Ճամփաները չեն մեռնում

արձակ, պատմվածք, Լենա, Գորիս

-Պա՛պ, ա՛յ պապ, ճամփաները մեռնո՞ւմ են:

-Ի՞նչը, ճամփանե՞րը…Չէ՛, բալա՛ս, ճամփաները չեն մեռնում:

-Բա ինչի՞ էիր ասում, թե տերևները կմեռնեն:

-Ախր,  Արմա՛ն ջան, ինչը մեռնելու է`մեռնում է, ինչը՝ մնալու՝ մնում,-ասաց  Թևանը՝ ճամփեզրի չեչ քարը լայն բացված ոտքերի արանքն առնելով:

Հոնի սմքած պտուղներով մի ճյուղ չանկռեց Թևանի արևահար վիզը;

-Է՜հ, անտե՛ր, դու էլ՝ տիրոջդ պես մունդառ  դուրս եկար: Ողորմած Սաքին էլ էր էդպես… Է՜հ, ի՞նչ ողորմած՝ անպե՛տք մարդ էր:

-Ի՞նչ, պա՛պ, բա ասում էիր ծառերը չար չեն լինում,-ոսկեգույն հոնքերը գիծ անելով ու բարալիկ մատներով ափում մի քանի կուչ եկած մոշ պապին մեկնելով՝ ասաց Արմանը:

-Հը՞, հա՛…Բան էր էլի՛, ասացի: Վա՜յ, ե՞ս կերա, ա՛ դու կեր է՛, բալա՛ս, ես շա՜տ եմ կերել…

***

Այգիների մեջ թաղված ձորը մնացել էր ներքևում:

Աշունն ասես ոստոստելով անցել էր ձորով՝ փեշերից ոսկեփոշի շաղ տալով:

Վերջալույսի մեղմ շողերի մեջ փափկորեն թաղված ձորը շնչում էր, խլվլում, շիկնում…

Թևանը թևի տակն առավ իր կողքին նստած, չգիտես ինչից լռած Արմանին, նստեցրեց չոքերին, ծնոտը հենեց նրա գլխին, վայելեց խարտյաշ, գանգուր մազերի…մտերմությունը, ճաքճքած ափի մեջ առավ նրա մատղաշ մատներն ու երանությամբ փակեց աչքերը…

***

…Լալան էր՝ պղնձե կուժն ուսած, հաստ ծամը՝ լանջին ձգած, լուրթ աչքերում՝ չպարտակած կանչ, չթե պտավոր շորի փեշը` մի՜ փոքր վեր թռած…

Թևանն ակամա ձեռքն էլ հենեց դողացող ծնոտին: Թիկունքից՝ ողնաշարով մինչ ականջներ, մինչ սիրտ, մի սարսուռ խփեց-անցավ…Արմանը մեջքով…թիկունք եղավ պապին…

Վերջալույսից շիկնած ձորի պռնկից գոլ քամին թևին շշուկ բերեց: Լալան էր. «Թևա՜ն, ա՛յ Թևա՜ն, ես քեզ համար արու զավակ կծնեմ, անո՜ւնը…Անո՜ւնը…Անո՜ւնը…»: «Ի՞նչ, Լալա՛, ի՞նչ»: «Արմա՜ն, Թևա՛ն, Արմա՜ն»…

Քամին, որ թևին շրշյուն էր բերել, նորից թևին առավ ու տարավ…

***

-Պապի՛, ա՛յ պապ, է՜, քնեցի՛ր,-ազատ ափով պապի այտին թկթկացնելով՝ ասաց Արմանը:

Թևանը բացեց աչքերը, ասես, հեռու-հեռվից նայեց-տեսավ Արմանին, գլուխը համբուրեց.

-Քնած չեմ, Արմա՛ն, մտքերս ինձ վերցրին-տարա՜ն…

Արմանը, կկոցած աչքերով, ուշադիր նայելով պապի դեմքին, ասես, փորձեց հասկանալ պապին՝ տանել-բերելը…

-Պապի՛, չգնա՞նք, հիմի այծերը եկած կլինեն,-պապի կոշտ չոքերին իր դիրքը հարմարեցնելով, ասաց Արմանը:

-Հա՛, բալա՛ս, գնանք;

Բայց Թևանը կրկին նստած մնաց:

Արմանին պապի չոքերն է՛լ կոշտ չթվացին…

Արմանի գանգուրների երանությունով նա էլի…այնտեղ էր…

***

…Այնտեղ մի արնոտ այգի էր:

Այգու վարի անկյունում, ծեր ու չոփացած չափարների միջից, անմեղ-անմեղ բուսած մի ծաղկած բալենի էր՝ դառնանուշ բուրող:

Մեղմ հովիկ էր, բայց հովիկը ցավի շրշյունից…ճապաղած էր:

Բալենու տակ դալուկ մի աղջիկ էր՝ բաց, լուրթ աչքերում մի սառած երկինք պահած: Բալենին երկնի հղածն էր՝ ծաղկեպսակ էր…

Դառնանուշ բուրող պսակ էր, հողի հետ զրուցող էր, ցավը՝ թերթիկների հետ, հովիկին  պահ տված էր…

***

Արմանը բացեց պապի՝ իր դոշին  փարված ձեռքերն ու իր տաք մատներով պապի մատների վրայով…փափուկ սահեց…

Գլուխը պապին հարմար պահեց…

***

Իսկ Թևանն այնտեղ էր…

Գյուղը թարմ շիրիմներից խեղվել-խենթացել-պապանձվել էր:

Գյուղով սարսափ էր անցել, արյուն էր հեղվել, Լալային էլ, իր` դեռ չերկնած Արմանին էլ, տեր ու պսակ էր կարգված ծաղկած բալենին…

***

Արևը մի վերջին խտուտով Թևանին էլ չմոռացավ ու ցած սահեց…

-Արմա՜ն, ա՛յ Արմա՛ն, վե՜ր, վե՛ր գնանք է՜…

Թույլ ժպտաց Ամանը, բարձրացրեց ձախ հոնքը, պապի առջևից վերցրեց փոքրիկ կապոցն ու, ձեռքի չոր չոփով ճամփամիջով հոսող ջրի հետ խաղալով, առաջ ընկավ:

Անարև, որբ մնացած օրը Թևանի աչքին տխուր ու սփրթնած թվաց: Նայում էր Թևանն իր բարալիկ, գանգուր մազափունջը լայն ճակատին թոռանն ու մտմտում. «Փա՜ռք շատ, ՏԵ՛Ր»….

Ձորից բարձրացող ճամփի վերևում, դեպ ձորը կախված, մի մեծ քար կար: Քարին նստել էր ցանցառ Սեթոն՝ հատ-հատ, անգույն մազերը խռիվ, դեմքին անեզր մի խաղաղություն…

-Բարի իրկուն, Սեթո՛ ջան,-փաղաքուշ ձայնով ասաց Թևանն ու գրպանից մի մեծ, կարմիր խնձոր հանելով՝ մեկնեց նրան:

Սեթոն մի պահ դադարեց ծամել, խնձորը փութով խցկեց գույները վաղուց մոռացած, իրենից մի քանի չափս մեծ վերարկուի անտակ գրպանը, խոշոր, անփայլ աչքերով չափեց Թևանի երկար ու ճոճուն հասակը, կրկին սկսեց ծամել, հետո նայեց Արմանին, ձեռքի հացից մի կտոր մեկնեց նրան:

Արմանը լուռ օրորեց գլուխն ու ամուր սեղմեց պապի ձեռքը…

***

Եվ Թևանը  հիշեց…

Մեծ էր Քնարը, բայց նրա մասին չէին ասում, թե տանը մնացած է. որբ մնացած երեխեք էր մեծացրել: Թևանն էլ ճերմակին տվող քունքերով էր…

…Հետո, առավոտ շուտ, Թևանի բակը մաքուր էր՝ խալ-խալ ջուր շաղ տված, սփռոցը՝ ճերմակ-ճերմակ, վաղուց խամրած կարպետը՝ մաքուր, անփոշի…

Հետո Քնարն էլ…

Բայց նա Լալայի պես չասաց՝ Թևա՜ն, ա՜յ Թևան, ես քեզ համար…

Միայն մի օր, երբ Թևանը ուշ ձորից բարձրացավ և տանը, գլուխը կախ, լուռ, ափսեից  հանում էր կաթնումածունի բրդուճները, Քնարը, խաղալով սփռոցի իր գործած ծոպերի հետ, կամացուկ ասաց.

-Թևա՛ն, ա՛յ Թևան…

-Հը՞:

-Ես իմ է՜, ասում եմ բա ամոթ չի լինի, որ…

-Ի՞նչը, ի՞նչը, Քնա՛ր,-ասաց Թևանը, անթարթ նայեց Քնարի խոնարհած, շառագունած դեմքին, ձեռքից բաց թողեց փայտե գդալը, վեր ցատկեց տեղից ու, ամուր բռնելով Քնարի փոքրիկ ուսերից, մոտեցրեց իրեն, համբուրեց ճակատն ու սկսեց երեխայի պես լաց լինել:

Քնարը դուրս փախավ տնից…

***

-Պա՛պ, ա՛յ պապ, դու քանի՞ տարեկան ես, պա՛պ, ա՛յ պապ, դո՞ւ ես մեծ, թե՞ գյուղը:

Հարցը Թևանին չհասավ…

***

…Մի օր հոգնած բարձրացավ ձորից, կանգնեց Սեթոյի քարի մոտ, վեր նայեց և տեսավ որ գյուղում, մենավոր ակացիայի տակ ծվարած իր տանը արագ ելումուտ կա:

Կանայք էին…

…Մի երկու օր ուշքի չեկավ Քնարը, հետո էլ, մի իրիկնաժամի բացեց անհասցե աչքերը, կարծես տեսավ իր գլխավերևում կանգնած Թևանին ու սկսեց ահասարսուռ ձենով…քրքջալ…

Ոչինչ չօգնեց նրան. վախն էլ վերցրին, սպանվածի գերեզմանից էլ ջուր խմեցրին, կարմիր հալավ էլ հագցրին, տերտերն եկավ՝ խունկ էլ վառեցին…

Ոչինչ չօգնեց. մի գլուխ ծիծաղում էր, բայց աչքերից արցունք էր հոսում…

Աչքահանիք դարձած Քնարը երկար չչարչարվեց…

Լալայի արդեն մամռակալոց գերեզմանաքարի մոտ մի նոր շիրիմ հայտնվեց, իսկ Նանարին մեծացնելուն, քրոջ հետ, օգնեցին դրկից կանայք…

***

-Պա՛պ, ա՛յ պապ, դու քանի՞ տարեկան ես,-անպատասխան մնացած հարցը կրկնեց Արմանը:

-Ութսո՛ւն, բալա՛ս:

-Ե՞ս էլ ութսուն տարեկանում թոռնիկ կունենամ:

-Չէ՛, բալա՛ս, դու շուտ, շա՛տ շուտ կունենաս:

***

Երբ պապ ու թոռ գյուղ մտան, գյուղն արդեն հավաքել էր փեշերը, սսկվել: Մենակ ծղրիդներն էին իրենց չպրծնող ասելիքին…

…Թևանը փրփուր կաթով լի փարչը ձեռքին, Արմանի հետ, քարե աստիճաններով  պատշգամբ բարձրացավ:

Լույսը չվառեց Թևանը. թաղը լուսավորող մի լույս հենց բակի թթենու հարևանությամբ էր, որից էլ` ծառի մեծացած տերևների ստվերները խաղում էին հենց պատշգամբում:

Երկու ափսե դրեց սեղանին, կամոդի վրայի հացի չոր ծալքից լավաշ հանեց, մի պտուկ մածուն ու, ֆիկուսի հովին, ջրի միջից՝ առավոտվա կաթից:

Հետո պապ ու թոռ սկսեցին մանրացնել լավաշը, հետո մածուն լցրեցին, իրար խառնեցին, հետո՝ կաթ, ու, լավ իրար խառնելուց հետո, սկսեցին ուտել…

-Պա՛պ, շաքար չունե՞նք,-պապին նայելով ասաց Արմանը;

-Դե՛, ասա էլի՛, բալա՛ս, էլի՛ մոռացա,-ասաց Թևանը, վեր կացավ տեղից, կամոդի դարակից մի երկու կտոր շաքար հանեց, դրեց մի փոքր ափսեում, վրեն քիչ ջուր լցրեց, գդալով մի քիչ տրորեց ու լցրեց Արմանի ափսեն:

Արմանը բրդուճը էդպես էր սիրում ու սիրում էր, որ շաքարի կտորները ջրում շատ չլուծվեն ու ուտելիս ինքը զգա շաքարը…

-Պա՛պ, էս ի՞նչն է էսպես անդադար երգում,-հարցրեց Արմանը:

-Ճիճին է, բալա՛ս…

-Ո՞նց չի հոգնում, չէ՞…

-Խի պիտի հոգնի, բնությունն էլ դրան հենց դրա համար է ստեղծել…

-Պա՛պ, ա՛յ պապ, բա մեզ ինչի՞ համար է ստեղծել:

-Ա՛յ, Արմա՛ն, Արմա՛ն, էնպես հարցեր կտաս ո՜ր…

-Թևա՜ն, ա՜յ Թևա՛ն:

-Գալուստ ամին է, պապի՛,-թախտի վրա կանգնելով ու բակի կողմը նայելով, ասաց Արմանը:

-Ա՛յ տղա, բարձրացիր էլի՛, ի՞նչ ես կանգնել:

-Չէ՛, Թևան ախպեր, էգուց կգամ, մի բոլ կզրուցենք:-Նանարն էր, զանգեց, դուք տանը չէիք: Եկել են արդեն ծովից, ասաց՝ երկու օրից հետո կգան Արմանին տանելու: Բարի գիշեր, գնամ մի քիչ հանգստանամ, դաշտիցն եմ գալիս…

Արմանի վրա, ասես, սառը ջուր լցրին: Թևանը լուռ նայեց Արմանին, մի ծուռ ժպիտ էլ նրա դեմքին թիկնեց…

-Բայց, մե՛կ է, ես էլի կգամ, չէ՞, պա՛պ, կգա՞մ, չէ՞,-արագ-արագ ասաց Արմանն ու տաբուրետկան մոտ քաշեց պապին…Ձմռանը դու էլ կգաս, չէ՞…

-Իհարկե, բալա՛ս, անպայման կգաս, մենք դեռ այնքա՜ն գործ ունենք միասին անելու…Ես էլ կգամ…

Արմանը այտը հենեց պապի այտին…

Լուսին էլ, նրանց նայելով, մտածում էր:

Թևանի դեմքի ակոսը Արմանի խռովքով թրջվեց…

***

…Մի քանի օր անց, Թևանը կրկին մենակ էր;

Ներքևում, ձորի այգիներում աշխատանքներն արդեն ավարտվել էին:

Այգիներում լռություն էր:

Ինչպես միշտ, առավոտ կանուխ, Թևանը վեր կացավ, նստեց պատշգամբում, ծխամորճով զրուցեց աշխարհի հետ, իջավ բակ, վերցրեց փոցխը, դրեց ուսին ու քայլեց դեպ հենց իր տան հետևից ձգվող բլրի քարքարոտ փեշը…

-Ի՞նչ բանի ես, Թևա՛ն ախպեր, էլի՝ գո՞րծ,-հարցրեց հարևան, գյուղի միակ խանութի խանութպան կաղ Գալոն:

-Հիմա էլ արդեն ջուրը կա, ասեմ՝ կամաց-կամաց էս հողը քարերից մաքրեմ, պատրաստեմ, գարնանը նոր այգի գցեմ…

Կաղ Գալոն, բարակ շուրթերը պուստիկ անելով, շեղ ժպտաց, ուսերը թոթովեց ու, էլ առանց բառ ասելու, հեռացավ:

…Քրտինք կաթաց Թևանի՝ գետնից բաձրացրած հենց առաջին որձաքարի վրա:

Քարը հնազանդվեց…

Լենա Հովսեփյան

1980 թ., աշուն


Կարդացեք նաև