Խելոքներ, խենթեր, էշի քուռակներ…

գլուխ, աղմուկԵրբ մի պահ ուզում ես ուսերիցդ, բկիցդ, կողաճաղերիցդ, հոգուդ խզակոթից հանել աշխարհի աքցաններն ու մտածել, թե, ի վերջո, ի՞նչ է էս կյանք ասվածը, սկի՞զբն է վերջ, թե՞ վերջը՝ սկիզբ, ո՞րն է, ի վերջո, սերունդներ էստաֆետելու … դասամիջոցներին քո պարապ ընթացքի իմաստը, խճճվում կամ էնքա՜ն՝ ամեոբային պարզ ես երևակվում, որ սկսում ես ձանձրանալու չափ խենթանալ…

Պատերազմ, սահման, մատղաշ տղեկներ, ցուրտ, ենիչերի, տագնապ, աղոթք, ծառս լինել…

Կախ որովայներ, ճարպոտ կզակներ, աշխարհի աորտայի մեջ ղարխ եղած տզրուկներ, աշխարհի՝ նրանց ծծած արյան չափի չարխիվացում, խելոքներ, խենթեր, էշի քուռակներ, ամեն-ամեն ինչ ու արարած…

Եվ՝ նաև դու՝ սեռը մոռացած զարմանքդ գրպանումդ դրած՝ աշխարհին մտիկ անելիս…

Եվ քո վիժած հավատները, և՝ դրանցով ուրիշների հյուսած պսակները, և քո՝ այլևս նկար դարձած քամահրանքը…

Եվ ժամացույցի՝  հե՜չ՝ էն… բանին չդրած անհոգի տկտկոցը…

Եվ քո միակ ճիշտ աքսիոմը. կյանքը՝ մինչ ծնողներ, և՝ նրանցից հետո…

Եվ՝ քո՝ ներս գոռոցիցդ չպայթած թոքիդ մուննաթը…

Կանգ առնեմ, առիթմիկ սիրտս ասում է՝ իմ մեղքը ո՞րն է…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև