Քո՝ Անո (Ռո՛ւբ ջան, շնորհավոր)

Ռուբեն Հովսեփյան ԳորիսԱսյա մայրիկս, որ միշտ … միգրանտ որդիների կարոտ ուներ դադրած շալակին, նրանց ծննդյան օրերին զանգում էր ճի՛շտ կեսգիշերին. ժամապահն էլ Ժորա հայրիկս էր… Ռուսաստաններում դեռ ծննդից մեկ ժամ պակասում էր… Բայց նա ասում էր՝ նրանց տարիքը հայաստանյան ժամանակով է չափվում… Հիմա մայրիկի աթոռին մոտ ես եմ… Ես էլ եմ նրա մտածածով մտածում… Հիմա, Ռո՛ւբ ջան, շնորհավոր ծննդյանդ օրը… Մեր օրերի մարդիկը կասեն՝ գոլդ տարեթիվ է, իսկ ես՝ սովետական պիոներ-կոմերիտականս, նաև՝ կոմունիստականով անցնել հասցրածս, կասեմ՝ շնորհավոր գերազանցիկ ծնունդդ՝ 55-ամյակդ… Երևի դու էլ չգիտես, թե ինչ մի կարգին գործ ես արել, որ… որոշել ես իմ, մեր եղբայրը, ծնողներիս ավագ որդին դառնալ…

Դու մեր մաքրաջուրն ես՝ հոգու ու կամեցողության, անդավի ու մեծահոգության, մի ա՜յլ իմացության… Դու մեր Ուբոն ես, Ռուբոն ես, Ռուբենն ես… Ես ո՞նց ասեմ՝ ես քեզ սիրում եմ՝ ընդամենը, դու էս Երկիր մոլորակի իմ ամենամեծ թուլությունն ես… Հիմա որ ասեմ, ասելու են՝ էլի՛ ասեց՝ տարածության….. Բայց միշտ էլ ասել եմ, մենք շոշափելիորեն զգում ենք իրար…

Ու ես, մենք՝ Լիդան ու Մարատն էլ, հիմա կողքիդ եք՝ վընդըծոցի թեգնը տված, զավզագություն անելիս…

Շնորհավո՜ր…

Տարիքը թվագրություն է, ասել եմ, ոգու մազերն էլ հո չե՜ն սպիտակում…

Մռութդ պաչեցի…

Քո՝ Անո

ՀԳ

Էն առաջին նկարով էլ գանք Մռավյան, իսկ այստեղ միշտ տաք է՝ ՄԵ՜ՆՔ ենք…

Էստեղ են ասել՝ «Նայելով նկարներին՝ գտեք… ո՛չ մի տարբերություն»…


Կարդացեք նաև