17, 117, 1017, 2017… Թվեր են: Սո՛սկ…

աքաղաղի տարի, 2017Մինչ հաջորդ… տոնածառ մնացած օրերից պակասեց ինը օր… 2016-ն արդեն գնաց հավասարվեց 1000 տարվա արխիվականներին՝ մեր կեծ-կեծ սահմաններից մինչ մեր տուն ու օջախներ թողնելով հոգոցներ ու հիացումներ, մտաբեկություններ ու ծնունդներ…

Ու՝ փա՜ռք ՏԻՐՈՋԸ…

2017-ն էլ կսուրա, կգնա, մենք էլ՝ նրա հետ:

Նախաամանորին հույսերն ու երզանքները գույներ են  ունենում, համ են ունենում, դեմք ու դիմագիծ են ունենում…

Միշտ հավատում ես՝ հենց կեսգիշերային ղողանջների հետ նրանք թևելով կգան, կշուլալվեն քեզ, կապրեցնեն, չորն ու թացն առանձին դարակներ կտանեն, դու կտեսնես, կզգաս, թե որքան… իրեղեն են սպասումներդ…

Բայց 2017-ն էլ համեստ, իրավարի՝ սթրեսներով ու հրավառություններով եկավ, ինքն իր ճամփան շարունակում է…

Ու էլի… հանկարծ հասկացար, որ ամենաիրական Նոր տարին քո՛ ներսում է. հաշվանքի մեկնարկն այնտեղ պիտի սևեռել…

Թե չէ՝ 17, 117, 1017, 2017- թվագրումներ են…

Սո՛սկ…

Սկսենք էլի՛ մեզնից…

Հավատանք մեր ներսի՝ մեր ձեռամբ գրվող… օրացույցին. ամեն օրվա գրպանիկում մեզնից մաս դնենք…

Դնենք, որ հետո օրերի աչքերին նայելուց՝ հայացքներս չփախցնենք…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև